Բերձորն ու Աղավնոն հանձնելու մասին այլևս չեն ցանկանում խոսել 

Բերձորն ու Աղավնոն հանձնելու մասին այլևս չեն ցանկանում խոսել 

Նախորդ շաբաթվա կառավարության նիստին Բերձորն ու Աղավնոն թշնամուն հանձնող Նիկոլ Փաշինյանը մի ծավալուն ելույթ ունեցավ՝ լալահառաչ տեքստերով ինքնաարդարանալով, թե ինչու է ինքը հիմա հանձնում Բերձորը, Աղավնոն և Լաչինի միջանցքը։ Մի երկու օր քննարկվեց դա, հետո մարդիկ անցան արդեն սենտիմենտալ գրառումներին, թե ինչպես են մարդիկ իրենց իրերը կապում, որ լքեն իրենց հայրենիք հողն ու տունը, որտեղ ապրում են։ Այսքանով ավարտվեց հերթական հայկական տարածքների հանձնման թեման։ Կառավարության այսօրվա նիստին Բերձորն ու Աղավնոն հանձնելու գործարքը բարեհաջող կատարած Փաշինյանը այլևս ոչ էլ հիշեց այդ մասին՝ որևէ բառ անգամ չարտաբերելով հարյուրավոր հայրենակիցների անտուն թողնելու, տնավեր ու գաղթական դարձնելու մասին։ 

Մենք հույս ունեինք, որ նիստից հետո գոնե Փաշինյանի կաբինետի անդամները կգան և մի երկու բառ կասեն, թե ինչու որոշեցին Արցախի այս մի հատվածն էլ հանձնել, էլի նախկիննե՞րն են մեղավոր, որ ներկաները Լաչինի միջանցքն էլ են հանձնում, ինչ է լինելու հետո, ինչպե՞ս են ապահովելու կոմունիկացիան Արցախի հետ և այսպես շարունակ։ Բայց որևէ մեկը չբարեհաճեց մոտենալ ու մի երկու հարցի պատասխան տալ այս թեմայով։ Անվտանգության խորհրդի քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը, որի պսակադրությունը տեղի է ունեցել Շուշիում, որը հետո իրենք հանձնեցին թշնամուն, այսօր կառավարության աստիճանները ճեմելով իջնում էր, երբ խնդրեցինք մոտենալ ու մի քանի հարցի պատասխանել։ Բայց նա դեմքի անվրդով ու խաղաղ արտահայտությամբ ասաց, որ շտապում է և շարունակեց այդպես ճեմելով հեռանալ։

Փորձեցինք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել, թե քովիդից բացի ուրիշ ի՞նչ կարող է ասել, ասենք, Բերձորն ու Աղավնոն իր սիրելի թիմի կողմից հանձնելու թեմայով։ Սակայն Ավանեսյանն էլ, լսելով հարցը, շտապեց հեռանալ՝ խոստանալով «ուրիշ անգամ պատասխանել այդ հարցին»։

Իջավ բոլոր ճեպազրույցների մշտական հյուր, լրագրողներին ու պարապ ֆեյսբուքիչներին իր մտքերով զբաղեցնող Վահան Քերոբյանը։ Նա համաձայնեց կանգնել ամբիոնի մոտ ու պատասխանել մեր հարցերին, բայց մինչ այդ մի երկու «գովազդային» բան ուներ հայտնելու, որ որոշել են սուբսիդավորել աշնանացանը նրանց համար, ովքեր կորոշեն մշակել չմշակվող հողերը։ Երբ գովազդային մասն ավարտվեց ու անցանք հարցերին, նա, թերևս կանխազգալով, որ «կառուցողական» հարցերից հետո լրագրողներն անցնելու են տհաճ հարցերին, շտապեց արագ-արագ իր մտքերն արտահայտել ու հեռանալ՝ թույլ չտալով, որ «թեմայից դուրս» այլ հարցեր էլ հնչեցնենք։

Մենք սիրով հարցեր կուղղեինք նաև տարածքային կառավարման և ասֆալտաշինության նախարար Գնել Սանոսյանին, թե ինչու են Գորիս-Կապան մայրուղուն այլընտրանք հանդիսացող Տաթևով ճանապարհի նման Լաչինի միջանցքի հարցում ևս վերջին պահին գլխի ընկել, որ պետք է այլընտրանքային ճանապարհ կառուցեն, երբ Բերձորը, Աղավնոն ու Լաչինի միջանցքը հանձնելու մասին իրենք վաղուց գիտեին, Ադրբեջանն էլ վաղուց էր այդ տարածքում նոր ճանապարհ կառուցում։ Բայց Սանոսյանը այս անգամ ևս նիստից հետո գլխավոր մուտքով չիջավ, որ առերեսվի լրագրողների հետ։

Այսպես Բերձորի ու Աղավնոյի թեման ևս մոռացության մատնվեց, մինչև հերթական տարածքների հանձնումը։ Մի երկու օր էլ նոր հանձնվող տարածքների մասին կխոսվի, որոնք կարող են լինել այս անգամ բուն Հայաստանի սահմաններից, օրինակ՝ Տավուշի կամ Գեղարքունիքի մարզից որոշ գյուղեր ու ճանապարհներ, նորից մի երկու օր կքննարկվի այդ թեման համացանցում, հետո Գնել Սանոսյանը նորից կառավարության նիստից հետո չի իջնի լրագրողների մոտ, որ ավելորդ հարցեր չտանք նրան ու ավելորդ չակտիվացնենք թեման, և այդ թեման էլ, այս մեկի նման, շատ արագ կմարի, ինչպես մարեցին Շուշիի, Հադրութի, Սև լճի կամ Գորիս-Կապան մայրուղու՝ թշնամուն այդպես հեշտությամբ հանձնելու թեմաները։