Համասը գրոհել է ջրից, օդից ու ցամաքից․ շուտով Համասի բոլոր գլխավոր դեմքերը կոչնչացվեն․ Իսրայելցի քաղաքագետ

Համասը գրոհել է ջրից, օդից ու ցամաքից․ շուտով Համասի բոլոր գլխավոր դեմքերը կոչնչացվեն․ Իսրայելցի քաղաքագետ

Մենք ողջ ենք, պատերազմ է։ Այս մասին  «Հրապարակի» հետ զրույցում ասաց Իսրայելի Պետախ Տիկվայում բնակվող իսրայելցի քաղաքագետ Մեննի Կորսունսկին։ Նա տեղեկացրեց, որ իրենց քաղաքը երկու անգամ հրթիռակոծել են, իսկ ռմբակոծությունն անընդհատ է՝ պարզապես իրենց քաղաքի ուղղությամբ երկու հրթիռ է հասել։

Ռմբակոծությունը սկսվել է առավոտյան վեցից ու անդադար շարունակվում է մինչ այժմ։

Երուսաղեմը հիմնականում կրակի տակ է, պայթյունները լսվում են բոլոր կողմերում՝ հայկական թաղամասի մասով որևէ տեղեկություն չկա։

«Իսրայելը շատ ուժեղ պատասխան է տալու՝ կառավարությունը հայտարարել է, որ շատ ուժեղ պատժելու են, թե ոնց՝ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել մի բան, որ շուտով կսկսվի Համասի բոլոր գլխավոր դեմքերի ոչնչացում, որովհետև Իսրայելի կողմից որևէ գործողություն չի եղել, որ հանգեցներ նման ագրեսիայի»,-ասաց Կորսունսկին։

Իսրայելցի քաղաքագետը նշեց, որ այսօր լրանում է Եգիպտոսի՝ Իսրայելի վրա հարձակման օրը, ու Համասը որոշել է սիմվոլիկ կերպով կրկնել այդ հարձակումը։

Բացի հրթիռներով հարձակումը, Համասը հարձակում է սկսել նաև ծովից, օդից ու ցամաքից։

«Դա լրիվ անակնալ էր, ոչ ոք նման բան չէր սպասում։ Այս պահի դրությամբ գիտեմ, որ  ահաբեկիչները մտել են իսրայելական քաղաքներ ու կրակ են բացում քաղաքացիական անձանց վրա։ Իսկ Իսրայելի տարածքում բնակվող արաբները դժվար թե Համասի կոչին արձագանքեն ու միանան պայքարին, այլապես շատ թանկ գին կվճարեն դրա համար»,- ասաց Կորսունկին։

Այս պահի դրությամբ Իսրայելի վրա ընկել է 2200 հրթիռ։ 

Կորսունսկին կոչ է անում մարդկանց լսել բանակի ղեկավարությանը, խուճապի չմատնվեն, լինեն զգոն։