Ատեստավորման արդյունքում ուսուցիչների 5 տոկոսի աշխատավարձը կբարձրանա

Ատեստավորման արդյունքում ուսուցիչների 5 տոկոսի աշխատավարձը կբարձրանա

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի արդյունքները: Նախարարը տեղեկացրել է, որ, ըստ կամավոր ատեստավորման, այս տարվա ծրագրի գործընթացին կարող էր մասնակցել շուրջ 29 հազար 441 ուսուցիչ (5-12-րդ դասարանների բոլոր առարկայական ուսուցիչները): Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ էր ներկայացրել 3 հազար 886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը), որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2 հազար 300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: Նախորդ տարի հնարավոր շահառուների ընդհանուր թիվը 15 հազար 417 էր, որոնցից գրանցվել էր շուրջ 9 տոկոսը: 

2022 թվականի արդյունքներով՝ կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է մասնակիցների 2/3-ը՝ 66 տոկոսը, սակայն ֆինանսական ավելացումներ ստանալու է 1059 ուսուցիչ՝
30 %-ի չափով հավելավճար՝ 525 ուսուցիչ (մասնակիցների 23 %-ը)
40 %-ի չափով՝ 397 (մասնակիցների 17 %-ը)
50 %-ի չափով՝ 137 ուսուցիչ (մասնակիցների 6 %-ը):

Ինչպես հայտնի է՝ ֆինանսական հատկացումներ ստանում են ատեստավորման 70 եւ ավելի տոկոսը հաղթահարած ուսուցիչները: Նշենք նաեւ, որ ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափն ավելի վաղ սահմանվել է 200 հազար դրամ, որին գումարվում է հավելավճարը:

Նախարար Վահրամ Դումանյանը նաեւ հայտնել է, որ, 2023 թվականից սկսած, ատեստավորման գործընթացն անցկացվելու է նաեւ 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների եւ դասվարների համար։

Մնում է արձանագրել, որ 1059 ուսուցիչները, ովքեր պետք է ֆինանսական ավելացումներ ստանան, 32 հազարանոց ուսուցչական համայնքի 10 տոկոսն էլ չեն կազմում։ Կամավոր ատեստավորման արդյունավետությունն ու պետության որդեգրած քաղաքականությունը, ուսուցիչներին խրախուսելու հարցում, արժե հենց այս համապատկերում դիտարկել։