Մարդիկ տարբեր են` ոմանք լուռ կտանեն, ոմանք մեղավոր կգտնեն, կգոռան, լաց կլինեն, հոգեկան առողջության խնդիրներ կունենան

Մարդիկ տարբեր են` ոմանք լուռ կտանեն, ոմանք մեղավոր կգտնեն, կգոռան, լաց կլինեն, հոգեկան առողջության խնդիրներ կունենան

Արցախցիների բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված սոցիալական խնդիրների, մարտահրավերների շուրջ զրուցել ենք ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոնի տնօրեն եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի հետ։ 

- Նախ խնդրում եմ ներկայացնել, թե նման ճգնաժամային իրավիճակներում սոցիալական աշխատանքն ինչ դեր է կատարում՝ խնդիրների լուծման առումով։

- Սոցիալական աշխատանքը նման իրավիճակներում պետք է ունենա ուղիղ արձագանքի եւ երկարաժամկետ պլանավորված աշխատանք անելու սխեմա։ Այս փուլում սոցիալական աշխատողների ներգրավվածությունը կերաշխավորի խնդիրներին ճիշտ եւ ժամանակին արձագանքելը, զուգահեռ վեր կհանի դրամատիկ դեպքերի բացահայտումը, նաեւ կոմունիկացիոն եւ այլ խնդիրներ: 2020-ից հետո ստեղծված դեպրեսիվ վիճակն այնքան ձգձգվեց, որ հանգեցրեց անորոշությունների, որը լուրջ սպառնալիք էր, եւ, այս ամենին զուգահեռ, մի քանի օր առաջվա իրադարձությունները՝ գնդակոծություններ, պայթյուններ, մարդկային կորուստներ, բռնի տեղահանում, որը մարդկանց հոգեկան առողջությանը շատ լուրջ սպառնալիք է՝ դրանցից յուրաքանչյուրը կարող էր ավերածություններ առաջացնել մարդու հոգեկան աշխարհում, եւ եթե նման խնդիրներ կան, մարդկանց սոցիալական կյանքը խաթարվում է։ Ես շատ ցավում եմ, որ հումանիտար կազմակերպություններից շատերի կողմից այս խնդիրն անտեսվում է։ Որոշ կազմակերպություններ ունեն մասնագետներ, բայց այդ թիվը շատ փոքր է։ Ես չգիտեմ` եթե այլ երկրներում պատերազմ լիներ, եւ դրանց նախորդեին երկարաժամկետ պատերազմները, անորոշությունը, ինչպե՞ս կարձագանքեին։ Չգիտեմ, կա՞ նման փորձ։ Իսկ արցախցիների վիճակը յուրահատուկ է երեք գործոններով․ հացն ու ջուրն այս մարդկանց հարցերի լուծումը չեն։ Կացարանը, անշուշտ, կարեւոր պահանջմունք է եւ պետք է բավարարել, բայց օր առաջ պետք է սկսել սոցիալ-հոգեբանական աջակցությունը` կոմպլեկտ: Ե՛վ սոցիալական աշխատանք իրականացնել, ե՛ւ հոգեբանական։ Առաջնահերթ խնդիրն անորոշությունն է` պայմանավորված իրենց կորուստներով՝ հայրենիքի կորուստ, հարազատ մարդկանց կորուստ եւ այլն։ Կգտնվեն մարդիկ, ովքեր ուժ կհավաքեն իրենց մեջ, կփորձեն ինքնուրույն գործ անել: Նրանց մի մասը պետական աշխատողներ են եղել, մասնագետներ, ովքեր հայտնվել են գործազրկության պայմաններում, եւ աշխատել է պետք` դա ոչ միայն աշխատանք առաջարկելն է, այլեւ մարդու հետ աշխատելը, որ հնարավոր համարի, որ ինքը կարող է կյանքը շարունակել, մնա ու աշխատի այստեղ։ Մարդիկ պետք է արժանանան խթանող, քաջալերող վերաբերմունքի։

- Որտե՞ղ են արցախցի երեխաները, ինչպե՞ս պետք է դասավորվի այդ երեխաների հետագա խնամքը։

- Արցախի գիշերօթիկում խնամք ստացող երեխաները տեղափոխվել են Կապանի գիշերօթիկ։ Գտնվում են մարդիկ, ովքեր հարցնում են՝ կարո՞ղ ենք որդեգրել այդ երեխաներին. պետք է հիասթափեցնեմ` ո՛չ։ Ինչպես Հայաստանում գործող գիշերօթիկներում խնամվող երեխաները, այդպես էլ Արցախում խնամվողներն այնպես չէ, որ ծնողներ չունեն` ունեն, բայց այդ ծնողներն ի վիճակի չեն խնամել երեխաներին, բայց միեւնույն ժամանակ զրկված չեն ծնողական իրավունքներից, սահմանափակված չեն: Եվ երեխաները ճանաչված չեն որդեգրման ենթակա։ Այս իրավիճակում էլ կգտնվեն ծնողներ, որ չեն կարող պահել իրենց երեխաներին, վերջիվերջո, գտնվում ենք տրանսֆորմացիոն փուլում, եւ այս պահին որդեգրության մասին չի կարող խոսք լինել։

- Սոցիալական այս բարդ իրավիճակը հաղթահարելու համար ի՞նչ պետք է անի պետությունը, եւ ի՞նչ պետք է անեն հասարակական կազմակերպությունները։  

- Այս պահին մեծ ջանքեր են գործադրվում՝ ամեն ինչ կազմակերպվածության հիմքերի վրա դնելու համար, եւ այդ ջանքերի արդյունքը երեւում է։ Պետք է նշեմ նաեւ, որ երկիրը շատ քիչ ռեսուրսներ ունի, նաեւ տեսանք, որ մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու խնդիրներ ունենք։ Օբյեկտիվորեն` հնարավորությունները մեծ չեն, որ մարդկանց լավ պայմաններ առաջարկվեն։ Մոտակա ժամանակներում, իմ կարծիքով, պետությունը հանրության հետ պետք է ռեսուրսները մոբիլիզացնի, օրինակ՝ Տաշիրում կառուցվում են մարդկանց համար բնակարաններ` արագ կառուցվող, օգտագործվում են տարածքներ, որոնք կարող են դառնալ բնակավայրեր։ Իմացանք, որ միջազգային կազմակերպությունները պատրաստվում են գումար հատկացնել, բայց, իմ համեստ հաշվարկներով, վստահեցնում եմ, որ դա բավարար չէ երկարաժամկետ խնդիրներ լուծելու համար։ Այն ամենը, ինչ փորձում են անել, լուծելու են կարճաժամկետ խնդիրներ։ Պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք բռնագաղթածների հետ, ովքեր ետ չեն գնալու, եւ ծրագրերը պետք է լինեն երկարաժամկետ ու կայուն։ Պետք է աշխատանքներ տանել մարդկանց հետ՝ տարբեր մարզեր տանելիս, ասել, որ սա ոչ թե ժամանակավոր կացարան է, եւ կարող ես միայն քնել, այլ սա է քո գյուղը լինելու: Քարքարոտ է, բայց պետք է շենացնես եւ ապրես։ Չափազանց կարեւոր է նաեւ սփյուռքի, միջազգային կառույցների, դոնորների դերը՝ այս խնդիրների լուծման համար։ Պետք է շատ արագ կազմակերպվեն եւ արագ գործեն։ Հազարավոր մարդիկ կան, որ ցանկանում են գյուղում ապրել՝ քաղաքը նրանց համար ասես բանտ լինի՝ փակ տարածք։ Արցախցիները հողը սիրող, կառուցող, արարող, պարզ մարդիկ են։ Նրանց պետք է տալ միտքը, ձեռքը զբաղեցնելու հնարավորություն եւ կայունության երաշխիքներ, որ դուք այստեղ ցանկալի եք եւ կարող եք ձեր տունն ունենալ։ Կան արցախցիներ, որ այստեղ ունեն տներ, բայց այդ թիվը փոքր է։ Մեծ մասը որոնումների մեջ է, չեն կարողանում սեփական անկյուն գտնել։ Այն փոքր խումբը, որ ունի տուն, չպետք է ստվեր գցի այն մեծ խմբի վրա, որը կարիք ունի հանրային աջակցության, միջազգային եւ պետական աջակցության։

- Որոշ լարվածություն կա ինչ-որ մարդկանց շրջանում` արցախցիների նկատմամբ, եւ դա արտահայտվում է այս կամ այն ձեւով։ Այս հանգամանքն ինչքանո՞վ կարող է խանգարել նրանց` այստեղ ապրելուն, ինչպե՞ս պետք է լինի հասարակության արձագանքը նման մարդկանց։

- Մեր հասարակությունը շատ բազմաշերտ է, ինչպես ցանկացած հասարակություն։ Արցախյան հասարակությունն էլ բազմաշերտ է։ Շատ կարեւոր է, որ մեդիա հարթակներում թույլ չտան խոսել, օրինակ, ղարաբաղցիները` այսպես, հայաստանցիները` այնպես, կոռնիձորցիք` այնպես... Նման խոսույթը պառակտելու, մաս-մաս անելու, հակամոբիլիզացում անելու տեխնոլոգիա է, որը կիրառվում է ոչ հայանպաստ քաղաքականություն վարողների կողմից, դրսի թշնամու կողմից կամ այս ամենն ավելի խորացնելու ցանկություն ունեցողների կողմից։ Ոմանք անկախ իրենց կամքից են անում, ոմանք` գիտակցաբար, բայց այս փուլում եւ ընդհանրապես՝ ցանկալի չէ պառակտում։ Նույնիսկ եթե արցախցի մեկը ջղային արտահայտվի, թե այս ինչ արեցիք մեր գլխին եւ այլն, մենք պետք է համբերությամբ լսենք մարդկանց, որովհետեւ անճարակ քաղաքականություն վարողների քայլերը, վատ, անհաջող, անճարակ դիվանագիտության ձախողումների հետեւանքները սովորական մարդուն բերել են փորձություններ եւ դժբախտություններ: Նրանք կորցրել են իրենց հարազատին, ունեն գերեվարված մարդիկ, կորցրել են հայրենիքը։ Մենք, որպես ընդունող մարդիկ, պետք է հասկանանք, որ այս մարդիկ անցել են դաժան ճանապարհով։ Եվ մարդիկ տարբեր են` ոմանք լուռ կտանեն, ոմանք մեղավոր կգտնեն, կգոռան, լաց կլինեն, ոմանք հոգեկան առողջության խնդիրներ կունենան... ինչ ասես՝ կարող է լինել․․․ Մենք պետք է հասկանանք, որ մեղադրողը պատճառ ունի, քննադատողը` առիթ ունի։ Պետք է հասկանալ, որ մարդիկ մրմուռի մեջ են, եւ իրենք կարող են իրենց վիշտը տարբեր ձեւով դրսեւորել։ Ժամանակ է պետք, որ որոշ բաներ իրենց տեղն ընկնեն, եւ չեմ կարծում, որ մեր խելացի մոտեցումը, հոգատար վերաբերմունքը չգնահատի արցախցին։ Եվ պետք չէ հուզական զգացումների վրա սեպեր խրել... Եթե ուզում ենք, որ մեր երկիրն ավելի ու ավելի թուլանա, եկեք խորանանք, թե ով ինչ է ասել։ 
Պետք է տեղափոխվել ռացիոնալ դաշտ։ Մենք կողքից ընդունել ենք, աջակցել ենք, բայց մենք այդ ամենով չենք անցել, ու մեզ համար հասկանալի չեն արցախցիների ապրումները։ Եվ աստված չանի՝ մեզնից մեկն այդ ամենով անցներ, ինչպես կպահեր իրեն` չգիտեմ... Եկեք ըմբռնումով մոտենանք մարդկանց երբեմն-երբեմն դրսեւորվող էմոցիաների պոռթկմանը:

Կարեն Քերիմյան