Մազոխիզմն էլ չափ ու սահման ունի

Մազոխիզմն էլ չափ ու սահման ունի

Չստացվեց: Դրան մենք էլ նպաստեցինք՝ ուժերի գերլարումով: 30 տարում Արցախի բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ պակասեց: Ադրբեջանի տարբեր տարածքներից փախստականները գերադասեցին հիմնականում օտար ափերը, այլ ոչ իրենց պատմական հայրենիքը: 30 տարում չձևավորվեցին երկու հանրապետությունների առաջավոր ու մրցունակ տնտեսությունները, չստեղծվեց տնտեսական և ռազմական այնպիսի ներուժ, որով հնարավոր լիներ զսպել նավթագազային բարոնների ախորժակը: Հնարավոր է՝ հնարավոր էլ չլիներ, թույլ չտային, բայց փորձ էլ չարվեց դա անել: Այն տնտեսությունները, որոնք փաստացի ձևավորվեցին, կարող էին ձևավորվել առանց պետության աջակցության, նույնիսկ առանց դրա գոյության: 

Չստացվեց աշխարհին ապացուցել (միայն խոսքով չէ, այլ՝ գործով), որ Արցախը պատմական Հայաստան է: Չստացվեց ապացուցել, որ բնիկ արցախահայերի անվտանգության երաշխիքներ չեն կարող լինել Ադրբեջանի կազմում: Չստացվեց ապացուցել, որ Արևմտյան Հայաստանից սկսած էթնիկական զտումը շարունակվում է և տարածվել է Արցախի, իսկ հետագայում՝ Հայաստանի վրա։ Փոխվում են եղանակները, մեթոդները. ցեղասպանությունից, բռնի տեղահանումից մինչև անհավասար պատերազմի սանձազերծում, ոչ բռնի տեղահանում: Նույնիսկ հայոց ցեղասպանությունը փաստարկ չդիտվեց այն բանի համար, թե ինչ հեռանկար է սպասվում Հարավային Կովկասի հայերին: Հակառակը՝ ապացուցվեց, որ երկու հանրապետություններում ձևավորվել են այլասերված սպառողական հասարակություններ, որոնց համար ազգային արժեքները խորթ են, ազգային պետությունը՝ նույնպես:

Չնկատվեց ու մոռացության մատնվեց հսկայական Թուրքիայի հարձակումը փոքրիկ Արցախի վրա և պատերազմի անվան տակ նորօրյա ցեղասպանությունը: Չի նկատվի նաև նման հարձակումը Հայաստանի վրա, եթե Հայաստանի թավշյա գրավումը չհաջողվի: Այդ նպատակին է ծառայում Արցախի տարածքը: Տարածք, որը դե յուրե է դեռևս ինքնահռչակ պետություն համարվում, իսկ դե ֆակտո թերեւս արդեն գոյություն չունի: Արցախից մնացած մի պատառիկ տարածքը, այդ անհասկանալի կարգավիճակով, օգտագործվում է որպես խայծ՝ Հայաստանի Հանրապետությունը ոտնատակ տալու համար. թուրքերն ազատորեն կարող են տեղաշարժվել Հայաստանում: 
Եթե չի ստացվել անցած տասնամյակներում, ինչու՞ պետք է ստացվի առաջիկայում: Այս զարգացումների վերջը ոչ թե չարի վերջն է, այլ չարի սկիզբը: Ինքներս մեր ոգին ու կամքն այնպես ենք կոտրել, որ, օրինակ, Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության ընդամենը 10-15 տոկոսն է ցանկություն հայտնել հաստատվելու Արցախում (ենթադրաբար՝ այդպիսի հարաբերակցություն կլինի նաև ԱՀ-ի բնակչության մեծ մասի դեպքում), իսկ ՀՀ-ում թափ է հավաքում արտագաղթի նոր ալիքը։ Մազոխիզմն էլ չափ ու սահման ունի: Նպատակահարմար է թվում, խորհրդակցելով Ռուսաստանի և Իրանի հետ, մեր հայրենակիցների կազմակերպված տարհանումը և բնակեցումը ՀՀ-ում, միևնույն է՝ դա լինելու է ինքնաբերաբար և ավելի ցավագին, բայց արդեն հակառակորդի ռազմական ճնշման ներքո: Ի՞նչ Լաչինի միջանցք, ի՞նչ զանգեզուրի միջանցք:

Ի վերջո, ի՞նչ է մի 100-120 հազար մարդու վերաբնակեցումը, երբ Սիրիայից 3 միլիոն մարդ դուրս եկավ, իսկ Ուկրաինայից՝ 6-7 միլիոն: Բայց, դա էլ իմաստազուրկ կլինի, եթե անցյալի դասերը հաշվի չառնվեն, Հայաստանը չզարգանա, առաջվա նման հույսը դնի հանքերի բարբարոսաբար շահագործման, զբոսաշրջության և արորի գյուղատնտեսության վրա: Ավելին, եթե այդ խայծից արագ չազատվենք, ապա գործընթացները կդառնան անշրջելի, որի նախանշաններից է այն, որ, ըստ լրատվամիջոցներում հանդիպող տեղեկությունների, ՀՀ հարավն անցել է ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ (բա ինչ անեին, երբ տեսնում են, որ հայերը մոլորված են, հույսները՝ երկնքի հետ կապած): Հնարավոր է, որ այդ գործընթացներն արդեն իսկ անշրջելի են, եթե Սոչիում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ «Всё идёт по плану»: Այդ դեպքում, քվազիպետություն լինելուց նախընտրելի է, օրինակ, լինել ՌԴ-ի մարզ կամ Իրանի նահանգ: Թեպետ, հնարավոր է, որ մարդկանց որոշ մասն ընտրի Թուրքիան: 

Դժբախտաբար՝ զարգացումներն այլ կանխատեսման տեղ չեն թողնում: Մենք պարտվեցինք ոչ թե պատերազմում, այլ դրանից առաջ՝ որպես ազգ, որը հստակ ձևակերպված իրատեսական նպատակներ չի ունեցել: Մենք պարտվել ենք ոչ թե ինչ-որ պետության, մենք պարտվել ենք ինքներս մեզ: 

Խնդիրն այն է, թե քաղաքական ամուլ դաշտում քվազի քաղաքական որ ուժը կհամարձակվի հայտարարել դառն իրողությունների և դրանցից բխող պրագմատիկ լուծումների մասին: ՔՊ-ն էլ չի հայտարարում, բայց, վստահաբար, քայլ առ քայլ երկիրը տանում է նշված ճանապարհներից մեկով: Ընտրությունը մեծ չէ՝ վատթարագույնի և էլ ավելի վատթարագույնի միջև: Իրապես ազգային, հայրենասեր ուժերն այնքան տկար են, որ անկարող են փոխել այս կործանարար ընթացքը։ Ընթացք, որին դեմ չէ նաև տեղական («ազգային» բառը տեղին չէր լինի) կապիտալը:
Մենք արժանի չեղանք մեր պատմությանը, դարերով ստեղծված հարուստ պատմամշակութային ժառանգությանը, մենք անարգեցինք մեր նախնիների, հատկապես, հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հ.Գ. Այս էլ որերրոդ անգամ հնարավոր չեղավ օգտվել առաջացած հնարավորությունից: Գուցե, սա արժանապատիվ պետություն ունենալու վերջին հնարավորությունն էր:

Գագիկ Վարդանյան