Թեկուզ օդի իշխանություն, միայն թե մնան

Թեկուզ օդի իշխանություն, միայն թե մնան

Ամենաքիչը ծայրահեղական պետք է լինի մարդը, որ պատերազմում պարտվելուց, Արցախի 70-75 տոկոսը կորցնելուց հետո հավակնություն ունենա  վերընտրվելու, նորից պաշտոնավարելու ե՛ւ որպես անհատ, ե՛ւ որպես քաղաքական թիմ: 44 օր կեղծ հաղթանակով թմրեցնելուց եւ կապիտուլյացիային հավասար զինադադար ստորագրելուց հետո: Շուրջ 5 հազար զոհ տալուց, 10 հազար վիրավոր ու անհայտ կորածներ ունենալուց հետո: Արցախում ու Սյունիքում անպատերազմ տարածքներ հանձնելուց հետո: Ուրեմն ինչ-որ տեղ համոզված է, ինչ-որ տեղ վստահություն ունի, որ իրեն հավատացող ու սատարող կա, եւ հույս ունի այնքան քվե ստանալու, որ բավարար է վերընտրվի եւ պաշտոնավարել շարունակի ինքը եւ իր թիմը:

Նույն ինքը եւ իր թիմը, որ ամենաքիչը երկվության զգացողություն են առաջացնում՝ լացի եւ ծիծաղի տարակուսանքով, երկբայելի ընտրությամբ: Երբ մի երկու ամիս առաջ երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարում է, թե Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք է, եւ հռետորական հարցադրում անում` մեզ պե՞տք էր Շուշին, իսկ հիմա նույն բարձր ամբիոնից թիմակիցները սրտակեղվում են, որ այդ դժգույն եւ դժբախտ, մեզ համար անպետք քաղաքի մայր տաճարի գմբեթն է խեղվում ու պղծվում թշնամու ձեռքով: Քաղաք, որի հանձնումը լիովին արդարացված էին համարում, քանի որ թուրքական էր իրենց ըմբռնմամբ: Գոհունակությամբ հանձնել են քաղաքը, պատճառաբանում եւ արդարացնում են այդ հանձնումը, բայց անհանգստանում են եկեղեցու գմբեթի համար: Ակամայից հարց ես տալիս` մա՞րդ ենք, թե՞ կապիկ:  

Անհատ եւ թիմ, որ ձեռքերը լվացել են Արցախից: Համաձայն են Սյունիքի սահմանների հետ կատարվածին` մատնած թշնամու խղճին եւ հայեցողությանը: Անտարբեր են նաեւ այսօր կատարվողի հետ նույն Սյունիքում: Որոշում է թշնամին, իսկ իրենց ներկայությունը բացակա է: Եթե ներկա են, ապա ռուս խաղաղապահի ուղեկցությամբ` սեփական երկրում: Չեն նկատում ռազմագերիների խնդրի լուծումը, նրանցից 19-ի խոշտանգումն ու մահը: Չեն տեսնում երկրի ցավն ու տառապանքը, հակառակ դեպքում արտահերթ ընտրությունների չէին գնա, պարզապես կհեռանային: 

Ողբերգության մեջ գտնվող երկրին ընտրության առաջ չեն կանգնեցնում: Բայց այդ մարդիկ թքած ունեն ե՛ւ երկրի վրա, ե՛ւ ողբերգության վրա, նրանց նպատակն է իշխանության մնալը: Նրանց չէր հետաքրքրում ինչպես Արցախը, այնպես էլ չի հետաքրքրում Հայաստանը, բայց ուզում են մնալ իշխանություն, թեկուզ օդի իշխանություն, միայն թե մնան: 

Այս անհատին եւ իր թիմին ընտրելով` մենք ընտրում ենք Արցախի կորուստը: Համաձայն ենք, որ 5 հազար զոհ ենք տվել` «պլյուս-մինուս հիսուն», համաձայն ենք, որ սերունդ ենք կորցրել: Համակերպվում ենք, որ 44 օր մեզ խաբել են, թե հաղթում ենք, վերջում խայտառակ պարտություն մատուցել: Հաշտվում ենք Սյունիքը մաս առ մաս հանձնելու հետ եւ այն ծրագրերի հետ, որ Ալիեւն է ուզում իրականացնել Սյունիքում: Նաեւ վաղը Սեւանի ու Երեւանի հանձնելու հետ ենք հաշտվում: Ընդունում ենք այն խայտառակությունը, նվաստացումը, արժանապատվությունից զուրկ վիճակը, որի մեջ հրել ու գցել են մեզ այդ անհատն ու իր թիմը:

Հուսիկ Արա