Գլխահակ եւ անարժանապատիվ՝ դեպի Սոչի եւ Բրյուսել

Գլխահակ եւ անարժանապատիվ՝ դեպի Սոչի եւ Բրյուսել

Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ տարվա դադարից հետո՝ նոյեմբերի 26-ին Սոչիում, ապա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սեղմելու է ադրբեջանցի իր կառուցողական պաշտոնակցի ձեռքը՝ նախ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա ԵՄ ղեկավար Շառլ Միշելի հայացքի ներքո։ Փաստորեն, Եվրամիությունը չհաջողեց միակողմանիորեն իր ձեռքը վերցնել Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման նախաձեռնությունը։

Բրյուսելյան հանդիպման պայմանավորվածությունից օրեր անց ազդարարվեց Սոչիում նախատեսվող Պուտին-Փաշինյան-Ալիեւ գագաթնաժողովի մասին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ ավելի վաղ ասած՝ նման հանդիպման շուրջ կոնսենսուսի բացակայությունը փաստացի հաղթահարվել է, եւ տեւական ընդմիջումից հետո մեկ ամսվա ընթացքում երկու նմանատիպ հանդիպում կկազմակերպեն ՌԴ-ն եւ Եվրամիությունը։

Ալիեւը, բնականաբար, սահմանին առկա հարաբերական հանգիստը կներկայացնի որպես սեփական բարի կամքի արտահայտություն՝ պնդելով, թե իրենք իբր անկեղծորեն ցանկանում են պահպանել հրադադարը։ Դրա համար, սակայն, անհրաժեշտ է սկսել սահմանագծումը երկու երկրների միջեւ՝ իրենց զավթած տարածքների փաստացի լեգիտիմացմամբ։ Հանդիպմանը ներկա օտարերկրացի բարձրաստիճան դիվանագետներն էլ, պարզ է, կողջունեն այս գերխաղաղասիրական առաջարկն ու կոչ կանեն շուտափույթ սկսել երկու երկրների սահմանազատումը։

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, «կմոռանա» իր խոսքում նշել, որ Ալիեւն արդեն ոչ միայն հայկական Արցախի, այլեւ ՀՀ անքակտելի մաս Սյունիքի հանդեպ է տարածքային հավակնություններ ներկայացնում եւ թիզ առ թիզ զավթում է այն։ Հավանաբար, կլռի պատերազմի օրերին Հայաստանի ինքնիշխան տարածքի պարբերական հրթիռակոծումների, քաղաքացիական բնակչության դեմ ԱԹՍ-ների կիրառման, պատերազմից հետո սահմանապահ գյուղերի բնակիչների մշտական ահաբեկման, անասնագողությունների եւ թիրախային կրակոցների մասին։ 

Խաղաղության դարաշրջանի դրոշակակիրը հո չի՞ կարող թշնամուն, որին պարզապես իբրեւ հարեւան է ներկայացնում, կտրուկ արձագանքել։ Ի՞նչ կասեն ռուսաստանցի դիվանագետները եւ հատկապես եվրապաշտոնյաները, ապակառուցողականության համար չե՞ն մեղադրի։ Եվ ուրեմն՝ մոռանալ պատերազմի հազարավոր զոհերի, հայրենիքի զգալի տարածքների զավթման, Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունների, տասնյակ քաղաքացիական զոհերի եւ թիկունքին հասցված թիրախային հարվածների մասին, կենտրոնանալ ապագայի վրա:

Պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարում էր, թե արցախյան հիմնահարցի դիվանագիտական լուծումն սպառված է, կա միայն ռազմական լուծում, իսկ անցած մեկ տարում՝ ճիշտ հակառակը՝ Սեւ լճի կամ մյուս տարածքների զավթման համար հո չե՞ն կրակելու թշնամու վրա։ Հետպատերազմյան տարում մեր բնական դաշնակիցների հետ ճամփաներն անթույլատրելիորեն բաժանվեցին, երբեմնի համընկնող շահերը դարձան հակադիր։ Հայաստանի ինքնիշխան տարածքի թիրախավորմանը, սահմանների անխախտելիության սկզբունքի տոտալ ոտնահարմանը, մեր երկիրը «միջանցիկ հետնաբակ» դարձնելուն որեւէ երկիր, այդ թվում մեր ռազմավարական դաշնակիցը, չարձագանքեց, քանի որ նախեւառաջ Երեւանն ինքն էր վարանում այդ ամենին պատշաճ գնահատական տալ՝ ո՛չ ռազմի դաշտում, ո՛չ էլ դիվանագիտորեն։

Գրեթե ակնհայտ է, որ Սոչիի կամ բրյուսելյան հանդիպման նախօրեին թշնամին հերթական սադրանքն է հրահրելու Սյունիքի մատույցներում։ Նախիջեւանի սահմանին կուտակված հսկայածավալ զորքը, Երեւանում ԱՄՆ դեսպանատան զգուշացումն իր քաղաքացիներին՝ զերծ մնալու Սյունիքի սահմանային ճանապարհներով երթեւեկելուց, եւ մի շարք այլ ազդակներ վկայում են, որ թշնամին կփորձի ավելի խորանալ Հայաստանի ամենանեղ հատվածի թիկունք՝ երաշխավորելու հնարավոր միջանցքի բացումը։ Իսկ մինչ այդ իշխանությունը թող ավետի, ապա հերքի Կապանի օդանավակայանից թռիչքների մեկնարկի մասին լուրը, նոր սերնդի արծրունհովհաննիսյանական քարոզչությունն էլ, սեփական կորուստների հաշվարկի փոխարեն, թող թշնամու զոհերի ուռճացված վիճակագրությամբ զբաղվի։

Դավիթ Սարգսյան