Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմի» տնօրենն ու արագաչափերի խախտումները հաշվող ընկերության հաշվապահը

Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմի» տնօրենն ու արագաչափերի խախտումները հաշվող ընկերության հաշվապահը

Քիչ առաջ ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Այս մասին մեզ հայտնեցին Քննչական կոմիտեից։ Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 178 3-րդ մաս 1-ին կետի (խարդախություն առանձնապես խոշոր չափերով) եւ 325 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)։

«Սեքյուրիթի դրիմ»-ը  սպասարկում է ճանապարհներին տեղադրված արագաչափ եւ տեսանկարահանող սարքերը:

Հիշեցնենք, որ թեեւ համառ լուրեր էին շրջանառվում, որ այն պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, սակայն դա բազմիցս հերքվել է։ «Էլիպսի» սեփականատերը Գուրգեն եւ Ալեքսան Զաքարյան եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաեւ «Սեքյուրիթի դրիմում»։ 

Անցած տարի հունիսին էլ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները դիմակավորված մտել էին հենց «Սեքյուրիթի դրիմի» արձանագրումների բաժին։ Իսկ մինչ այդ ԱԱԾ-ն մոտ մեկ շաբաթ ստուգում էր իրականացնում։ Կապը՝ «Էլիպսի» եւ «Սեքյուրիթի դրիմի» միջեւ այն է, որ խախտումներն արձանագրում են «Սեքյուրիթի դիմի» տեսախցիկները, իսկ «Էլիպսը» որոշում է՝ խախտում կա՞, թե՞ ոչ։