Լեզու չեն գտնում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ

Լեզու չեն գտնում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ

Օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում հոգեւոր խորհուրդն ընդգծել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման կարեւորությունը եւ թելադրել Կրթական հարցերով ենթախմբին՝ մեկ անգամ եւս գրությամբ ԿԳՄՍ նախարարության ուշադրությանը հանձնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ կապված եկեղեցու դիրքորոշումները։ Խորհուրդը միաժամանակ մտահոգություն է արտահայտել պետական լիազոր համապատասխան մարմնի կողմից առարկայի առչությամբ որդեգրված ոչ ընդունելի մոտեցումների կապակցությամբ։  

Գերագույն հոգեւոր դասի հայտարարությունից հետո չուշացան նաեւ առանձին հոգեւորականների գնահատականները սոցիալական ցանցերում, օրինակ՝ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանն իր մտահոգությունն էր հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ ԿԳՄՍ նախարարության որդեգրած անընդունելի դիրքորոշման շուրջ, մասնավորապես գրելով․  

«Մինչեւ այսօր էլ Հայոց եկեղեցու պատմությունը կրթական ծրագրից որպես առանձին դասավանդվող առարկա հանելու եւ տարրալուծելու որոշումը մնում է չհիմնավորված։ Եվ քանի որ առարկայի տարրալուծման համար արդարացված հիմնավորումներ պարզապես չկան, այլ կա միայն տարրալուծելու հստակ ծրագիր, ակնհայտ է դառնում, որ կրթության պատասխանատու մարմինը ցանկություն չունի ՀԵՊ առարկայի տարրալուծման հիմնավորումների ու պատճառների շուրջ ողջամիտ քննարկում ծավալել: Թերեւս տարրալուծման մեթոդը կարող է համոզիչ թվալ՝ տպավորություն ձեւավորելով, որ այդ ճանապարհով պարզապես առարկայի նյութերն ամբողջությամբ տեղափոխվում են մի քանի այլ առարկաների մեջ, իսկ վատագույն դեպքում՝ կրճատվում են այն հատվածները, որոնք կրկնվում են «Հայոց պատմություն» առարկայի մեջ։ Սակայն ԿԳՄՍ նախարարությունը նույնիսկ բացահայտորեն դրժեց ՀԵՊ առարկայի նյութն ամբողջությամբ այլ առարկաների մեջ ներմուծելու հավաստիացումները: Ավելին, տարրալուծման արդյունքում պահպանվեց առարկայի ընդամենը 30 տոկոսը (ամբողջությամբ դուրս են բերվել 5-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների նյութերը), որն էլ իր հերթին մաս առ մաս չնչին ժամաքանակներով «կորսվեց» այլ առարկաների մեջ: Եվ զավեշտալին այն է, որ դուրս են բերվել նաեւ այն թեմաները (Սուրբ Էջմիածնի, Սուրբ Թարգմանիչների, Սուրբ Վարդանանց եւ այլն), որոնք առարկայի հոգին ու դիմագիծն են։ Իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ տարրալուծման անվան տակ առարկայի ոչնչացում։ Կորստաբեր պատերազմը, ներքաղաքական պայքարի արդյունքում ձեւավորված անառողջ եւ անկայուն վիճակը, անմիաբանությունն ու ատելությունը, թշնամանքն ու վիրավորանքն առավել հրամայական են դարձրել երիտասարդ սերնդին ազգային-հոգեւոր արժեքներով հոգեկրթելու անհրաժեշտությունը։ Այդ հրամայականը ենթադրում է առավել արդյունավետ ու նպատակային դարձնել հայրենագիտական առարկաների դասավանդումը, մեծացնել ուսուցման որակն ու արդյունավետությունը, բայց, չգիտես ինչու, մեզ մոտ հակառակ գործընթացն է։ Անհասկանալիորեն խեղաթյուրվում է մի առարկա, որն օգնում է դպրոցականին՝ ծանոթանալու իր 2000-ամյա եկեղեցու պատմությանն ու վարդապետությանը, սովորեցնում քրիստոնեական բարոյագիտություն ու ամրապնդում ազգային ինքնագիտակցություն։ Նման ճանապարհով դպրոցը հոգեկերտման գլխավոր դարբնոցից աստիճանաբար վերածվելու է զուտ գիտելիքներ հրամցնող հաստատության, որը պատրաստելու է խելացի անհոգիներ, ազգային ու հոգեւոր արժեքները չճանաչող ու չգնահատող սերունդ»։ 

Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Սոնա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ընդգծում է․ «Հենց 5-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների նյութերում է, որ շատ լավ ներկայացված են մեր բարոյական նորմերը, թե ինչ է բարոյականությունը, ինքնությունը, ազգայինը, եւ ես ուղղակի ցավ եմ ապրում դրա համար։ Եթե 8-րդ, 9-րդ դասարանների ծրագրերը հանվեին, գուցե հասկանայի, որովհետեւ անընդհատ թմբկահարում են, որ սա պատմություն է եւ առնչվում է հայոց պատմության հետ, այս դեպքում այդ տարրալուծումը կհասկանայի, բայց երբ հանվում են 5-րդ դասարանի նյութերը, երբ երեխան ծանոթանում է Աստվածաշնչին, աստվածաշնչյան թեմաներին, էլ չասեմ, որ բացի դրանից բարոյական խնդիրներ կան այնտեղ՝ հայեցի, ազգային դաստիարակության հետ կապված, նույնը կարող եմ ասել նաեւ 10-11-րդ դասարանների մասին․ հրաշալի ծրագիր է ներկայացված՝ պետականություն եւ ազգային գիտակցություն, մարդկային հարաբերություններ, այսինքն՝ քրիստոնեական բոլոր նորմերը։ Ես ուղղակի զարմանում եւ ցավ եմ ապրում, թե ինչ է նշանակում նման մոտեցումը։ Ես դեռ չգիտեմ՝ ինչքանով է այդ որոշումը ճիշտ եւ սխալ, բայց այդ 3 դասարանների ծրագրերում ներկայացված են մեր ազգայինը, ինքնությունը, բարոյականությունը, քրիստոնեականը, ամբողջությամբ մեր արժեհամակարգը»։ Ուսուցչուհին նկատում է, որ, օրինակ, 3-րդ դասարանում եւս պատկերազարդ ալբոմների միջոցով անցնում են բարոյական նորմեր, ազգային դաստիարակություն, եկեղեցու հետ շփում։ 

Սոնա Մկրտչյանը հիշում է՝ ի սկզբանե, երբ առարկան մտավ դպրոց, կոչվում էր «Քրիստոնեական դաստիարակություն», ոչ թե՝ «Եկեղեցու պատմություն»։ «Եվ նպատակը նաեւ դա էր՝ քրիստոնեական եւ հայեցի դաստիարակությունը, ազգային կրթությունը։ Հետո ինչ-ինչ պատճառներով փոխվեց եւ դարձավ «եկեղեցու պատմություն»։ Հիմա, եթե իրենք պատմության հատվածը տարրալուծում են եւ փորձում են միավորել հայոց պատմության մեջ, այդ դեպքում թող քրիստոնեական դաստիարակությունը նորից մտնի դպրոց, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Օրինակ, Ձեզ մի բան պատմեմ․ մտնում եմ 9-րդ դասարան, տեսնում եմ՝ աղջիկները գրկախառնված են, ասում եմ՝ տեղավորվեք, ինձ պատասխանում են՝ ի՞նչ կլինի որ, չի՞ կարող աղջիկը աղջկա հետ ամուսնանալ․․․։ Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ գաղափարախոսություն են սկսել դպրոցներում տարածել»,- ասում է նա ու նշում, որ այդ միջադեպից հետո մեծ ցավ է ապրել եւ որոշել է հոգեւորական կանչել, որ աշակերտների հետ զրույց ունենա։ 

Ուսուցչուհին համոզված է, որ ամեն դասարանում շաբաթը մեկ ժամ դասավանդվող առարկայով սերունդների դաստիարակության հարցն էլ կհանվի դպրոցներից, մինչդեռ կրտսեր դասարաններում առարկան շատ սիրված է աշակերտների կողմից․ «Ասում են՝ ընկեր Մկրտչյան, այս դասի ընթացքում մենք հանգստանում, խաղաղվում ենք, որովհետեւ աստվածայինի հետ է գործը, նույնիսկ եղել է, որ երեխաներն իրենց տան հոգսը, խնդիրներն ինձ հետ քննարկել են, թե ինչպես վարվեն աստվածաշնչյան տեսանկյունից, եւ բավական արդյունք է տվել»։ 

Հիշեցնենք, որ հանրակրթության պետական չափորոշիչի նախագծով նախատեսվում է ծրագիրը ներդնել 2022-23 ուսումնական տարուց։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դեռ մի տարի էլ կպահպանվի դպրոցներում, Սոնա Մկրտչյանը, սակայն, հույս ունի, որ այն փոփոխության չի ենթարկվի եւ չի հանվի․ «Գոնե 2-7-րդ եւ 10-11-րդ դասարաններում պետք է պահպանվի, 8-9-ում, նորից եմ ասում՝ պատմություն է, դա կարող են հանել եւ միացնել հայոց պատմությանը, բայց մնացածին իրավունք չունեն ձեռք տալու եւ երեխաներին դրանից զրկելու, այն էլ՝ հիմա»։