Դա Ադրբեջանի հետ գործարքի գնալու հիմնավորված կասկածներ է տալիս. Քոչարյան

Դա Ադրբեջանի հետ գործարքի գնալու հիմնավորված կասկածներ է տալիս. Քոչարյան

Մենք գնում ենք խաղաղություն հաստատելու, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ մեղավորները չեն պատժվելու: Նրանք պետք է պատժվեն, այսինքն՝ արդարադատություն է պետք, այն անպայման պիտի լինի  երկրում։ Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակում ավշարցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սակայն միանշանակ մուրճով պատժել պետք չէ,  դրա համար կա դատավոր եւ արդարադատություն: Մուրճով պատժելը վայրենի ցեղերի մեթոդն է: Այդպիսի բան ես տեսել եմ միայն հին ֆիլմերում: Վերցրել ես մուրճը, կացինն էլ վերցրու: Սա վայրի ցեղերի մեթոդն է: Ես նույնիսկ չգիտեմ` ինչպես դա բնութագրել: Մեր երկրի գլխավոր դեմքն ավելի վատ սովորություններ ունի, քան միջնադարում: Նրան հարկավոր է հեռացնել իշխանությունից, ապա պահանջել բացատրել, թե ինչպե՞ս Շուշին եւ Հադրութը հայտնվեցին թշնամու վերահսկողության տակ, ի՞նչ 5 միլիարդի մասին է խոսքը գնում, դա լուրջ, հիմնավորված կասկածներ է առաջացնում Ադրբեջանի հետ գործարքի վերաբերյալ: Միգուցե նրան ամբողջությամբ չեն փոխանցել, եւ այժմ նա սկսում է խոսել դաշնակցության դրոշի մասին,  նման բան ասել Հայաստանի դրոշի օրը, ուղղակի անբացատրելի է բառերով»,- պնդեց Քոչարյանը։