Ի՞նչ ենք ուզում

Ի՞նչ ենք ուզում

Սովետական Միության փլուզման նախօրեին մենք գիտեինք, աշխարհին էլ հայտարարեցինք, որ ազգովի պահանջում ենք Ղարաբաղի միացումը Հայաստանին: Ոչ ոք չէր խոսում անկախության, ազատության կամ արդարության մասին: Դրանց մասին մտածողներ կային, անշուշտ, սակայն չէր բարձրաձայնվում: 

Հետո, երբ այլեւս սովետմիության փլուզումն անխուսափելի դարձավ, սկսեցինք բարձրաձայնել անկախանալու ցանկություններն ու ազատության կոչերը: Անկախության հանրաքվեով ժողովուրդը միահամուռ քվեարկեց դրա օգտին: Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն: Ընտրեցինք նախագահ, խորհրդարան, ստեղծվեց բանակ, ազատագրվեցին Ղարաբաղն ու հարակից տարածքները:

Սակայն դեռ մեկ-երկու տարի չանցած՝ մարդիկ սկսեցին տրտնջալ: Այն աստիճան, որ  բացահայտ կերպով էժանագին համեմատություն էին անցկացնում սոցիալական բարեկեցիկ կյանքի ու անկախության միջեւ՝ երանի տալով սովետական ժամանակաշրջանը: Որոշ քաղաքական գործիչներ նույնիսկ ցույցեր կազմակերպեցին՝ Սովետական Հայաստանի դրոշներով: Կոմունիստներն ու նրանց հովանավորները կազմակերպված միջոցառումներով նշեցին ու մեծարեցին Հայաստանի առաջին հանրապետության կործանման օրը...

Անարդար սեփականաշնորհման մասին խոսում էին բոլորը: Հաճախ աստղաբաշխական թվերով ր ներկայացվում երկրից արտահանվող ու վաճառվող սովետական տեխնիկան, հատկապես՝ դեպի Իրան: Իսկ իրանցիները շատ արագ գլխի ընկան, որ սովետական այդ տեխնիկա կոչվածները, մեղմ ասած, բանի պետք չէին: Հիմա հեշտ է այս ճշմարտության ըմբռնումը, սակայն այն օրերին, երբ ժողովուրդը սովետական տեխնոլոգիայի մասին երեւակայական պատկերացումներ ուներ, դժվար էր նրան համոզելը, որ դրանք ընդամենը թյուրիմացություն էին: Իրանցիներից շատերը՝ հատկապես սովետական կողմնորոշում ունեցող հայերը, մեծապես տուժեցին: Այսօր շատ բան է փոխվել: Ամենահամեստ կարողության տեր մարդն էլ նախընտրում է արտասահմանյան ավելի հնամաշ մեքենա ունենալ, քան՝ սովետական: 

Այս բոլորով հանդերձ, դժբախտաբար, ոմանց մտքից ու հոգուց դեռեւս չի մաքրվել սովետական մտածողության նստվածքը, որը թեթեւ ցնցումից պղտորում է նրա ողջ էությունը: Եթե 3 տարի առաջ տեղի ունեցած փոփոխությունների ջատագովներին տարանջատենք տարբեր շերտերի, ապա կտեսնենք, որ նրանց գերակշռող մասը սովետական շրջանի կարոտախտով տառապողներն են, որոնք կարծում են, որ պետք է հարուստների ունեցվածքը խլել եւ իրենց մեջ բաժանել: Նրանք կարծում են, որ իրենց կյանքի դժվարությունները ոչ թե սեփական անբանության ու ապիկարության հետեւանք են, այլ որ հարուստներն են իրենց կեղեքել:

Հետեւաբար, գլուխները կորցրած՝ ծափահարում են այն մարդուն, ով ճարպկորեն խոստանում է իրականացնել նրանց ցանկությունները: Այդ հույսերով էլ ապրում են ու քվեարկելու են այն մարդու օգտին, ով այդպիսի խոստումներով ոտքի հանեց նրանց եւ դեռ շարունակում է այդ «ջրիկ ճաշով կերակրել»: Ջհանդամ, թե այդ մարդն ազատագրված տարածքները տվեց թուրքերին եւ պատրաստվում է էլի բաներ տալ: Այնպես, ինչպես սովետների օրոք, նույնանման մարդիկ ծափահարում էին սովետների համար՝ աչք փակելով Նախիջեւանն ու Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու վրա: Դեռ այդքանը հերիք չէր, երգ էլ հորինել ու երգում էին` «Qardas olub Hayastan Azerbaycan...» (եղբայր դարձան Հայաստան-Ադրբեջան):

...Սրանց համար անկախությունն ու հայրենիքի սահմանները սկսվում ու վերջանում են իրենց փորի սահմաններում: Դրա համար էլ պատրաստ են հայրենիքը տալ մի փոր հացի դիմաց: 
Այսօրվա բարդությունն արտահայտվում է այն բանում է, որ չգիտենք, թե մեր մեջ ինչ թիվ են կազմում վերը նշված մարդիկ: Նախ, պետք չէ հավատալ նրանց՝ իբր արդարության պահանջի կրողների: Նրանցից շատերը, ինչպես ասվեց, արդարությունը հասկանում են սովետական հնամաշ գաղափարներով ու բռնազբոսիկ հավասարությամբ: Անողն ու չանողը, ճգնողն ու անբանը նույնքան ստանան, ու վերջ... 

Արդարության պահանջն ու ձգտումը բոլորի մոտ կա. բոլորն էլ պայքարել ու պայքարելու են դրան հասնելու համար: Այնպես չէ, որ այդ մարդկային վեհ ու ազնիվ ցանկությունը գռեհկորեն իրենց սեփականությունը համարեն մի խումբ հայրենամոռ ու ազգադավ մարդիկ:

Վահան Դարբինյան