Ինչ «մեսիջ» է մեզ փոխանցում Ռիշի Սունակի՝ վարչապետ դառնալը

Ինչ «մեսիջ» է մեզ փոխանցում Ռիշի Սունակի՝ վարչապետ դառնալը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության նորանշանակ վարչապետ Ռիշի Սունակին՝ վարչապետի եւ բրիտանական Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնները ստանձնելու առիթով։ Փաշինյանն իր լավագույն ցանկություններն ու ամենաջերմ մաղթանքներն է հղել վարչապետ Սունակին, ով ընդամենը հաշված օրեր առաջ է ստանձնել բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնը՝ դառնալով հնդկական ծագումով առաջին վարչապետը բրիտանական պատմության մեջ։ Նա, ի դեպ, զբաղեցրել է բրիտանական ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նրան անվանում են «Յորքշիրյան հովիտների մահարաջա» եւ համարում բրիտանական ամենաարիստոկրատ կեցվածքն ունեցող եւ ճաշակով հագնվող վարչապետներից մեկը։

Ծագումով հնդիկ Ռիշի Սունակը բրիտանացի 200 ամենահարուստ մարդկանցից է, եւ կարելի է նրան համարել համաշխարհային առումով հաջողության պատմության հերոս։ Հնդկական ծագում ունեցող նրա ընտանիքը եղել է ներգաղթյալ։ Մեծ մայրը զարդերն է վաճառել, ըստ միջազգային մամուլում տեղ գտած հրապարակումների, որպեսզի Սունակների ընտանիքը կարողանա հասնել Մեծ Բրիտանիա։ Ու ահա այսօր այդ ընտանիքի ներկայացուցիչը ղեկավարելու է մի պետություն, որն ունի պետականության եւ քաղաքական համակարգի ամենախոր արմատները, կայացած դեմոկրատիա, հզոր տնտեսություն, միջուկային զինանոց, ՄԱԿ-ի ԱԽ-ում մշտական անդամություն՝ «վետո»-ի իրավունքով, կայուն ավանդույթներ եւ այլն, եւ այլն։ Ի դեպ, երեկ հայտնի է դարձել, որ վարչապետ Սունակը բրիտանական վարչապետների նստավայրում տոնել է հնդուիստական կրոնական տոներից մեկը։ 

Այս ամենը, իհարկե, շատ հետաքրքիր է։ Սակայն գանք Հայաստան։ Հայաստանյան իրականությունում մենք այսօր ունենք պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլ Փաշինյանի կերպարը՝ որպես երկրի ղեկավարի, որին ոչ մի կերպ չի ստացվում «տեղից շարժել» կամ «տուն ուղարկել»։ Եվ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ վարչապետի հարմար թեկնածու չկա, ըստ մեր հայրենակիցներին՝ «ո՞վ, եթե ոչ Նիկոլը» ամենաշատ տրվող հարցն է մեր ժամանակներում։ Մինչդեռ բրիտանացիները հարկային բարեփոխումների հետ կապված մի փոքրիկ ձախողման համար շատ թեթեւորեն ու արագ Լիզ Թրասին հանեցին պաշտոնից եւ այդ պաշտոնը վստահեցին մեկին, ում մասին դեռ շաբաթներ առաջ գուցե քչերը գիտեին։ Եվ, ուրեմն, ո՞րն է պատճառը, որ բրիտանացիները կարողանում են նման «թեթեւությամբ» հարցեր լուծել, իսկ մենք՝ ոչ։ Չի բացառվում, որ շատերն ասեն, թե խնդիրն ազգային մենթալիտետների տարբերությունների մեջ է։ 
Բրիտանացիները, ի տարբերություն մեզ, ավելի սառնասիրտ են, պրագմատիկ, հաշվենկատ, զուրկ հայկական էմոցիոնալությունից ու սենտիմենտալությունից։ Գուցե դեր է խաղում նաեւ այն, որ դարեր շարունակ նրանք ունեցել են կայուն պետականություն, քաղաքական համակարգ, պետական-քաղաքական բյուրեղացած ավանդույթներ, կայացած պետական-քաղաքական վերնախավ եւ այլն։ Ի վերջո, այսօրվա Մեծ Բրիտանիան Բրիտանական կայսրության ժառանգորդն է, որի մասին ասում էին, որ «Բրիտանական կայսրությունում արեւը երբեք մայր չի մտնում»։ 

Գուցե դեր է խաղում այն, որ գործ ունենք դասական եվրոպական երկրի հետ։ Ի վերջո, մենք՝ հայերս, կարո՞ղ ենք պատկերացնել, որ մի օր Հայաստանը կարող է ղեկավարել, ասենք, բուդդիստ կամ մահմեդական հայ, կամ Հայաստանում ծնված-մեծացած եզդի ու քուրդ։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծնողները Սիրիայից էին, ու նրա մասին խոսելիս երկար տարիներ օգտագործում էին «ախպար» տերմինը։ Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը, սակայն թիրախավորվում է, այսպես ասած՝ «ռուսաստանյան անցյալի» պատճառով։ Այս ամենը եթե պատմենք եվրոպացուն, նա առնվազն տարակուսանքով կժպտա, որովհետեւ նրա համար այն կատեգորիաները, որոնցով մենք մտածում ենք, մեծ մասամբ անընկալելի են։ 

Բրիտանացու համար կարեւոր չէ՝ Սունակը հնդուիստակա՞ն տոն է տոնում, թե՞ քրիստոնեական կամ, առհասարակ՝ հավատացյա՞լ է, թե՞ աթեիստ։ Նրա համար կարեւոր է այն, որ կարողանա իրացնել այն մանդատը, որը տրվել է նրան, եւ կարողանա երկիրը դուրս բերել ծանր տնտեսական վիճակից, գլուխ հանել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում։ Ռիշի Սունակը մեզ՝ հայերիս համար կարող է դառնալ լայնախոհության, պրագմատիզմի, իրապաշտության եւ հաջողվածության կատեգորիա, որոնց պակասը մենք զգալիորեն ունենք։