Ուրվականներ են շրջում Եռաբլուրում՝ պարտության ուրվականներ

Ուրվականներ են շրջում Եռաբլուրում՝ պարտության ուրվականներ

Ասում են՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին լռության րոպե է եղել: Կներեք, չէի իմացել, հետեւաբար նաեւ ոչ մի րոպե չեմ լռել այդ օրը: Ուրիշներին էլ եմ հարցուփորձ արել՝ շատերը չգիտեին: Մարդիկ եղան՝ նեղացան ինձնից, թե որտեղից պետք է իմանայինք, որ մի հատ էլ առավոտյան 11:00-ին լռեինք: Երկար փնտրեցի մեկ րոպե լռություն հայտարարելու մասին լուրը՝ չկար ու չկար: 11:30 էր արդեն, որ ՖԲ-ում նկատեցի բոլորիդ քաջ հայտնի Էդգար Ղազարյանի ավելի վաղ արած գրառումը.

«2021 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 11։00-ին մեկ րոպե լռություն հայտարարելու մասին միակ պաշտոնական ծանուցումը կատարվել է Facebook սոցիալական ցանցի ՀՀ կառավարության հաշվից։ Այդ կապակցությամբ չի ընդունվել ոչ մի իրավական ակտ (ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի որոշում)։ Այդ մասին չկան հայտարարություններ նաեւ ՀՀ կառավարության եւ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքերում։ Սա լուրջ ցուցիչ է գնահատելու համար ներկա իշխանությունների վերաբերմունքը 44-օրյա պատերազմի եւ դրա ընթացքում նահատակվածների հիշատակի հանդեպ»: Այս գրառումը կարդալուց հետո միայն հասկացա, թե ինչու չեմ իմացել «լռության րոպեի» մասին: Ես կառավարության հետ ի՞նչ գործ ունեմ, որ մի հատ էլ կառավարության ֆեյսբուքյան էջի բաժանորդ լինեմ…

Այսուհանդերձ, փոքր երկիր ենք, մի բուռ ժողովուրդ, ինչպես ասում են, եւ պետք է որ այդ լուրն արագ տարածվեր: Բայց այդ օրը վաղ առավոտյան իմացա, որ Նիկոլը, լույսը չբացված, այցելել է Եռաբլուր ու դիվադադար արել տղերքին: Ի դեպ, այս մասին նախապես ոչ մեկին ոչինչ չէին ասել ո՛չ կառավարության կայքէջն ու ՖԲ էջը, ո՛չ Նիկոլի էջը, ո՛չ էլ որեւէ լրատվամիջոց: Լրատվամիջոցները, փաստորեն, պապարացիներից են իմացել, որ Նիկոլը Եռաբլուրում է եւ մահասարսուռ լռության մեջ ծաղիկ է դնում կիսակառույց շիրիմներին:

Ի դեպ, սա էլ է ցուցիչ: Հայաստանում մարդու մահանալուց մեկ տարի անց շիրիմը պետք է պատրաստ լինի: Սա ես չեմ ասում, կարգ կա այդպիսի՝ քարը դրված, ցանկապատը (պարտադիր չէ) շարված: Բայց Նիկոլը եւ նրանից հետո ժամանած պաշտոնյաները, ինչպես տեսանք, դեռ ցատկոտում էին շինարարական աղբի մեջ: Ինչեւէ:

Քանի որ պաշտոնյաներին հիշեցի, մի պարբերություն էլ նրանց նվիրեմ: Տարօրինակ էր, որ 44-օրյա պատերազմի սկսման օրը Փաշինյանին Եռաբլուրում ոչ մի գեներալ-փուչիկ չէր ուղեկցում: Սա նույնն է, թե ամեն տարի հունիսի 22-ին Պուտինը Հայրենական մեծ պատերազմի զոհերի անմար կրակին այցելի առանց մարշալների: Բայց մյուս կողմից էլ՝ իբր ինքը քիչ էր, մի քանի դավաճանի էլ ավել գցեր պոչից ու տաներ Եռաբլուր: Հաղթող գեներալներին են բանի տեղ դնում, պարտվողին ինչի՞ տեղ դնեն, որ մի հատ էլ հերոսների շիրիմներին ծաղիկ դնելու տանեն, այնպես չէ՞: Եվ, այնուամենայնիվ, սեպտեմբերի 27-ին նման մի գեներալ հայտնվել էր Եռաբլուրում: Նրան մեծարում են՝ գեներալ-լեյտենանտ-պատգամավոր Գագիկ Մելքոնյան:

Մինչ Եռաբլուրում բարձրաձայնած նրա ապուշություններին անդրադառնալը կուզենայի մի հարց պարզել: Պարոն Մելքոնյան, այդ ինչպե՞ս պատահեց, որ 2008թ. Ձեր մերձավոր գեներալ Մանվել Գրիգորյանին 10 տարի անց Նիկոլը բանտարկեց, իսկ Ձեզ ձեռք չտվեց: Այս հարցն ինձ հետաքրքիր է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթներից մեկի համատեքստում, որտեղ նա բարձրաձայն վանկարկում էր՝ Ման-վել, Ման-վել, Գա-գիկ, Գա-գիկ: Ո՛չ Մանվելը, ո՛չ Դուք չհասաք ԼՏՊ-ին օգնության, որքան հիշում եմ: Եվ ուրեմն ինչո՞ւ Մանվելին սպանեցին, իսկ Ձեզ դարձրին պատգամավոր: 2018-ին ի՞նչ ծառայություն էիք մատուցել Նիկոլին, չլինի՞ Մանվելի տուշոնկաների տեղը Դուք էիք ասել…

Իսկ հիմա անցնենք Գագիկ Մելքոնյանի հանճարեղ մտքերին, որ նա առատորեն արտաբերեց Եռաբլուրում: Ասել է, որ մենք իբր դասեր ենք քաղել ու հասկացել, որ պետք է միասնական լինենք: Լո՞ւրջ: Իսկ Նիկոլին այդ մասին որեւէ բան ասե՞լ եք, պարոն գեներալ: Հանկարծ չասեք՝ Նիկոլին եմ լսեցնում: Դա շատ ծիծաղելի կլինի հատկապես Ձեր պարագայում, քանզի ազգը երկպառակելու արվեստը նրա հետ սովորել եք նույն քաղաքական ձիանոցում: Եվ իսկապե՞ս ճիշտ եք համարում, որ Նիկոլն իր վերջին տեսաելույթում Ադրբեջանի կողմից Շուշիի եւ Հադրութի բռնազավթման մասին չխոսեց: Գեներալին, արդյոք, վայե՞լ է հայտարարել, թե մենք սուսուփուս, տակից փորելով պետք է հետ բերենք այս պատերազմում կորցրածը:

Շատ ներողություն, բայց մենք 1988 թվականից այնպիսի գոռգոռոցով մտանք թատերաբեմ, այնպիսի հնչեղ հաղթանակներ տոնեցինք Արցախյան ազատամարտում, որ հիմա լռելն ուղղակի վախկոտություն է եւ ուրիշ ոչինչ: Ես հասկանում եմ, որ Փաշինյանի համար ոտք դնելու հողակտոր եք պատրաստում՝ լռել եւ չպատասխանել Ալիեւի ոչ մի հայտարարության, բայց այդպես չի կարող լինել, չի կարող լռել մի ղեկավար, որ իրեն վստահված երկիրն ու ժողովրդին հասցրել է կործանման եզրին, որ 4-5 հազար մարդկային կյանք է մատաղ արել, տասնյակ հազարավոր հաշմանդամներ ու անհետ կորածներ պարգեւել, հազարավոր ընտանիքների թողել անտեր ու անտուն: Ե՞ս պետք է խոսեմ Ադրբեջանի կողմից Շուշիի ու Հադրութի բռնագրավման մասին: Ինձ ո՞վ է լսողը, բա չե՞ն ասի՝ քո երկիրը ղեկավար չունի՞: Փաստորեն, պարոն գեներալ-փուչիկ, առաջարկում եք լռել, որ Նիկոլն ու իր հիմար գեներալիտետն այդ լռության մեջ մարսեն կերած բողկերն ու վայելե՞ն իշխանությունը: Ճիշտն ասած՝ խիստ կասկածում եմ, որ դա Ձեզ կհաջողվի:

Մի խոսքով՝ էս լռության րոպեն հաշիվ չէր: Ամեն աճպարարություն չէ, որ կարելի է սղղացնել հարգանք մատուցելու տեղ: Դուք նախ նրանց, ում իբր հարգում եք, հարցրեք՝ արժանի՞ եք, արդյոք, այդ հարգանքը նրանց մատուցելու: Չի բացառվում, որ ձեզ ասեն՝ ոչ: Ուզում եմ ասել՝ դեռ նախ ինքներդ արդարացեք եւ ապացուցեք, որ դուք չեք այս ամենի թիվ 1 մեղավորը: