Անընդունելի է ասել, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը «Սասնա ծռերն» են

Անընդունելի է ասել, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը «Սասնա ծռերն» են
Լիլիթ Մակունց

ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նորմալ է գնահատում այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի քաղաքական ուժի կամ խմբավորման անդամների հետ, որոնց հասարակության մի հատվածը մինչ օրս մեղադրում է ահաբեկչության կամ ահաբեկչական խմբավորում լինելու մեջ։ Խոսքը «Սասնա ծռերի» մասին է, որոնք 2016 թվականի հուլիսին գրավել էին ՊՊԾ գունդը, ինչի հետեւանքով նաեւ զոհեր եղան։

«Վարչապետը պարբերաբար հանդիպում է ինչպես քաղաքական կուսակցությունների, այնպես էլ հասարակական-քաղաքացիական կազմակերպությունների կամ միավորների հետ։ Օրինակ՝ շաբաթներ առաջ հանդիպել էր նաեւ ՔՈ կուսակցության անդամների հետ եւ օրեր առաջ՝ «Սասնա ծռերի» հետ։ Ես այդ հանդիպումները դիտարկում եմ հենց այդ համատեքստում»,- երեկ մեզ հետ զրույցում Լիլիթ Մակունցն այսպես մեկնաբանեց վարչապետ-«ծռեր» հանդիպումը։ Նա, բնականաբար, հասկացել էր նաեւ մեր հարցի ենթատեքստը՝ կապված ՊՊԾ գունդը գրավելու հետ, ուստի չշրջանցեց նաեւ այդ թեման՝ «Սասնա ծռերի» գործողություններին գնահատական տալու բեռը, սակայն իր ուսերից գցելով իրավապահ մարմինների վրա։

«Ինչ վերաբերում է այն իրադարձություններին, որը Դուք նշեցիք, ապա որեւէ ապօրինի գործողություն չի կարող արդարացվել։ Այսինքն՝ քաղաքական եւ իրավական գործընթացները ես ուզում եմ, որ մենք հստակ տարանջատենք։ Իրավական հարթակում եթե տեղի են ունենում ապօրինություններ, իրավազանցություն, քրեորեն պատժելի արարքներ, ապա դա մի գործընթաց է, որին, իհարկե, որեւէ մեկս միջամտելու իրավունք չունենք, եւ պետք է ընթանա բացառապես անաչառ քննություն։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, ապա վարչապետը պարբերաբար հանդիպում է տարբեր կուսակցությունների հետ»,- ասաց տիկին Մակունցը։

- Բայց իշխանության գալուց հետո դուք միջամտեցիք, եւ «Սասնա ծռերն» ազատվեցին բանտից։ Նախորդ իշխանության օրոք որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ «Սասնա ծռերի» անդամներից ինչ-որ մեկը կարող էր ազատվել։

- Ձեր հարցը նշանակում է, որ ապօրինի ինչ-որ բա՞ն է տեղի ունեցել։

- Ես չեմ կարող ասել, բայց այդ մարդիկ խմբով գրավել են պետական շենք-շինություն, ինչն արդեն իսկ քրեորեն պատժելի արարք է։ Բացի այդ, նաեւ մարդ է զոհվել այդ ընթացքում, պատանդներ են պահվել, եւ այդ անձանց մեծ մասը ձեր իշխանության օրոք ազատ է արձակվում։

- Ձեր հարցը, կարծում եմ, ճիշտ կլինի ուղղել իրավապահ մարմիններին, ովքեր կներկայացնեն այն հիմքերը, թե ինչու է տեղի ունեցել այդ գործընթացը։

- Իրավապահ մարմիններից ոստիկանները, ի դեպ, ասում են՝ բավականին ծանր են տարել այդ փաստը, որ վարչապետը հանդիպել է նրանց հետ։ Դա կարծես անարգանք լինի նույն Օսիպյանի հանդեպ, որին պատանդ էին վերցրել «Սասնա ծռերը», եւ ողջ ոստիկանության նկատմամբ։

- Ես կարծում եմ, որ ընդհանրապես տեղին չէ հարցն այդ տիրույթում դիտարկելը։ Ես ուզում եմ ընդգծել, որ օրենքին հակասող որեւէ արարք՝ անկախ նրանից, թե դա քաղաքական կուսակցություն է իրականացնում, հասարակական կազմակերպություն կամ քաղաքացիական միավոր, իրավապահ մարմիններն ամենայն խստությամբ եւ օրենքի ուժով պետք է քննեն հարցը եւ վճիռ կայացնեն։

- Այս օրերին գնահատականներ են հնչում, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը մնացել են «Սասնա ծռերը», որոնց մեղադրում են ահաբեկչության մեջ, որոնք զենքով են իրենց հարցերը լուծում։ Դուք հենվո՞ւմ եք «Սասնա ծռերի» ուժի վրա։

- Նախ ուզում եմ ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարաններից մեկը «Իմ քայլը» խմբակցությունն է, եւ ավել ծավալվել այդ առումով, թե այլ ուժեր կան, որոնց վրա հենվում է Նիկոլ Փաշինյանը, ես դա պարզապես այդկերպ մեկնաբանել, ընդունել չեմ կարող։ Իսկ ինչ վերաբերում է ահաբեկչական խմբերին, ապա Հայաստանի Հանրապետությունում չկան ահաբեկչական խմբեր կամ կազմակերպություններ։ Իսկ եթե կան անձինք կամ անհատներ, որոնք տիրապետում են նման տեղեկատվության, ապա նրանք անհապաղ պետք է տեղեկացնեն, իրազեկեն այդ մասին պատկան մարմիններին։

-  Երբ նոր էին գրավել ՊՊԾ գունդը, ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչական էր որակել։

- Ես կարծում եմ՝ եթե Ազգային անվտանգության ծառայությունը տալիս է որեւէ գնահատական, ապա նրանք պետք է հետեւողական լինեն իրենց գնահատականներում, ինչը եւ անում են։ Էսօր ես չեմ կարող ասել, թե նախկինում եւ հիմա ինչու են հայտարարությունները փոխվել։

- Ի դեպ, ՊՊԾ գունդը գրավելու օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն էլ էր դուրս եկել եւ ելույթ ունենում ժողովրդի առաջ, «Սասնա ծռերի» անդամները մերժում էին Նիկոլ Փաշինյանին, անգամ վատ որակումներ էին հնչեցնում նրա հասցեին։

- Բոլորս շատ լավ հիշում ենք, թե ՊՊԾ գնդի ժամանակ ինչ դիրքորոշում է ունեցել Նիկոլ Փաշինյանը, նրա քաղաքական թիմը, եւ թե նրանք իրականում ինչ առաքելություն էին ուզում իրականացնել այդ ամբողջ ընթացքում։ Խոսքը, իհարկե, ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու մասին էր։ Իսկ մնացյալը․․․ ես չգիտեմ, թե մենք հիմա ինչու ենք դա քննարկում։ Եթե մենք ուզում ենք դա դիտարկել այն կոնտեքստում, որ «Սասնա ծռերը» հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը, դա ուղղակի անընդունելի է։

- Ի՞նչ պետք է տան «Սասնա ծռերը» ձեր իշխանությանը՝ մարդիկ, որոնք զենքով են նախընտրում իրենց հարցերը լուծել, իսկ դուք՝ բաց ձեռքերով։

- Սիրելի Վահե Մակարյան, վարչապետի հանդիպումը «Սասնա ծռերի» հետ, ես արդեն ասացի, թե ինչ համատեքստում է, եւ դրանից դուրս համատեքստ, չեմ կարծում, որ այս պահին ընդունելի է քննարկել։