Փաշինյանը Պուտինին հռչակեց հանցագործ, մնում է կալանավորի

Փաշինյանը Պուտինին հռչակեց հանցագործ, մնում է կալանավորի

Որպես Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու եւ թշնամանալու հերթական քայլ՝ Փաշինյանի խորհրդարանը վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինն այլեւս չի գա Հայաստան, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի գնա Ռուսաստան: Փաշինյանը, իհարկե, փորձում է ցույց տալ, որ ինքը Հռոմի ստատուտը վավերացնում է ոչ թե Արեւմուտքի ցուցումով եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար, այլ իբրեւ թե ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Միջազգային քրեական դատարան դիմելու համար: Փաշինյանը մի տեքստ էր գրել եւ տվել Մարիա Կարապետյանի ձեռքը, ով այդ տեքստն ընթերցեց խորհրդարանում: Տեքստի իմաստն այն էր, թե իբր Հայաստանը վավերացնում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, որ Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով դիմի դատարան, իսկ ընդդիմությունը դեմ է դրան միանալուն, քանի որ Դաշնակցությունը Ցեղասպանության ճանաչման գործը սարքել է բիզնես ու դրա վրա փող է աշխատում սփյուռքի հայ համայնքներում:

Ինչու եմ պնդում, որ տեքստը գրվել է Փաշինյանի կողմից, քանի որ միայն նրա գլխում կարող էր նման հանճարեղ միտք ծագել` Ցեղասպանության դատապարտման պահանջով դիմել Միջազգային քրեական դատարան: Թե որ պետության դեմ է լինելու Փաշինյանի հայցը, նա այդ տեքստում չէր գրել: Երեւի Օսմանյան կայսրության, որն արդեն 100 տարուց ավելի գոյություն չունի, իսկ Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդը չէ: Միակ տարբերակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Մարիա Կարապետյանը Ցեղասպանության կազմակերպման եւ իրագործման մեջ մեղավոր հռչակեն Ռուսաստանին, Ռուսաստանի դեմ հայց ներկայացնեն Միջազգային քրեական դատարան՝ պահանջելով, որ դատարանը Պուտինին մեղադրի նաեւ հայերի դեմ ցեղասպանություն կազմակերպելու եւ իրագործելու մեջ:

Փաշինյանը, իհարկե, հասկանում է, թե ինչու է Արեւմուտքն իրեն դեմ տվել այդ փաստաթղթի վավերացումը: Խորհրդարանը, վավերացնելով այդ փաստաթուղթը, հայտարարեց, որ իրենք օրինական են համարում Միջազգային քրեական դատարանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշումը: Այսպիսով Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարությունը եւ խորհրդարանը հայտարարեցին, որ իրենք համաձայն են Միջազգային քրեական դատարանի հետ, որը Վլադիմիր Պուտինին կասկածում է ռազմական հանցագործություններ կատարելու, ուկրաինացի երեխաների անօրինական տեղահանության համար: Մնացած հիմնավորումները կամ բացատրությունները, թե ինչու Հայաստանը վավերացրեց այդ փաստաթուղթը, որեւէ արժեք չունեն: Ավելին, Հռոմի ստատուտը վավերացնելուց ժամեր առաջ ՄԱԿ դիտորդական առաքելության անդամները հայտարարեցին, որ Արցախում չեն տեսել բռնի տեղահանության որեւէ ապացույց՝ դրանով Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին հասկացնելով, որ պետք չէ սեփական ժողովրդի ականջներին լապշա կախել, ասելով, թե վավերացումը թույլ կտա դիմել դատարան եւ Ադրբեջանին մեղադրել արցախցիների բռնի տեղահանության կամ էթնիկ զտման մեջ: ՄԱԿ դիտորդները կփաստեն, որ տեղահանությունը եղել է կամավոր, իսկ Հռոմի ստատուտը վավերացնելն էլ իրականացվել է Արեւմուտքի պահանջով, որ Հայաստանի իշխանությունն ամբողջապես, այդ իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ անհատապես թշնամանա Ռուսաստանի հետ: 

Կարող են ասել, որ միայն Հայաստանը չէ, որ վավերացրել է քրեական դատարանի կանոնադրությունը, այն վավերացրած բազմաթիվ երկրների իշխանությունների հետ Ռուսաստանը նորմալ շփումներ ունի, նույնիսկ՝ բարեկամական: Օրինակ՝ Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի անդամ է, որի անդամ է նաեւ Հռոմի ստատուտը վավերացրած Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Բայց այդ երկիրը Հռոմի ստատուտը վավերացրել է մինչեւ դատարանի կողմից Վլադիմիր Պուտինի կալավորման օրդեր տալը, եւ նույնիսկ այդ պայմաններում Ռուսաստանի նախագահն այս տարի չգնաց ՀԱՀ՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի երկրների նախագահների համաժողովին, նրան փոխարինեց ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 

Արեւմուտքը հիմա կուզենա, որ Ռուսաստանը պատասխան քայլ կատարի. տնտեսական պատժամիջոցներ կիրառի Հայաստանի դեմ` արգելի հայկական բեռների մուտքը Ռուսաստան, թանկացնի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագինը, պաշտոնապես արգելի Հռոմի ստատուտի վավերացմանը կողմ քվեարկած պատգամավորների, Փաշինյանի ու նրա կառավարության անդամների մուտքը Ռուսաստան, ինչը հնարավորություն կտա Հայաստանի իշխանությանը՝ գնալ պատասխան հակաքայլերի, ինչն ի վերջո կհանգեցնի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վերջնական խզմանը եւ թշնամացմանը: Արեւմուտքը ձգտում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լինեն այնպիսին, ինչիսին են այսօր Ռուսաստանի հարաբերությունները Լատվիայի կամ Լիտվայի հետ: Արեւմուտքին չի բավարարում միայն Փաշինյանի իշխանության թշնամացումը Ռուսաստանի հետ, պետք է, որ թշնամանա նաեւ ամբողջ Հայաստանը, հայ ժողովուրդը: Եվրոչինովնիկները իբրեւ թե զբաղված են Ռուսաստանի միջազգային մեկուսացմամբ կամ իզգոյացմամբ, բայց քանի որ ուժները չի պատում ուժեղ եւ ինքնուրույն պետությունների վրա, չեն կարող Հնդկաստանին, Չինաստանին, Թուրքիային, Բրազիլիային կամ նույնիսկ Ադրբեջանին ստիպել՝ հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ, ուժները հերիքում է Հայաստանին ճնշելու համար:

Ավետիս Բաբաջանյան