Գարաժ

Գարաժ

Գարաժում քաղաքական վեճերից մեկի ժամանակ, երբ «Հայբուսակում» հնդիկներին «Հոգեբանություն» առարկա դասավանդող Ապրեսյանը հերթական անգամ արեց երեք միլիոն վարչապետների անունից արդեն աստղաբաշխական թվի հասած՝ «բա նախկիննե՞րը գան» արտահայտությունը, կոշկակար Սերոժը, որ ամեն երեկո քրքրված կոշիկների նեխահոտը թոթափում էր պարսկական էժանագին սպիրտի հոտով ու պայծառացած գլխով հայտնվում գարաժում, մթագնեց ու ասածի վրա Քյավառի բարբառով յոթհարկանի հայհոյանքով հավերժացրեց հոգեբանի նախնիների հիշատակը: Հոգեբանը, որ սովորաբար կողմնորոշվում էր բոլոր ծայրահեղ իրավիճակներում, ձեռքն ընկած՝ անգործությունից ժանգոտված խորովածի շամփուրով շանթահարեց Սերոժի՝ մուրճ ու մախաթ բռնող ձեռքի բազուկը:

Մութ ու ցուրտ տարիներին բազմաբնակարան շենքի տղամարդիկ կամաց-կամաց տեղափոխվեցին Մուկուչի գարաժ, որի վերջին բնակիչը՝ խորհրդային արտադրության վառ կարմիր գույնի «Մոսկվիչը», Մուկուչը վաճառեց զովունեցի իր ծանոթ եզդուն, ու օր-օրի այդ գործարքի ոչ շահեկան բնույթը զայրացնում էր, հայհոյում ինքնիրեն: Ռուբլու արժեզրկման օրերին Մուկուչն այդ գումարով մեկ տուփ սիգարետ էլ չէր կարողացել գնել: Բայց մխիթարության թանձր ալիքն իջավ Մուկուչի ուսերին, երբ հասկացավ, որ գարաժը վերածվել է թաղի հոգեւոր-մշակութային կենտրոնի, ու ամեն իրիկուն տղամարդիկ այստեղ քննարկում էին արտասահմանյան  տարաբնույթ սերիալները, որոնք հաջորդում էին իրար, եւ մարդիկ ծիծաղում, հուզվում էին, փորձում գուշակել հաջորդ սերիայի դեպքերը եւ ցրվում, որ երազանքներով նորից ընկղմվեն ուրիշ աշխարհների, ուրիշ հոգեբանությունների, ուրիշ կյանքերի ու սերերի խորը թմբիրներում եւ քնեին ու արթնանային այդ սերիալների հերոսների ու հերոսուհիների ցավը, կսկիծը, ուրախությունն ու հաջողությունը կիսելով:

«Սանտա Բարբարան», «Ստրկուհի Իզաուրան», «Վայրի վարդն» իրար հաջորդելով՝ դարձել էին գարաժի քննարկումների թեման: Նույնիսկ «Ստրկուհի Իզաուրայի» հերթական սերիայից առաջ, երբ Հակոբի հարյուրամյա տատը մահացել էր, չէին ձենձենել այնքան, մինչեւ ավարտվեր ֆիլմի հերթական սերիան, որը դիտում էին ավտոէլեկտրիկ Սամսոնի՝ մարտկոցով հոսանք ներարկող ճապոնական փոքր էկրանով հեռուստացույցով:

Գարաժն այդպես դիմակայում էր մութ, ձանձրալի, տաղտուկ օրերին, այնքան, մինչեւ քաղաքականության աներեւույթ ալիքը ներխուժեց ներս, ու տարբեր հայացքներով, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ հայտնվեցին քաղաքականության ամենակուլ ճիրաններում:

Համապետական ընտրություններից առաջ գարաժը վերածվում էր քարոզչական շտաբի, որտեղ ամեն մեկն իր պաշտոնն ուներ. «Հայբուսակի» հոգեբանության դասախոս Ապրեսյանը հաշվում էր իշխանամետ եւ ընդդիմադիր հաճախորդներին, ժեկի Սուրոն՝ շենք եկած ու քաղաքի գրանցում ստացած բնակիչներին, վարսավիր Պետրոսը գարաժի ելումուտի մասին զեկուցում էր համապատասխան մարմիններին, մաքսատանն աշխատող Հովիկը գրանցում էր իշխանությանը ձայն տվող թեկնածուներին եւ զեկուցում նախընտրական շտաբի պետին, իսկ ընտրություններից մեկ օր առաջ ընտրող հասարակությանը ցուցումներ էր տալիս, իր ուզած գույնի գրիչներ բաժանում, վերջում՝ քվեի փողը: Ընտրությունների ավարտից հետո գարաժի բնակիչներից շատերը հայտնվում էին պետական օղակներում, օդանավակայաններում, մաքսատներում, հարկայիններում ու հարկադիրներում, փողաբեր տարբեր ոլորտներում եւ ծաղկում էին, ինչպես ամառվա պապակ դաշտերը, երբ ջրառատ առուները հոսում էին նրանց չորացող, բայց բերրի մարմիններով: Նրանք լքում էին գարաժն այնքան ժամանակ, մինչեւ համապետական ընտրությունը հերթական անգամ չոքում էր գարաժի շեմին, որի ներսում նորից եռում էր իշխանության ու ընդդիմության թեկնածուների ձայների հաշվարկը, ու այդ հաշվարկը միշտ համապատասխանում էր ընտրական հանձնաժողովի գրանցած վերջնական արդյունքին, որն ազդարարում էր իշխանական կուսակցության ու նրա թեկնածուի թափանցիկ ու ջախջախիչ հաղթանակը:

Շրջադարձային այդ օրերին բազմաբնակարան շենքի երրորդ հարկում մի տարօրինակ տղամարդ հայտնվեց, որին շենքի բնակիչներից որեւէ մեկը մինչ այդ իրենց թաղերում չէր նկատել: Օրեր հետո ժեկի Սուրիկը գարաժում հայտարարեց, որ տղամարդը խելապակաս է ու տարօրինակ անուն-ազգանուն ունի՝ Մուրադ Նասոյան: Մեկ ասում են՝ հայ է, մեկ՝ քուրդ, մեկն ասել էր, թե Կոզերնից մնացած հայի ու թուրքի խառնուրդ է: Հետո, երբ համոզվեցին՝ խելապակաս է, ուշադրություն չդարձրին Մուրադի հայտնվելուն:
Մուրադը բոյով, տափակ դեմքով տղամարդ էր: Հագնում էր սպիտակ վերնաշապիկ, կապում մուգ կանաչ փողկապ, բայց անդրավարտիքի կեղտն ու գոտու բազմածալ փոնթերը ժեկի Սուրոյին ու շենքի մյուս բնակիչներին կասկածելու առիթ էին տվել, որ Մուրադը խելապակաս է:

Իսկ երբ Մուրադը փողոցում հայտնվեց ձեռքի հեռախոսով, ականջակալներով ու անընդհատ խոսակցություններով բռնված, մարդիկ սկսեցին հետեւել, թե ում հետ է խոսում այդքան երկար, ինչի մասին է խոսում: Պարզվեց, որ խոսում է աշխարհի երկրների ղեկավարների հետ, քննարկում ինչ-որ հարցեր Պուտինի, Մակրոնի, Լավրովի ու տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Երբ Մուրադը նկատում էր, որ իրեն հետեւում են, իր խոսակցությունը լսում, ավելի բարձր էր խոսում, ավելի բազմազան թեմաներ էր շոշափում, ավելի լուրջ դեմքով, ավելի վճռական: Դրանից հետո ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Մուրադին, մանավանդ, երբ տեսան քրքրված հագուստով, ապակյա մի բանկա ձեռքին՝ փող է մուրում թաղի շուկայում: Մուրադը փող էր մուրում շաբաթ օրերին, իսկ կիրակիներին անհետանում էր թաղից, մնացած օրերին շարունակում էր թաղի փողոցներում հեռախոսով հարցեր քննարկել Պուտինի, Մակրոնի, Էրդողանի հետ: Գեղեցիկ աղջիկների հանդիպելիս Մուրադը ոգեւորվում էր, դեմքը՝ պայծառանում, ու սկսում էր ավելի շատ հոլովել այդ հնգյակի անունները: Այնուամենայնիվ, Սիրիայից բռնագաղթած ձկնորս Կարպիսի ուշադրությունից չէր վրիպել Մուրադը, ու մի օր էլ Զանգվի ափին ձուկ որսալիս Կարպիսը նկատել էր, որ դիմացի թավուտներում մեկը նամազ է անում: Թաքուն, աննկատ մոտեցել ու տեսել էր, որ Մուրադն է: Դրանից հետո Մուրադն աննկատ անէացավ թաղի ու գարաժի տեսադաշտից:

«Հայբուսակի» հոգեբանության դասախոս Ապրեսյանի եւ կոշկակար Սերոժի վեճ ու կռվից առաջ հայերենի կեսդարյա ուսուցիչ Արգամ Չախոյանը գարաժի մետաղյա ծանր դռների մոտ քաղաքական բուռն ու ազդեցիկ ճառ ասաց գարաժի հաճախորդների առջեւ: Որ՝ հեղափոխություններից հետո հեղափոխականների ուղեղներն ավելի ճկուն պիտի լինեն, որ չպետք է ապագան կառուցել՝ թութակի պես կրկնելով՝ «բա նախկիննե՞րը գան» ծեծված բառակապակցությունը: Մենք թավշե հեղափոխությունն իրականացրինք, փակեցինք ճանապարհները՝ մեկընդմիշտ գիծ քաշելով նախկինների վրա, որպեսզի տեսնենք ներկան ու ապագան: Այս ծեծված բառակապակցությունը դրոշ դարձնելով՝ երկրով մեկ մենք դարձյալ ընկղմվում ենք անցյալի մութ ու ցուրտ, խավար ու խավարի մեջ երկիրը թալանող մարդկանց երախը՝ մոռանալով, որ ներկայում ենք, մոռանալով, որ այս ներկայից պիտի գնանք դեպի ապագա՝ բազում իրատեսական ու հայրենանպաստ ծրագրերով:

Թեեւ գարաժի հաճախորդներն ուշադիր ու քարացած լսում էին ուսուցչի ճառը, բայց ավարտին ոչ ոք չծափահարեց: Հաջորդ օրվա Ապրեսյանի ու կոշկակար Սերոժի կռվի մասին վարսավիր Պետրոսը հայտնեց համապատասխան մարմիններին: Վարսավիր Սերոժին բերման ենթարկեցին ոստիկանության բաժին, Ապրեսյանին վարչության պետ նշանակեցին թաղապետարանում:

Քաղաքային ընտրություններից առաջ քաղաքապետի հրամանով ապամոնտաժվեց գարաժը, ապամոնտաժվեցին նաեւ հարակից բոլոր գարաժները: Հաշված ամիսների ընթացքում գեղեցիկ մի բազմաբնակարան խոյացավ գարաժների տեղում: Հին բազմաբնակարանի մարդիկ` գարաժի հաճախորդները, հերթով վաճառում էին բնակարանները, հեռանում անհայտ ուղղություններով: Նոր շենքում ամիսներ շարունակ ոչ մի բնակիչ չէր հայտնվում, թեեւ այստեղ գները շեշտակի էժան էին, քան հարակից շենքերում: Բնակարանից բացվում էր շքեղ տեսարան դեպի Արարատ, Արագածի հովերն էին շնկշնկում շենքի շուրջբոլորը, ապարանյան ջուրն առատորեն հոսում էր շենքի քառակողմյան ցայտաղբյուրներից: Կանաչապատ, թավշաբույր այգին նմանը չուներ քաղաքում, նորակառույց մետրոյի մուտքն ու ելքը մի քանի տասնյակ մետր էին շենքից հեռու: Բայց մարդիկ խուսափում էին ու խուսափում: Հատուկենտ գնորդներն էլ, որ գալիս, ուսումնասիրում էին սենյակները, հարմարությունները, անկեղծորեն հավանում էին, բայց վերջին պահին, չգիտես ինչու, փոշմանում էին: Չէին գալիս թե՛ սեւերը, թե՛ անգամ՝ սպիտակները, թե՛ փողատերերն ու թե՛ բնակարանի խիստ կարիք ունեցողները:

Մի առավոտ շքեղ մի մեքենա կայանեց շենքի մուտքի դիմաց: Ճոխ հագուկապով մի տղամարդ կնոջ հետ իջավ մեքենայից, չափչփեց շենքը ներքեւից վերեւ, աջից ձախ, հարավից հյուսիս, արեւելքից արեւմուտք: Երբ պատրաստվում էր մոտենալ շենքի մուտքին, հեռախոսի զանգը հնչեց:
Մուտքի դիմաց խոսում էր երկար, երեւի՝ Պուտինի, Մակրոնի կամ էլ՝ Էրդողանի հետ:

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ