Ապրես, Վահե Ղազարյան, արդեն արդարացրել ես Նիկոլի վստահությունը

Ապրես, Վահե Ղազարյան, արդեն արդարացրել ես Նիկոլի վստահությունը

Ոստիկանությունում մի միֆ էր շրջում վերջին տարիներին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի «կարգին մարդ» լինելու միֆը։ Ասում էին՝ Վահե Ղազարյանը հո Սասուն Խաչատրյան չի՞, որ ստրուկի պես ծառայի Նիկոլին, ուսադիրներով մարդ է՝ գիտի հարգանք- պատիվն ինչ բան է, գիտի, որ իշխանությունը մի օր հեռանում է եւ պաշտոնն էլ հավերժ չէ, ամեն ինչ անում է, որ հետո էլ կարողանա էս երկրում ապրել։ Բայց ես միշտ թերահավատորեն եմ վերաբերվել ոստիկանապետի՝ «կարգին մարդ» լինելու մասին լեգենդներին։ Նախ, եկեք հասկանանք՝ ով էր Վահե Ղազարյանը մինչեւ Նիկոլ Փաշինյանի իրականացրած հեղափոխությունը եւ նրա զեմլյակը լինելու շնորհիվ առաջ քաշվելն ու ոստիկանության ղեկավար նշանակվելը։ Ընդամենը ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետն էր՝ մի աննշան պաշտոն։ Նիկոլ Փաշինյանը նրան նախ Տավուշի մարզային վարչության պետ նշանակեց, որտեղ նա աշխատեց ուղիղ մեկ տարի՝ մինչեւ 2019 թ. մայիս ամիսը, ապա ոստիկանության ներքին զորքերի հրամանատար եւ 20 թվի հունիսին ոստիկանապետ։ 

Եթե մարդը, գրեթե ոչնչով չառանձնանալով իր հազարավոր պաշտոնակիցներից, այսպիսի կարիերային աճ է ունենում, բա ինչպես երախտապարտ չլինի այդ աճն ապահովողին։ Բա ինչպես ամեն օր չխմի Նիկոլ Փաշինյանի կենացն ու չաղոթի նրա երկարակեցության համար։ Ինչպես չծառայի ամբողջ հոգով-սրտով՝ հույս փայփայելով, որ նրա պաշտոնավարումն անվերջ ձգվելու է եւ ինքն էլ վայելելու է երկնքից իր գլխին ընկած պաշտոնը։

Հիմա էլ ասում են, որ Վահե Ղազարյանին իր շեֆը որոշել է Ազգային անվտանգության տնօրեն նշանակել։ Մեծ հաշվով, իհարկե, շատ չի տարբերությունը։ Բայց ԱԱԾ պետի պաշտոնը մի շարք առավելություններ ունի։ Միայն այն, որ ԱԱԾ-ն քիչ է շփվում ընդդիմության ու ժողովրդի հետ եւ ցույցերն էլ ցրելու պարտականություն չունի, արդեն բավական է, որ Վահե Ղազարյանը երազի ԱԱԾ տեղափոխվելու մասին։

2018-ից հետո այսօր թերեւս ամենամեծ բողոքի ալիքն է բարձրացել եւ ոստիկանության բազմապատկված ու կոփված տղերքը՝ հատկապես սեւ եւ կարմիր բերետները կատաղի մարտեր են մղում փողոց ելած մարդկանց հետ։ Շատերն այս օրերին տեսնելով, թե ինչ կատաղի են հայ ոստիկանները պայքարում հայ ընդդիմադիրների դեմ, մտածում են՝ թշնամու դեմ այսքան եռանդ ինչու չդրսեւորեցիք։ Կամ՝ արդյո՞ք թշնամու նկատմամբ այդքան ատելություն ունեք ձեր ներսում, թե՞ այդ ատելությունը միայն հայ մարդկանց նկատմամբ է։

Նաեւ մտածում են՝ լավ, Վահե Ղազարյանի դեպքը պարզ է՝ ոստիկանապետի պաշտոնն է արդարացնում, այ կարմիր ու սեւ բերետավոր ոստիկաններ, դուք ինչո՞ւ եք այդպես կատաղի պաշտպանում Նիկոլի աթոռը, ձեր շահը որն է։

Մի քանի խոսք էլ Վահե Ղազարյանին․ պարոն ոստիկանապետ, դուք արդեն արդարացրել եք Նիկոլի վստահությունը եւ ապացուցել եք, որ ինքը ճիշտ ընտրություն է կատարել՝ Ձեզ նշանակելով։ Հերիք է՝ կաշվի էլ դուրս մի եկեք։ Մի հրահանգեք՝ վայրագություններ անել քաղաքացիների դեմ։ Ամբողջ աշխարհում էլ նման ակցիաներ իրականացվբում են, բայց շատ քիչ երկրներում են նման կատաղի պայքարում ցուցարարների դեմ։ Հանգստացեք։ Մտածեք ձեր ապագայի մասին։ Հո Նիկոլի հետ չեք ամուսնացել, որ իր ճակատագիրը կիսեք։ Ոչ ոք Ձեզ չի գովաբանելու՝ բացի Նիկոլից, այսօրվա գազանությունների համար եւ ոստիկաններին էլ մի դարձրեք ազգի թշնամի։