Ճշմարտության եւ արդարության հաղթարշավի համար անհրաժեշտ է երկու բան

Ճշմարտության եւ արդարության հաղթարշավի համար անհրաժեշտ է երկու բան

Հանս ֆոն Աախեն,  Ճշմարտության եւ արդարության հաղթարշավը  
(1598)

Ճշմարտությունը, որպես մարդու ստեղծած մեծագույն արժեք, դարեր շարունակ հետաքրքրել է մտածողներին, փիլիսոփաներին: Այն ար­տացոլվել է արվեստում. գեղանկարչություն, քանդակագործություն…

Ճշմարտությանն անդրադարձել են մատերիալիստ եւ իդեալիստ փլիսոփաները՝ Էպիկուրը, Դեմոկրիտեսը, Պլատոնը, Բեկոնը, Հյումը, Կանտը, Լոկը եւ ուրիշներ: Ամերիկյան իդեալիստ փիլիսոփա Չարլզ Փիրսը ճշմար­տություն է համարել գաղափարների եւ գործողությունների համապատաս­խանութ­յունը: Վոլտերը նկատել է, որ «ով ազատություն եւ ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ՝ նա երբեք չի լինի»: Այսինքն՝ եթե որեւէ քաղաքական գործչի հռչակած գաղափարները չեն համապատասխանում նրա գործողություններին, ապա նա կարող է դառնալ հզոր մարդ:

Ավետիք Իսահակյանն ասել է. «Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թեւերով»։ Վարպետը պայծառատես էր, բայց նրա մեծությունը թույլ չէր տա պատկերացնել, որ բացի թեւեր ունենալուց, ճշմարտության որոշ չափաքանակով համեմված սուտը նման է բազմաստիճան հրթիռի, որի թռիչքի ժամանակ աստիճաններն անջատվում են (այսինքն՝ ճշմարտությունը, որպես աստիճան, պահանջվում է «գրավիտացիան» հաղթահարելու համար, այս հոդվածի իմաստով՝ մարդկանց զգոնությունը բթացնելու համար), եւ «տեղ է հասնում» ու ազդեցություն ունենում միայն սուտը: Երբ իմքայլականները Գյումրիից սկսեցին քայլարշավը եւ մինչեւ մայրաքաղաք հասնելը մարդկանց ճշմարիտ բաների մասին էին ասում, մարդիկ հավատում էին նրանց: Բայց ոչ ոք չէր հավատում, որ այդպես՝ քայլելով, «ճշմարտությունը» կհաղթանակի: Բանն այն էր, որ ճշմարտության փաթեթավորմամբ հմտորեն հրամցվում էին սուտը, կեղծիքը, որ «թեւեր առած»՝ անմիջապես հասնում էին մայրաքաղաք՝ պարարտ հող նախապատրաստելով «մոլոտովի կոկտեյլի» համար, ինչն էլ պայթեցրեց երկիրը:

Հետագա զարգացումները հանգեցրին նրան, որ «քայլողները» դարձան հզոր մարդիկ՝ իրավապահ համակարգի նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելով: 
Ինչպես էր հնարավոր այդ կարճ ժամանակահատվածում լվանալ մարդկանց ուղեղները: Նուրբ ու հմտորեն մշակված քարոզչությամբ՝ Ադոլֆ Հիտլերի «Մայն քամփֆ»-ում նկարագրված հրահանգի հանգույն. «Ցանկացած քարոզչություն, հա­ջողութ­յան հասնելու համար, պետք է սահմանափակվի ընդամենը մի քանի կե­տով եւ շարադրի այս կետերը հակիրճ, հստակ, հասկանալի, հեշտությամբ հիշվող կարգա­խոսների ձեւով՝ կրկնելով այս ամենը, մինչեւ կասկած չլինի, որ նույնիսկ ուկնդիր­ներից ամենահետամնացը յուրացրել է այն, ինչը մենք ցանկացել ենք»: 

Համապատասխանո՞ւմ են, արդյոք, կարգախոսները ֆյուրերի հրա­հանգներին. «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին», ոստիկան­ներին ուղղված՝ «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժին», «Ոստիկա՛ն, միացի՜ր», վարորդ­ներին ուղղված՝ «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» եւ այլն: Տարակուսանք է առաջացնում ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հայտարարությունը. «Սուտը ձեր միակ մրցակցային առավե­լությունն է, միակը․․․»։ Բայց դա քիչ չէ եւ ոչ թե համեմատական, այլ բացարձակ մրցակցային առավելություն է: Մի՞թե մեր միակ հնագույն կուսակցությունում տեղյակ չեն, որ մարդիկ ավելի շատ հա­վատում են ստին, քան ճշմարտությանը, համախմբվում են ստի շուրջ, այլ ոչ գա­ղափարի, թեկուզ՝ վեհ:
ՀՅԴ 130-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ներկայացնելով ՀՅԴ անցած ուղու անկյունաքարային դրվագները, ընդգծեց` ՀՅԴ-ն համայն աշխարհով մեկ համահայկական եւ ազգային ազատագրական պայքար մղող միակ կազմակերպությունն է՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանն ու Արցախը, ամրապնդել պետականության հիմքերը, շաղկապելով հայրենիքն ու սփյուռքը: 

Ահա, այս իրապես վեհ գաղափարների շուրջ չի հաջողվում շաղկապել հայրենիքն ու սփյուռքը, չի զարգանում համագործակցությունը նրանց միջեւ: Չստացվեց 17-ի շարժումը, որի «կա­տալիզատորը», ըստ էության, ՀՅԴ-ն էր: Հասարակությունը չհամախմբվեց ճշմարտության շուրջ: Իսկ որո՞նք էին անհերքելի ճշմարտությունները. 1) Հայաստանի բաղկացուցիչ մասը կազմող Արցախի կորուստ, 2) հազարավոր (ոչ թե պլյուս, մինուս 50) զոհեր, 3) հազարավոր հաշմվածներ, 4) տնտեսության կոլապս, 5) պետական բյուջեի միջոցների մսխում, 6) բանակի կազմալուծում, 7) հասարակության մասնատում եւ դեգրադացում: Կարելի է շարունակել թվարկումը: Եթե փաստարկներ ներկայացվեն, որ Արցախը չի կորսվել, զոհեր չեն եղել, ամեն ինչ նորմալ է, եւ անհասկանալի են վարչապետի հրաժարականն ու արտահերթ ընտրությունները: 
Յուվալ Նոյ Խարարին իր «21 դաս XXI դարի համար» գրքում գրում է. «...մարդկային համագործակցության ուժը կախված է ճշմարտության եւ կեղծիքի երերուն հավասարակշռությունից»:

Ինչո՞ւ 17-ը չհասավ հայտարարված նպատակին: Շատ պարզ: Հանրահավաքներին հայտարարվում էին բացարձակ ճշմարտություններ: Մինչդեռ բացարձակ ճշմարտությունը, որը սովորաբար ինչ-որ մեկի կամ մարդկանց խմբի համար միշտ դառն է լինում, ոչ ոքի պետք չէ: Մարդկությունը նախընտրում է իշխանությունը, այլ ոչ ճշմարտությունը: Նույնը բնության մեջ է. Շվեյցարիայում հանդիպում են լճեր, որոնցում բացակայում է ֆաունան, քանի որ ջուրն իդեալական մաքուր է, այսինքն՝ բացարձակ «ճշմարիտ»:

Ինչո՞ւ են կեղծ լուրերը, սուտն արագ տարածվում եւ «լվանում» մարդկանց ուղեղները: Թալանչիներ, սերմացու գողացող մկներ, միլիարդավոր դոլարներ կուտակած նախագահներ, երեխաներ վաճառող բժիշկներ եւ այլն: Կեղծ լուրերի հետեւում փաստեր են, իրական տառապանքներ: Մարդը, երբ լսում է, որ աղքատ երկրի ղեկավարը միլիարդատեր է, իսկ պետական կառավարման համակարգը թաթախված է կոռուպցիայի մեջ, կորցնում է դատելու կարողությունը. ինչպե՞ս չկորցնի, երբ ապրուստի միջոց հազիվ է հայթայթում: Ու ոչ մի նշանակություն չունի, որ այդ լուրը ֆեյք է: Ընտանեսեր, երեխասեր հայն ինչպե՞ս «չխելագարվի»՝ լսելով երեխաների «արտահանման» մասին լուրերը, նույնիսկ, եթե դրանք ճշմարիտ չեն: Հետո մարդկանց այլեւս չի հետաքրքրում, թե ինչ եղավ կոռուպցիոներների հետ, ինչ պարզվեց վաճառված երեխաների մասին, նրանց ուղեղներն այլեւս մթագնված են:

Չնայած վերոնշյալին, այդուհանդերձ, ճշմարտությունը պարզելու ճանապարհով ուղեղների լվացման մեքենայից հնարավոր եւ անհրաժեշտ է դուրս գալ: Դրա համար պետք է ջանք գործադրել՝ իրականությունը մտացածինից զատելու համար: Խարարին առաջարկում է գործնական կանոններ, մեկը ակադեմիական հանրությանը՝ որպես գիտելիքի ամենահուսալի աղբյուրին ապավինելն է: Ըստ նրա, ակադեմիական շրջանակները, գիտնականները, արվեստի գործիչները պետք է ակտիվ մասնակցեն հանրային քննարկումներին, նրանք չպետք է վախենան արտահայտել իրենց կարծիքը: Լռությունը հավասարազոր չէ չեզոքությանը եւ գոյություն ունեցող կարգին աջակցություն է:
Անշուշտ, ակադեմիական շրջանակների որոշ ներկայացուցիչներ բոլոր իշխանությունների օրոք էլ այս կամ այն չափով արտահայտել են իրենց կարծիքը տարբեր հիմնախնդիրների մասին: Բայց խոսքը շատ սահմանափակ թվով մարդկանց մասին է:

Ակադեմիայի մասին լսում ենք, երբ հարց է բարձրացվում այն լուծարելու կամ ֆինանսավորումը կրճատելու մասին, ռեկտորները, համալսարանական հանրությունը ձայն են հանում, երբ նախարարությունը փորձում է վերահսկել համալսարանների գործունեությունը, բայց լռում են, երբ անհայտ ծագմամբ առանձնյակները նույնիսկ, քրեորեն պատժելի արարքներ են թույլ տալիս ռեկտորի նկատմամբ: Դպրոցների տնօրենները, դասախոսները, ուսուցիչները ձայն են հանում, երբ հիմնախնդիրը «չոքում» է իրենց դռան առաջ: Փողոցներում ճշմարտության համար պայքարողները նրանց չեն հետաքրքրում, իրենք իրենց գործերով են զբաղված:

Ճշմարտության եւ արդարության հաղթարշավի համար անհրաժեշտ է երկու բան. լուրջ լրագրողական աշխատանք՝ ստի ու կեղծիքի տարածումը կանխարգելելու համար, եւ ակադեմիական հանրության, արվեստագետների մեծ ներգավվածությունը հանրային քննարկումներում: Եթե, իհարկե, ցանկանում ենք ունենալ արդարության եւ ճշմարտության վրա հիմնված հասարակություն եւ պետություն:

Գագիկ Վարդանյան