Ո՞վ կլինի ընդդիմադիր շարժման ղեկավարը

Ո՞վ կլինի ընդդիմադիր շարժման ղեկավարը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կազմից 22 հոգի ունի բացակայության խնդիր: Լրագրողներին հայտնի է դարձել, որ այդ անձանցից երևի միայն դաշնակցական Իշխան Սաղաթելյանի առումով քպկականները կդիմեն Սահմանադրական Դատարան՝ մանդատից զրկելու նպատակով: Ձևականորեն ինքն ամենաշատն է բացակայել ԱԺ քվեարկություններից: Նրանից բացի, ըստ «Հրապարակի», իշխանության ուշադրության կենտրոնում է նաև նախկին զինվորական, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Կարծում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը սևեռվել է այդ անձանց վրա ոչ միայն բացակայությունների պատճառով: Երկուսն էլ ուղղակի վտանգ են ներկայացնում վերջինիս համար: Իշխան Սաղաթելյանը փողոցային բողոքի ցույցերը գլխավորելու, իսկ Սեյրան Օհանյանը զինվորականության շրջանում ունեցած հարգանքի պատճառով: Ինչը նշանակում է, որ Նիկոլը փորձում է գլխատել թե՛ փողոցային շարժումը և թե՛ պոտենցիալ զինվորական անհնազանդությունը:  

Որպես «60+» տարիքի անձնավորություն՝ գիտեմ, թե ինչ է նշանակում այն մարդու համար: Եվ այդ առումով գեներալ-գնդապետի վրա՝ հաշվի առնելով նաև նրա առողջականը, Նիկոլի կողմից սևեռվելն իշխանության պահպանման առումով գրագետ քայլ եմ համարում: Իհարկե, կարող եմ սխալվել, և ստացվի այնպես, որ Նիկոլը պարտություն կրի այդ հարցում, ինչի համար ուրախ կլինեմ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դժվար թե սխալված լինեմ: Անցնենք Իշխան Սաղաթելյանին. տարիքը՝ «40+», առողջականը՝ նորմալ: Հենց նման (հասուն) տարիքում ես, օրինակ, 2000-ականների սկզբին սկսեցի մասնակցել ընդդիմադիր փողոցային շարժմանը: Այնպես որ Իշխանի դեպքում, կարծում եմ, Նիկոլը հաստատ սխալվելու է: Սխալվելու է կրկնակի՝ Իշխանը ոչ միայն չի ընկրկելու զուտ որպես անհատ, այլև որպես դաշնակցական: Մարդ, որ երդվել է զենքի վրա: Եվ նրանից վերջապես կարող է կերտվել շարժման առաջնորդ: Կարող է, քանի որ դրա համար ինքը պետք է հաղթահարի նաև անձնազոհության պատնեշը: Եթե դա ստացվի, ապա ոչ մի նշանակություն չեն ունենա նրա բոյը կամ այլ հատկանիշները: Ինչը քննարկելով էին զբաղված ֆեյսբուքյան ակտիվիստները: Իսկ մանդատից զրկվելով պայքարը շարունակելու դեպքում առաջնորդի վերածվելն ավելի առարկայական կարող է դառնալ: 

Եվ վեջապես կլուծվի այն բանավեճը, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմադիր առաջնորդի հայտնությունը: Ծրագրված ու խորհրդակցված՝ ինչպես կարծում են ոմանք, թե տարերային՝ ինչպես ես եմ մտածում: Հետաքրքիր է, որ խորհրդային դասագրքերում ներկայացված էր առաջին տարբերակը՝ կապված սոցիալիստական հեղափոխության կամ, իրականում, ռազմական հեղաշրջման հետ: Ըստ այդմ, ասվում էր, որ 1917 թվականի նոյեմբերի 7-ի լուսաբացից առաջ տեղի է ունեցել բալշևիկների ղեկավար կազմի նիստ, որտեղ Վլ. Ուլյանովի (Լենինի) կողմից առաջարկվել է հեղափոխությունը սկսել նույն օրը, քանի որ «նախորդ օրը վաղ էր, իսկ հաջորդ օրը ուշ կլինի»: Իրականում, Լենինը նույնիսկ չի իմացել, որ այդ գիշեր կրոնշտադյան (Պետրոգրադի) նավաստիները հարձակվելու էին ժամանակավոր կառավարության տեղակայման շենքի (Ձմեռային պալատի) վրա: Դրա պատճառն այն էր, որ նոյեմբերի 7-ին (Գրիգորյան օրացույցով) լրանում էր բոլշևիկներից ամենավճռականի՝ Լև Տրոցկու, 38 ամյակը, և նա որոշում է ինքն իրեն ծննդյան նվեր մատուցել: Հանդիսանալով բանվորների և զինվորների Պետրոգրադի սովետի գործադիր կոմիտեի նախագահը՝ նախաձեռնել էր ռազմական հեղաշրջման կազմակերպումը:

Ի դեպ, ընդդիմության ղեկավարի հարցում նախորդ անգամ սխալվել եմ. ենթադրում էի, որ դա պետք է լինի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Դրա հիմքը նա տվել էր՝ քաղաքական գործիչներից առաջինը որոշելով անժամկետ նստացույց սկսել Ազատության հրապարակում: Սակայն աստիճանաբար պասիվացել էր և փողոցային բողոքի ղեկավարի դիրքը զիջել էր Իշխան Սաղաթելյանին: Ինչը (այլ գործոններից բացի) պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ բողոքավոր զանգվածի ամենակազմակերպված մասը հենց դաշնակցականներն էին: Այս անգամ ևս, եթե շարժումը կրկին վերսկսվի, ապա առաջատար ուժը կրկին բաղկացած կլինի առաջին հերթին հենց դաշնակցականներից: Որովհետև դրան են հանգեցնելու վերջիններիս նկատմամբ այս օրերին Նիկոլի անձնական օգտագործման իրավապահների անօրինական ոտնձգությունները: Իսկ դաշնակցության շրջանում, ինչպես երևում է, Սաղաթելյանին փոխարինող դեռ չի հայտնվել: