Ռազմական գործիչների երկընտրանքը՝ դառնալ քավության նոխա՞զ, թե՞ ազգադավ կամակատար

Ռազմական գործիչների երկընտրանքը՝ դառնալ քավության նոխա՞զ, թե՞ ազգադավ կամակատար

Զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականի պահանջի մասին հայտնի հայտարարությունից վեց ամիս անց իշխանությանը հաջողվել է փոխել բարձրագույն հրամանատարական կազմի մեծամասնությանը։ Աստիճանաբար ազատվեցին ԶՈՒ ԳՇ պետը, տեղակալները, բանակային զորամիավորումների հրամանատարները, ԳՇ վարչությունների պետերը, ասել է թե՝ զորատեսակների հրամանատարները։ Նրանք էլ, ովքեր պաշտոնավարում են, թերեւս կա՛մ փոխարինող չունեն, կա՛մ էլ բարեհաջող հարմարվել են նոր իրողություններին։
Բանակի քաղաքականացումից առավոտ երեկո գանգատվող իշխանությունն ինքն ամենաշատը բանակը ներքաշեց քաղաքականության մեջ, գործող գեներալներին մեղադրեց տարատեսակ քաղաքական համակրանքների համար եւ այդ հիմքով էլ, անկախ մարտական արժանիքներից, նրանց ազատեց պաշտոններից։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, թշնամուն երկրից հեռացնելու փոխարեն, Օնիկ Գասպարյանին ակնարկելով՝ հայտարարում էր, թե պատերազմի օրերին նրան գեներալ-գնդապետի կոչում է շնորհել, իսկ հիմա նա դարձել է «գեղերում Քոչարյանի բուկլետ բաժանող»։ Ցանկը շարունակելով՝ Փաշինյանը ներքին թշնամի էր կարգում բոլոր այն գեներալներին, որոնք պետության անվտանգությամբ մտահոգված՝ պահանջել էին իր հրաժարականը։

Փաշինյանը, հավանաբար, «մոռացել» է, որ Օնիկ Գասպարյանն էր այն մարդը, որն իրեն ուղղակի ֆիզիկապես փրկեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ տեղ տալով ՊՆ թաքստոցում։ Պարզվում է՝ այդ գիշեր դա ամենաապահով վայրն էր, ԳՇ գեներալներն էլ այն անձինք էին, որոնք կարող էին ապահովել վարչապետի ֆիզիկական անվտանգությունը։ Փաստորեն, Պետական պահպանության ծառայությունը չէր կարող իրացնել իր այդ գործառույթը, մինչդեռ դա արեց հենց ԶՈՒ հրամկազմը։

Դա, ի դեպ, չապահովվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեպքում, եւ արդյունքում՝ նա մի կերպ փրկվեց արդարացիորեն գազազած ամբոխի ձեռքից։ Կառավարության եւ ԱԺ-ի շենքերի գրոհը մի քանի ժամում ավարտվեց, դրանց դռներն ամուր զմռսվեցին, իսկ դժգոհության գոլորշին բաց թողնվեց մի խումբ ջարդարարների անկանոն գործողություններով։ Անկախ հետաքննության դեպքում գուցե պարզվի, որ կառավարական շենքերի վրա գրոհն ու Արարատ Միրզոյանի մահափորձը հենց իշխանությա՞ն կազմակերպմամբ էին իրականացվել։ Ամեն դեպքում, այդ փորձությունից իշխանությունն ավելի ուժեղացած դուրս եկավ։

Օնիկ Գասպարյանի հետագա քայլերը եւ գործողությունների բացակայությունը տարակուսանք առաջացրին։ Նա նախընտրեց պայքարի «սահմանադրական» ճանապարհը՝ դատական բողոքարկումը՝ լավ իմանալով դատական իշխանության վրա գործադիրի ահռելի ճնշման մասին։ Ուշագրավ է, որ նրան փոխարինել համաձայնած միակ գեներալին՝ Արտակ Դավթյանին, այս իշխանությունը մեղադրում էր ապրիլյան պատերազմում տապալումների համար, իսկ 2020-ի ամռանը նա պաշտոնազրկվել էր կարանտինային միջոցառումներին չհետեւելու պատճառով։ Եվ այս անձը պետք է իր անձնական օրինակով կարգապահություն բերի զինված ուժեր։
«2018-ին զինվորի հաց գողացող բոլոր գեներալների վզակոթին տալով՝ պիտի վռնդեի»,- հպարտորեն ասում է Փաշինյանը։ Սա այն դեպքում, երբ այդ որակներին լավագույնս համապատասխանող գեներալներից մեկը՝ Գագիկ Մելքոնյանը, իշխանական խմբակցության պատգամավոր է։

Անկախության օրն ասված խոսքերն այն մասին, թե պետք չէ եւ պարտադիր չէ հաղթել ուրիշներին, գաղափարապես նախապատրաստվել էին ամիսներ առաջ, երբ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց, որ հպարտ է մեր պարտությամբ։ Մինչ պարտության բեռը դրվում է բացառապես բանակի վրա, գործող գեներալներին, չգիտես ինչու, թվում է, թե իրենք խուսափելու են իրենց բաժին պատասխանատվությունից կամ քավության նոխազ դառնալուց։

Պատվախնդիր զինվորականությունը պարզապես թշնամի է հայտարարված, եւ հարկ եղած դեպքում իշխանությունը չի խնայելու որեւէ մեկին։ Վկան՝ Դավիթ Տոնոյանի, Վաղարշակ Հարությունյանի, Օնիկ Գասպարյանի, Տիրան Խաչատրյանի եւ այլոց «զոհաբերումները»։

Դավիթ Սարգսյան