Սիրուն չէ մարդկանց երկարականջի տեղ դնելը 

Սիրուն չէ մարդկանց երկարականջի տեղ դնելը 

Համառ  հերքումներից հետո Երևանի քաղաքապետարանն,  ի վերջո, խոստովանեց, որ քաղաքապետարանին նվեր տրված  ԿամԱԶ-ները Սամվել Ալեքսանյանի և այլոց նվերներն են։ Ապա հայտնի դարձավ, որ 10 հատ MK-1541-14 (ԳԱԶ) աղբատար, 2 հատ KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48  աղբատար և 2 հատ KO440B1-01 2 ԿամԱԶ-65115-3081-50 նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2019 թվականի հունվարին:

Ավելի ուշ հայտնի դարձավ և առնվազն՝ չհերքվեց, որ «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն արդեն մարտ ամսին  հող է ձեռք բերել Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի հ22 և Անաստաս Միկոյան փողոց հ.64 հասցեներում: Այս հասցեում էլ Ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել: Համալիրը բաղկացած է լինելու 6 մասնաշենքերից՝ 18 վերգետնյա հարկերով։ Մինչդեռ սկզբում նախատեսված է եղել 14 հարկ։ Ըստ ամենայնի Կամազների նվիրատվությունն արվել է հարկայնությունն ավելացնելու համար։

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, պատասխանելով մեր հարցին՝ մեկնաբանեց, որ այդ կապի առկայությունն արդեն իսկ կարելի է կոչել «կոռուպցիա» բառով, չնայած մամուլը զգուշորեն է օգտագործում այդ որակումը կատավածի հետ կապված։
 

«Եթե դա ապացուցվում է, որովհետև ոնց որ քաղաքապետարանի խոսնակը տեղյակ չէր, որ «Ալեքս և հոլդինգը» Սամվել Ալեքսանյանի հետ, այստեղ էլ իրենք կարող են ասել, ի՞նչ կապ ունի․․» ,-ասաց Վարուժան Հոկտանյանը։ Առաջին խնդիրը, որ այս պատմության մեջ նա տեսնում է, նույնն է, ինչ եղավ պարգևավճարների  հետ։ Այսինքն՝ որոշումները գաղտնի են։ Եվ նույնիսկ ավագանին տեղյակ չի եղել դրանցից։

«Հիշենք՝ ով բարձրացրեց աղմուկը։ Այսինքն՝ դա չի անցել անգամ ավագանու նիստով և, պատահմամբ ամենը պարզվել է»,-ասում է Հոկտանյանը։ Նրա խոսքով՝ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար պետք է լինել թափանցիկ։ Սա  գլխավոր պայմանն է։ 
Հոկտանյանը հավելում է, որ սրան ավելանում է այդ նվիրատու ընկերությունների արտոնությունների հարցը։ Նա, առհասարակ, լրագրողներին խորհուրդ է տալիս հետաքննել և պարզել, թե ովքեր են շահում քաղաքապետարանի մրցույթները, մեկ անձից գնումները ում հետ են լինում։

«Ի տարբերություն քաղաքապետարանի խոսնակի, ես շատ կարևոր եմ համարում և սա ամբողջ աշխարհի տրենդն է՝ պարզել իրական սեփականատերերին։ Եվ կարող է պայմանագիրը չստորագրվի այդ Ալեքս- ընկերության հետ։ Կամ չստորագրվի նվիրատու ընկերության հետ, բայց ստորագրվի այդ ընկերության սեփականատիրոջ մեկ այլ ընկերության հետ։ Եվ շատ իզուր է խոսնակն ասում․․․ես լսում էի իրեն ու ապշած էի, և մի քիչ սիրուն չէ մարդկանց դնել երկարականջի տեղ»,-ասաց հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավարը։