Ունենք մտահոգություններ, որոնք պետք է փարատվեն 

Ունենք մտահոգություններ, որոնք պետք է փարատվեն 

Ամուլսարի հարցով նոր «բոլոլա» է հասունանում։ Նիկոլ Փաշինյանի երեկվա «լայվից» պարզ դարձավ, որ հանքի շահագործման շարունակումն անխուսափելի է։ Փաշինյանը նախ հայտարարեց, որ այս պահին Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որեւէ իրավական հիմնավորում  չկա, ապա կոչ արեց Ջերմուկի եւ հարակից գյուղերի բնակիչներին՝ բացել դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները, որպեսզի «Լիդիանը» շարունակի շինաշխատանքները։ ««Լիդիանը» հիմա ասում է, որ երաշխավորում է, որ 100 տոկոս անվտանգ է շահագործելու հանքը։ Սա նշանակում է՝ ոչ մի լիտր ջուր չի աղտոտվելու, օդը չի աղտոտվելու, կենսաբազմազանության խնդիր չի առաջանալու։ Ես անգամ հարցրել եմ, թե արդյոք այդտեղ արոտավայրերի վրա փոշի՞ է նստելու, ինչը ֆերմերների համար խնդիր է դառնալու կամ մսի որակի վրա է ազդելու։ Նրանք պարտավորվում են, որ անգամ դա է հաշվի առնված։ Մենք ասում ենք, որ եթե թերացումներ լինեն, ապա հանքն 90 օրվա ընթացքում պետք է փակվի։ Բոլոր չափանիշները պետք է պահպանվեն շինարարության փուլից մինչեւ հետագա բոլոր փուլերը»,- ասաց վարչապետը։ Նա տեղեկացրեց, որ հանձնարարական է տվել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին՝ Ամուլսարում սկսել ստուգումներ լիբանանյան ԷԼԱՐԴ ընկերության հետ տեսակոնֆերանսի ժամանակ շրջակա միջավայրի նախարարության կողմից բարձրացված հարցերի հետքերով։ Իսկ Ամուլսարի գործով քրեական գործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից, եւ այն կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, ով այդ պաշտոնում նշանակվել է երկու շաբաթ առաջ։ Իվանյանը, հիշեցնենք, հաստատել է գործող ՇՄԱԳ-ի օրինականությունը։  

Փաշինյանի «լայվը» երեկ խառնաշփոթ ստեղծեց նաեւ իր թիմում, որտեղ այս հարցի պատճառով երկու ճամբարի են բաժանվել․ մի մասը, որ նախկինում էլ է դեմ եղել շահագործմանը, շարունակում է նույնը պնդել, մյուսներն էլ կարծում են, որ ճիշտը Փաշինյանի կայացրած որոշումն է։ «Դեմ»-երի մեծ մասը «լայվից» հետո դարձավ չխոսկան, իսկ «կողմ»-երը փորձեցին հիմնավորել վարչապետի որոշումը։ 

Սյունեցի իմքայլական Տիգրան Կարապետյանն ասաց, որ «միանշանակ ճիշտ որոշում է կայացվել»։ «Որոշումները կայացվում են ի շահ Հայաստանի Հանրապետության: Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ այն որոշումը, որը կայացվել է, միանշանակ ճիշտ է: Այն ռիսկերը, որոնք կան ոչ միայն բնապահպանական, այլեւ տնտեսական, պետք է հաշվի առնվեն»,- ասաց Կարապետյանը:

Հարցին՝ եթե բնապահպաններն ու տեղացիները, այնուամենայնիվ, չապաշրջապակեն Ամուլսար տանող ճանապարհը, իշխանությունն ի՞նչ միջոցների կդիմի, պատգամավորը խույս տվեց հարցից՝ ասելով միայն, որ իշխանությունը մնալու է օրինականության շրջանակում։

Հանքի շահագործմանը դեմ արտահայտված Մարիա Կարապետյանը հորդորեց չշտապել․ նրա կարծիքով՝ Փաշինյանի ելույթից չի կարելի կանխատեսել, որ հանքի շահագործումն անխուսափելի է։

- Վարչապետի ելույթից պետք է մի քանի արձանագրում անենք։ Նախ, որ քրեական գործը շարունակվում է, եւ տեղափոխություն է տեղի ունեցել, եւ այս գործի հետ նախկինում առնչություն չունեցող մարդը՝ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալը, գործը կվերցնի իր հսկողության տակ ու կքննի թե՛ արված աշխատանքները (ի վերջո, նախկին ղեկավարի ազգակցական կապերի պատճառով որոշակի կասկածներ կային), թե՛ շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած զեկույցի նոր կետերը, որոնք նաեւ ԷԼԱՐԴ-ի զեկույցի հիման վրա են։ Երկրորդ․ ըստ մեր օրենքի՝ հիմա եթե անգամ ցանկանանք նոր ՇՄԱԳ-ի առաջարկ ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը, դա որոշակի ընթացակարգ ու փուլեր է ենթադրում։ Դիցուք, նախարարությունը փաստում է, որ կա նոր էկոլոգիական գործոն, սա վարչական դատավարության տեսանկյունից համարժեք է նոր հանգամանքների ի հայտ գալուն կամ նոր երեւան եկած հանգամանքների ձեւակերպմանը։ Հիմա նոր երեւան եկած հանգամանքն այն է, որ նախկինում կար, բայց մենք չգիտեինք դրա մասին, նախարարությունը նոր է իմացել, պետությունն իրավունք չունի ասել, որ ես տեղյակ չէի այդ հանգամանքի մասին։ Սա նշանակում է, որ կա՛մ պետք է կեղծիք տեղի ունեցած լինի, կա՛մ թարգմանչի սխալ, սա նշանակում է, որ պետք է քրեական գործով ապացուցվի, որ որեւէ տվյալ է կեղծվել։ Իսկ եթե նոր հանգամանքի մասին է խոսքը, այսինքն՝ բոլորովին նոր իրողություն է, դիցուք՝ գետի հունն է փոխվել կամ այլ բան, այս պարագայում էլ հարկավոր է ուսումնասիրություն կատարել, պետությունը եռամսյա ժամկետ ունի, պետք է պարզի նաեւ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության չափը, եթե պարզվի, որ, այո, տնտեսվարողին պետք է տա եռամսյա ժամկետ, որպեսզի իր նախագծի մեջ փոփոխություն իրականացնի եւ ներկայացնի նոր փորձաքննության։ Որպեսզի մենք իրավական գործընթացից դուրս չգանք, սա է ամբողջ ընթացակարգը, որով պետք է ապացուցել կամ հերքել ԷԼԱՐԴ-ի ներկայացրած անհանգստությունների շուրջ բոլորիս մտահոգությունները։

- Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ասում էր, որ այս պահին չկան Ամուլսարի շահագործումն արգելելու իրավական հիմքեր։ Սրանից էլ կարող ենք եզրակացնել, որ շրջակա միջավայրի նախարարությունն էլ նման զեկույց է ներկայացրել։ Հետեւաբար, էլ ի՞նչ փորձաքննության մասին է խոսքը։

- Եթե հիշում եք, պարոն վարչապետը փաստաթուղթ ցույց տվեց, որը շրջակա միջավայրի նախարարության առանձնացրած կետերն էին, որոնք կարող են հանդիսանալ կա՛մ նոր երեւան եկած հանգամանք, կա՛մ նոր հանգամանք։ Հետեւաբար, այս պահին կտրուկ «ոչ» ասելու իրավական հիմք չունենք։ Ունենք մտահոգություններ, որոնք պետք է փարատվեն կամ՝ ոչ գործընթացների արդյունքում։

- Եթե  վարչապետի  հայտարարությունը չի նշանակում, որ հանքի շահագործումը պետք է շարունակվի, ինչո՞ւ է Փաշինյանը թույլ տալիս, որ «Լիդիանը» շարունակի շինաշխատանքները։

- Մենք հասկանում ենք, որ «Լիդիանը» չէր շարունակում աշխատանքները առանց պետության միջամտության, ստեղծված հանգամանքները թույլ չէին տալիս շարունակել, պետությունը չուներ հիմք՝ միջամտելու։

- Իսկ հիմա ունի՞ հիմք։

- Ոչ, շարունակում է չունենալ։

- Այդ դեպքում ինչո՞ւ է խնդրում, հորդորում, որ ազատեն ճանապարհը։

- Դա այլ խնդիր է, հարկավոր է, որ մենք այս անելանելի իրադրությունից դուրս գանք, որպեսզի որեւիցե մի գործընթաց չտուժի, մոնիթորինգ տեղի ունենա, տեսչական մարմինը մտնի այդ տարածք՝ եռամսյա ժամկետում հետազոտություն անելու։

- Կարո՞ղ են մարդիկ կասկածներ ունենալ, որ հօգուտ Ամուլսարի վճիռ է կայացվելու, ու այդ պատճառով է, որ հիմա Փաշինյանը հանքի ճանապարհն ազատելու խնդրանքով է դիմում, «Լիդիանին» աշխատանքները շարունակելու հնարավորություն տալիս։

- Քայլ առ քայլ պետք է նայենք, ես չեմ կարող ապագայի համար կանխատեսել։ Որքանով որ ԷԼԱՐԴ-ը վեր է հանել խնդիրներ, «Լիդիանն» ունի հիմքեր պնդելու, որ գտել է Ամուլսարի հանքի շահագործման անվտանգ մոդելը, եւ մեր պետությունը նախկինում կնքել է այդ մոդելը, այդտեղից այս կամ այն կողմ քայլ անելու համար հիմնավոր պատճառ է պետք ունենալ։ ԷԼԱՐԴ-ը, երբ հանել է այդ խնդիրները․ համեմատել է միջազգային ընդունված պրակտիկայի հետ, մեր օրենսդրությանը համապատասխան առաջ շարժվելու համար պետք է տեսնենք, թե մենք ինչ ուղիներ ունենք։ Այնպես որ՝ պետք է սպասել։

- Ձեզ բավարարո՞ւմ է այս իրավիճակը, դուք որեւէ կասկած չունե՞ք գործընթացի վերաբերյալ։
 

- Այս պահի դրությամբ իմ ունեցած մտահոգությունները փարատված են, իհարկե, ապագան շարունակում է մնալ անորոշ՝ նայած թե որ կանխավարկածից ենք ելնում։

- Այսինքն՝ բավարարվա՞ծ եք այս իրավիճակով, թե՞ ոչ։

- Այդ հարցին չեմ պատասխանի։