Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 26

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 26

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր քսանյոթերորդ՝ ապրիլի 26:

2018թ․ ապրիլի 26

Դեռ տոնվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նոր վարչապետի ընտրության օրը մայիսի 1-ն է: Երեկոյան հանրահավաքում Արարատ Միրզոյանը հայտարարում է․ «Ես ուզում եմ՝ բոլորը հրապարակում, տներում, կուսակցություններում, ԱԺ-ում շատ հստակ հասկանան․ բացի Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու օգտին քվեարկելուց, այլ քայլ կհարվածի հայկական պետականությանը, եւ կլինի պետական դավաճանություն: Հայոց պետականությունը, հայկական համակարգ կոչվածը հնարավոր է փրկել, ստեղծել, կառուցել, զարգացնել մի ձեւ՝ Նիկոլ Փաշինյանը պիտի դառնա վարչապետ»: Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանրահավաքում հայտարարում է․ «Ուզում եմ ժողովուրդը շատ հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որեւէ կուլիսային պայմանավորվածության, նաեւ այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը: Որեւէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում: Ես կա՛մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»: 
Այս վերջնագրերը, «կամ-կամ»-ը փորձագետները որակեցին վտանգավոր, սակայն ոչ ոք նրանց չլսեց: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, «Սորոսի Արմեն» անունով հայտնի Արմեն Գրիգորյանը հայտարարում է. «Սերժ Սարգսյանն Արցախի գլխավոր մարտահրավերն էր: Իր իշխանության տարիներին Հայաստանից 370 հազար քաղաքացի է արտագաղթել, ՀՀ 1 միլիոն քաղաքացի աղքատության մեջ է ապրել, նրա սխալ քաղաքականության արդյունքում ապրիլյան պատերազմում մարդկային եւ տարածքային կորուստներ ենք ունեցել: Այս շարժումը չեզոքացրել է Արցախի ամենավտանգավոր վտանգը: Ժողովրդավար եւ ազատ Հայաստանն Արցախի գլխավոր անվտանգության երաշխիքն է: Հայաստանը սոցիալ-տնտեսական զարգացում է ապրելու, եւ մենք այլեւս Ադրբեջանի հետ 1980-ականների զենքով չենք կռվելու»: Հետո Արմեն Գրիգորյանը դարձավ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, եւ որքան էլ Ռուսաստանից դժգոհություններ հնչեցին նրա պաշտոնավարման հետ կապված, մնաց այդ աթոռին արդեն 4 տարի: 

2019թ․ ապրիլի 26

Սոցկայքերում եւ լրատվամիջոցներում տեսանյութ եւ լուսանկարներ են հայտնվում, ուր երեւում է, որ քաղաքացու օրվա առթիվ ուսուցիչներին Ավան վարչական շրջանի աշխատակազմը բացիկներ է բաժանել, որտեղ խոսվում է հեղափոխության մասին: Բացիկում գրված է․ «Շնորհավորում ենք ձեզ՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Այսօր մենք հպարտությամբ նշում ենք թավշյա հեղափոխության միամյակը եւ հաստատում, որ մեզ համար առաջնային է հեղափոխության նպատակների իրականացումը՝ հանուն մեր երկրի բարօրության եւ զարգացման»: Լուսանկարներում «Նիկոլը ես եմ» գրությամբ գլխարկ է երեւում։ Իսկ ՔՊ-ական իշխանությունն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել էին, որ դպրոցները չպետք է քաղաքականացվեն:

2020թ․ ապրիլի 26

Հրապարակվում է հերթական լուրը կորոնավիրուսի համաճարակի պատճառով Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներից: Մի քաղաքացի պնդում է․ «Ես օդանավակայանի սպասարահում եմ, խախտում են մեր քաղաքացիական իրավունքը, ես գնել եմ «Աէրոֆլոտի» տոմս, եկել եմ օդանավակայան, բայց «Աէրոֆլոտ»-ն իր թռիչքը հետաձգել է, մինչեւ հիմա իմ փողերը չի տվել, ես պիտի ստանամ իմ փողերը, որ գնեմ նոր տոմս։ Մայիսի 1-ին իրենք նոր տոմս են վաճառում, ես պատրաստ եմ այդ տոմսը գնել, բայց մինչեւ ամսի 1-ը ես ո՞ւր մնամ»: Դեսպանատնից պարզաբանում են, որ ՀՀ քաղաքացիներին տեղավորում են, որ չմնան օդանավակայանում:

2021թ․ ապրիլի 26

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակում է զեկույց, ըստ որի՝ 2020 թ. Ադրբեջանը 17 տոկոսով ընդլայնել է իր ռազմական ծախսերը, ինչն ամենամեծ հարաբերական աճն է Արեւելյան Եվրոպայի երկրներում: SIPRI-ի վերլուծաբանները կարծում են, որ դա պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Հայաստանի ռազմական ծախսերը, ընդհակառակը, 2020թ. նվազել են 2,6 տոկոսով: 

2022թ․ ապրիլի 26

«Ինքն այլ ելք չունի, դատվելու է եւ շուտով հայտնվելու է ճաղերի հետեւում, մենք, որպես բարի կամքի դրսեւորում, կառավարության դիմաց բերել ենք առաջին անհրաժեշտության պարագաներ, զուգարանի թուղթ, որոնք ինքը կօգտագործի կալանավայրում»,- ասաց կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող Հովհաննես Հարությունյանը, ում գլխավորությամբ երիտասարդները բուհերում իրազեկման ակցիա էին իրականացնում` կոչ անելով միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներին։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ