Տառի արժեքը

Տառի արժեքը

Խոստովանենք, որ մեզնից շատերն անտարբերություն են դրսեւորում լեզվի հարցում։ Ի՞նչ կա որ, ասում են, աշխարհը շուռ չի գա, եթե Ա-ի փոխարեն Բ գրվի։ Իսկապես, ո՞վ է լուրջ բանի տեղ դնում խոսքին, ասում են` «հիցուն», է, թող ասեն, միեւնույն է՝ դրանից թիվը չի փոխվի, ասում են` «բալանի»․ թքած, ինչ է՝ դուռը  չի՞  բացվելու։ Երբեմն լսում ես` «համբյուր»․․․ Բայց մի հատիկ տառը եթե ոչ աշխարհը, ապա գոնե նախադասության իմաստն ու բովանդակությունը կարող է լրիվ շուռ տալ։ Դեռ ավելին՝ երբեմն ճակատագրական դեր խաղալ նրանց կյանքում, ում  անունը լրագրող է։ Օրինակ, մի միջադեպ պատմեմ․ երկրի առաջին դեմքերի մասնակցությամբ ճաշկերույթի առթիվ ստացված պաշտոնական նյութում տպարանի գրաշարը «ուրիշներ» բառը տողադարձել էր եւ մեկ «շ»-ի փոխարեն շարել էր երկուսը։ Թերթի ո՛չ խմբագիրը, ո՛չ հերթապահը, ո՛չ էլ սրբագրիչն այդ «նենգափոխությունը» չէին բացահայտել։ Եվ, ահա, հաջորդ օրը  հազարավոր ընթերցողներ կարդացել էին․  «Կառավարության  ճաշկերույթին  ներկա էին  Խրուշչովը, Բրեժնեւը, Գրոմիկոն, Սուսլովը եւ ուրիշ շներ»։ Նման հանդգնությունն այն տարիներին, ինչ խոսք, մեղավորներին կարող էր տեւական աքսորի ուղարկել, սակայն ես տեղյակ չեմ, թե ինչ շարունակություն ունեցավ։

Բայց որ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի խմբագիրը տուժեց, փաստ է։ Դե, ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս կարելի էր նրան «մշտական հանգստի» չուղարկել, երբ (մոտ կես դար առաջ էր) թերթի ճակատին իր մշտական տեղն ունեցող «Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք» մարքսիստական նշանաբանի առաջին բառում «ր» եւ «լ» տառերը բարեկամաբար միմյանց էին զիջել տեղերը, արդյունքում մի խայտառակ բան էր ստացվել։ Նման «բառախաղեր» գրանցվեցին նաեւ այլ թերթերում։ Կարծեմ, Իջեւանի շրջանային թերթում մի անգամ «ղ» տառը շփոթել էին «ք»-ի հետ, երբ ծխախոտաթուփ հավաքող առաջավոր կոլտնտեսուհիներից մեկի մասին գրել էին, որ նա օրական քա...ում է 15 կիլոգրամ։

Այո, մեկ տառը զորեղ ուժ ունի եւ կարող է ցանկացած պատկեր լրիվ շուռ տված ներկայացնել։ Եվ ոչ Հայաստանում, Միացյալ Նահանգներում անգամ, որտեղ ժամանակին մի քանի տարի ապրել եմ, թերթերում տպագրվող գովազդներում ծիծաղաշարժ հայտարարություններ էին լինում․ «Վաճառվում է խանութ՝ իր հաճախորդներով», կամ՝ «Ձրի շաքարի ստուգման» կամ «Ձրի հղիության ստուգման» հրավերներ։ Գլենդելի մեր տարեց հայրենակիցներն էլ զարմանում էին․ եթե կան էժան գնով վաճառվող «ականջի լսողության սարքեր», գուցե ոտքի լսողության սարքե՞ր էլ կան։ Բոլոր այս անհեթեթություններն ինձ հիշեցնում են մի շատ տարածված արտահայտություն․ «Հայհոյանքներից զուրկ ռուսերենը վերածվում է զեկույցի»։ Մտածում եմ` մի՞թե սա ինչ-որ առումով վերաբերում է նաեւ հայերենին։ Աստված մի արասցե։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ