Զգուշացեք, ասուլիզմ ա

Զգուշացեք, ասուլիզմ ա

Միանգամից ասեմ, որ «ասուլիզմ» եզրույթի հեղինակային իրավունքներն ամբողջությամբ պահպանված են, եւ հղումն այդ բառի հեղինակին՝ Արմեն Աշոտյանին, պարտադիր է: Միանգամայն այլ հարց է, թե ինչ ասոցիացիաներ է առաջացնում այդ բառը ձեր մեջ: Այստեղ դուք միանգամայն ազատ եք եւ ձեր երեւակայությամբ ինչ ուզենաք, կարող եք բստրել: Իմ մտքով, օրինակ, անցավ «կլիզման» (հոգնա)… «Ասուլիզմ արեց, թողեց» կամ՝ «Կլիզմա արեց, թողեց»: Տարբերությունը, ինչպես տեսնում եք, մեծ չէ, եւ հանրությունն էլ այնպես է ընդունել այդ օրվա «կենդանի» կատակլիզմը, ասես նրան տարբեր ռակուրսներից կլիզմա են արել ու թողել:

Ղժժում են բոլորը՝ քաղաքագետները, վերլուծաբանները, իրավաբանները, պատմաբանները, տնտեսագետները, տաքսու վարորդները, աշխատանք ունեցողները, գործազուրկները, թոշակառուներն ու նպաստառուները, վերադարձող խոպանչիները, երկիրը լքողները, լրագրողները, սփյուռքահայ զբոսաշրջիկները, մարզպետները, քաղաքապետերը, գյուղապետերը, մաքրուհիները եւ նույնիսկ սանտեխնիկները: Մի խավ կա միայն, որ շատ հանգիստ է ընդունել Փաշինյանի «մեծ ու կենդանի» ասուլիզմը, եւ այդ խավը «ուսապարկությունն» է, որի համար մեծ հաշվով նույնն է՝ տգե՞տ է իրենց առաջնորդը, թե՞ ստախոս, մուտիլովչի՞կ, թե՞ դավաճան, սկլերոզո՞վ է տառապում, թե՞ քրոնիկ պարտվողականությամբ: Կարեւորն այն է, որ լափամանում կա հաց, իսկ առաջնորդն էլ կարող է ժամերով «կլիզմա» անել իրենց արդեն իսկ ատող, իրենց վախճանը պահանջող հանրության ուղեղները:

Այդ ասուլիզմի բովանդակության մասին ոչինչ ասել չեմ կարող: Կլիզմայի բովանդակությունը ո՞րն է, չէ՞: Եվ ապա՝ այդ ի՞նչ նորություն ասվեց այդ օրը, որ 3 տարի շարունակ չէր ասվել նրա ուղիղ եթերներում կամ նախապես նկարահանված ելույթներում: Հայտնի լրագրող եւ վերլուծաբան Վահան Իշխանյանը հեռավոր Կանադայից հարցնում է․ «Փաշինյանը տգե՞տ է, թե՞ իրեն տգետի տեղ է դնում»: Կարճ ասեմ՝ ե՛ւ, ե՛ւ: Տգետ է, որովհետեւ ոչինչ չի հասկանում քաղաքականությունից, անվտանգությունից, երկրների փոխհարաբերություններից, միջազգային իրավունքից, մարդու իրավունքներից, բանակից, տնտեսությունից, կոլխոզ-սովխոզից, ոչնչից: Եվ, ով զարմանք, ինքը գիտի, որ տգետ է, ու հենց տգետի դեր էլ խաղում է: Ինքը, ինչ է, չի՞ հասկանում, որ վարչապետի պաշտոն այլեւս ձեռքը չի ընկնելու: Չհասկանար՝ հենց 20 թվի նոյեմբերի 9-ին հրաժարական կտար ու գոնե Հայաստանի հետագա ճակատագիրը չէր դնի հարվածի տակ: Կարելի՞ է, արդյոք, հոդաբաշխ խոսքով բացատրել, թե ինչպես նա մնաց իշխանության Արցախը զոհելուց, զորքը ջարդելուց, հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղելուց, բանակն ու անվտանգությունը ոչնչացնելուց, տնտեսությունը հիմնահատակ քանդելուց, զինված թշնամուն երկրի ներսը բերելուց հետո: 

Թե բա մենք սխալ ենք ապրել՝ թուրքին թշնամի համարելով: Տգետ, բա ի՞նչ համարեմ իմ հայրենիքի վրա պետություն հիմնած թուրքին՝ բարեկա՞մ, ու ինչպե՞ս անեմ դա՝ չտեսնելու տալով նրա յաթաղա՞նը, որի վրա իմ ազգակիցների արյունն է՝ դեռ չչորացած:

Եկավ նստեց, 2 ժամ դրական ու հուսադրող «մեսիջներ» հղեց Էրդողանին, Ալիեւին… էլ ո՞վ կար այնտեղ, խոստացավ, որ էլի է տալու, տալու է՝ ինչքան ուզեն, միայն թե իրեն պահեն վարչապետի աթոռին: Դրա այլընտրանքն էլ «չար ու կռվարար» Հայաստանն է լինելու, որ կարող է մի օր ոտքի կանգնել ու փակել իր մարմինը հոշոտող դահիճների ախորժակը: Այսքանը, թերեւս, այդ ասուլիզմի բովանդակության մասին:

Կան բաներ, որ Զեւսի մոտ լավ են ստացվում, իսկ եզի մոտ՝ ոչ այնքան: Օրինակ՝ կայծակներ արձակելով սատկացնել Օլիմպոս լեռը գրոհող տիտաններին՝ Զեւսի համար մեկ-երկու հաշվի գործ է, մինչդեռ հսկա տիտաններից յուրաքանչյուրը մեկ անգամ սեղան նստելիս միջին հաշվով 2-2,5 եզ է ուտում: Ես տեսել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մի քանի ժամանոց ասուլիսները: Լուկաշենկոն է երբեմն-երբեմն, հիմնականում՝ զայրացած, հրավիրում առանձին ոլորտների ներկայացուցիչների ու շան լափ թափում գլխներին։ Ընդարձակ ասուլիսներ տվել են նաեւ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները:

Կարելի է ասել՝ այսպիսի ասուլիսներով հանրությանը ներկայանալը արեւելյան ոճի ղեկավարների «սիրած» զբաղմունքն է: Նիկոլ Փաշինյանով մեծ ասուլիսի ավանդույթները շարունակվում են, թեեւ Նիկոլի «մեծ ասուլիսները» որակապես տարբերվում են մյուսների ասուլիսներից: Ձեւական առումով, ինչ խոսք, լուրջ ղեկավարներին կապկելն ակնհայտ է, բայց ամեն անգամ Նիկոլը կապկում է նաեւ ասուլիս ասվածը: Ասուլիսը շոու չէ, որ ասես՝ լավն էր կամ վատը: Ասուլիսը պրոցես է, որտեղ քեզ հարց են տալիս, իսկ դու պատասխանում ես, եւ քո պատասխաններից էլ մարդիկ պատկերացում են կազմում իրենց հուզող այս կամ այն խնդրի մասին: Նախապես ջոկած հարցերին արդեն իսկ սղագրված պատասխաններ տալը, մեղմ ասած, մեծ խելքի առկայության գրավական չէ: Մինչդեռ Փաշինյանը միշտ այդպես է վարվում՝ անտեսելով անցանկալի հարցերը:

Էլ չեմ խոսում այդ ասուլիսի արձագանքների բաժինը ֆեյսբուքյան գործիքների շնորհիվ փակելու մասին: Փաշինյանը չի՞ տեսնում, որ մարդիկ հայհոյում կամ դաժան արձագանքներ են գրում իրենց հետաքրքրող հարցերից խուսափելու, եղած հարցերին էլ անհասկանալի, երկդիմի, տգետ պատասխաններ տալու պատճառով: Իհարկե, տեսնում է: Տեսնում է եւ… ջնջում: Ես չէի ասի, որ Պուտինի ասուլիսների ժամանակ «խիստ որոշ» հարցեր չեն անտեսվում: Բայց դրանք խմբավորված, տեսքի բերված հնչեցվում են, այնուամենայնիվ, եւ ընդհանրական պատասխաններ ստանում: Իսկ Փաշինյանի ասուլիզմների պարագայում սովորաբար գործում է անցանկալի հարցերի ու դրանց հեղինակների հանդեպ արհամարհանքը, ինչը ոչնչացնում է «ասուլիս» հասկացությունը՝ այն վերածելով հանրությանն էշի տեղ դնելու պրոցեսի: Այո, Նիկոլն ու իր ստեղծագործական թիմը, Սոչիում եւ Բրյուսելում կայանալիք հերթական խայտառակություններից առաջ, 2 ժամ շարունակ էշի տեղ էին դնում մեր հանրությանն ու զբաղված էին բացառապես Ալիեւին պարտվողական ուղերձներ հղելով:
ՀԳ. Թե բա՝ մեծ ասուլիս ա… Իյա, իրո՞ք: