Մայիսի 9-ը Շուշիի տոնն է, Շուշին չի մեռել, Շուշին կա

Մայիսի 9-ը Շուշիի տոնն է,  Շուշին չի մեռել, Շուշին կա

Մենք այսօր հավաքվել ենք այստեղ մեզ համար շատ թանկ ու կարևոր մի անձի տեսլականով, Կոմանդոսի տեսլականով։ Եվ պատահական չէ, որ այսօր ենք հենց հավաքվել՝ եռատոնի նախաշեմին։

Այս մասին քիչ առաջ Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան «Քաղաքացիական  խորհուրդ» հայրենասիրական ՀԿ-ի համաժողովին իր ելույթում ասաց  Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Ցավոք, այսօր շատերը երկմտում են՝ եռատոն է դա, թե՞ չէ, տոնու՞մ ենք, թե չէ, տոնու՞մ ենք, թե՞ ընդամենը հիշում ենք։ Որպես հայաստանցի,որպես հայ մարդ, ինձ համարը տոնը մնում է տոն՝ չնայած ամեն եղելության, որ պատահեցին վերջին ամիսների ընթացքում։ Հենց տոնն է, որ պահում է մեր մեջ ապագայի տեսլականը։1500 տարիներից ավել մենք անընդհատ խոսում ենք Վարդանանց պատերազմի մասին, նշում ենք դա։ Իրականում Վարդանանց պատերազմում հայերը ֆիզիկապես պարտվեցին, բայց պարտված դուրս չեկան։ Նրանք հաղթեցին, մնացին հայ, հայ քրիստոնյա ու շարունակեցին ապրել մինչեւ այսօր։ Մեզ համար մայիսի 9-ը Շուշիի տոնն է նաև։ Շուշին չի մեռել, չի ոչնչացել, Շուշին կա։ Այն, որ այսօր քաղաքը ժամանակավորապես ուրիշի տիրապետության տակ է, չի նշանակում մենք հրաժարվել ենք Շուշիից։ Հիսուսն էլ խաչի վրա մեռավ, ուրեմն ի՞նչ,պարտվե՞ց, իհարկե ոչ, նա իր մահով հաղթեց մահվանը։ Հիսուսը չպարտվեց, դավաճանվեց, բայց չպարտվեց»,- ասաց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։