Աստվածահաճո գործ է ներառական կրթությունը

Աստվածահաճո գործ է ներառական կրթությունը

Մի քանի օր առաջ ծանոթներիս տեսագրությունների մեջ աչքովս ընկավ մի հետաքրքիր տեսարան. Աշոտը երգում էր, ճիշտ է՝ ռաբիս, բայց ձայնն այնքան հնչեղ էր, որ լսեցի: Աշոտը մամայիս աշակերտն էր, այսինքն՝ աշակերտն էր դարձել,  որովհետեւ նախորդ տարվա ուսուցչուհին Աշոտի հետ չէր ցանկացել աշխատել, Աշոտն էլ մեկ տարի մնացել էր տանը՝ կասկածելով՝ կընդունե՞ն արդյոք:

Դեռեւս ներառական կրթության մասին որեւէ գաղափար չունեցող դասվար մայրս աշխատել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Աշոտի հետ՝ հենվելով նրա ուժեղ կողմերի վրա՝  գեղեցիկ երգեցողություն, քաղաքավարի պահվածք՝ դարձնելով տառաճանաչ եւ թվաճանաչ, չթողնելով, որ Աշոտը  կտրվի իր համայնքից, ընտանիքից, ընկերներից՝ որեւէ գիշերօթիկ հաստատությունում սովորելու համար:

Տարիներ հետո ես՝ ինքս, դարձա ներառական կրթության ջատագովը՝ վերապատրաստելով Սյունիքի մի շարք դպրոցների մանկավարժներին, հասկանալով, որ երեխային իր ունակությունների սահմանում պետք է ապահովել համապատասխան կրթությամբ: Արդյոք կոտրե՞լ եմ կարծրատիպեր լսարաններում, երեւի թե՝ այո, որովհետեւ  դասընթացներից հետո մշտադիտարկման արդյունքում ականատես եղա, թե ինչպես են որոշ ծնողներ իրենց երեխաների հետ գալիս դպրոց, հետո հոգեպես մի փոքր թեթեւացած հեռանում՝ հուսալի ձեռքերում թողնելով իրենց երեխաներին։ Ականատես եղա, թե ինչպես են երեխաները նստում իրենց հասակակիցների կողքին, մոտենում գրատախտակին, կավիճ վերցնում, գրում, նկարում՝ իրենց պատկերացրած վաղվա օրը խզբզելով, իսկ հետո գոհունակ ժպտում:

Հավասար հնարավորությունները մարդն է ստեղծում: Տարիներ շարունակ գիշերօթիկ դպրոցները շատ խնդիրներ են լուծել, այդ թվում՝  սոցիալական։ Կառավարությունը պետք է ապահովի այդ խնդիրների լուծման շարունակականությունն այլ եղանակներով, միայն թե չտարբերակվեն երեխայի ուսուցման տեղը, ձեւը մյուս երեխաներից:

Համոզված եմ, որ շատ մանկավարժներ են այսպես մտածել, իրականացրել դեռեւս վաղ տարիներից ու հիմա էլ աշխատում են, աշխատում են ոչ թե հատուկ ընդգծվող վերաբերմունքով, այլ՝ հավասար, որպեսզի հավասար հնարավորություններով ուսուցում եւ դաստիարակություն իրականացնեն՝  հասարակության մեջ մարդուն հավասար իրավունքներով եւ հնարավորություններով ներկայացնելու:

Աստվածահաճո գործ է ներառական կրթությունը, փառավորվում եմ, որ ես՝ ինքս, մասնակիցն եմ եղել այդ գործընթացին, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ հետ են եղել, կողքիս, այն մանկավարժներին, որոնք չեն ընկրկել, հիմա էլ շարունակում են նվիրական այդ գործը:

Արփինե ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԱԻ մասնագետ, մանկավարժ