Փակված թատրոնի շենքը կդառնա նվագախմբի փորձասենյակ

Փակված թատրոնի շենքը կդառնա նվագախմբի փորձասենյակ

Ինչպես հիշում ենք, 2021թ․ Կամերային թատրոնը լուծարվեց, իսկ շենքը տրվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, իբրեւ թե սիմֆոնիկը շենքային պայմանների բարելավման կարիք ունի։ Սակայն այն ժամանակ սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության հասցեին քննադատություններ հնչեցին, որ նպաստում են թատրոնը վերացնելուն՝ իրենց տեղ հատկացնելու անվան տակ է իշխանությունը վերացնում թատրոնը։ Երկար ժամանակ թատրոնի տարածքը փակի տակ էր։ Սակայն օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հատկացված այդ տարածքում, տեղում ծանոթացել շենքի առկա վիճակին, իրականացվող աշխատանքներին եւ առաջիկա անելիքներին: 

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի ներկայացմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ամրացված գույքն օգտագործվելու է որպես նվագախմբի փորձասենյակ, ձայնագրման ստուդիա, գործիքների պահեստ, ինչպես նաեւ ստեղծագործական եւ վարչատնտեսական անձնակազմի գրասենյակ: Նվագախմբի փորձերի իրականացման պարտադիր նորմերի եւ պայմանների ապահովման, ինչպես նաեւ անձնակազմի բնականոն գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ է կատարել համապատասխան աշխատանքներ: Արդեն պատրաստ է նաեւ շենքի նորոգման նախագծանախահաշվային փաթեթը, որն այժմ փորձաքննության փուլում է։ «Հստակ է, որ ունենալու ենք արդիական, ամբողջական ենթակառուցվածք՝ թե՛ փորձերի, թե՛ աշխատանքային տարածքի եւ թե՛ ձայնագրման ստուդիայի մասով: Հատկապես կարեւորում եմ, որ այդ ենթակառուցվածքները, ընդհանուր առմամբ, ծառայելու են ոլորտին»,- մասնավորապես նշել է Ժաննա Անդրեասյանը։