Անգամ Ֆրանսիան և Գերմանիան որևէ հեռանկար չէին տեսնում Գրանադայի հանդիպումից

Անգամ Ֆրանսիան և Գերմանիան որևէ հեռանկար չէին տեսնում Գրանադայի հանդիպումից

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

-Ինչո՞ւ Ալիևը չմասնակցեց Գրանադայում տեղի ունեցած հանդիպմանը՝ դա ժամանակի վատնո՞ւմ համարեց, թե՞ ռուսներին հաճոյանալու իմաստ ուներ։

-Իմ գնահատմամբ Ալիևը չգնաց՝ օգտվելով միջազգային իրավիճակից և այն հանգամանքից, որ քննարկումները, որոնք տեղի էին ունենալու հնգակողմ ձևաչափում, գործնականում իր համար որևէ նոր հանգրվան չէին ստանում և Ալիևը բաց թողեց այդ հանդիպումը՝ շատ լավ իմանալով, որ իր այդ քայլը որոշակի գովասանական արձագանքի կարող է արժանանալ թե Ռուսաստանում, թե Թուրքիայում և թե անգամ մյուս խաղացողների մոտ։ Այս առումով ես նույնիսկ կարծիք եմ արտահայտել, որ անգամ Ֆրանսիան, Գերմանիան թերևս որևէ հեռանկար չէին տեսնում այդ հնգակողմ հանդիպման մեջ՝ այսօրվա վիճակում և այն, ինչ տեղի ունեցավ, կարող էր բավարարել հենց նրանց մոտեցումներն ու պատկերացումներն՝ այն տեսանկյունից, որ չկա խնդիրը գործնականում առաջ մղելու հնարավորություն, որովհետև Ադրբեջանն իր դիրքերում է մնում կարծես, իսկ Ադրբեջանի մոտեցումներն ընդունելի չեն և չեն կարող լինել ընդունելի Երևանի համար։ Ստեղծվեց մի վիճակ, երբ Երևանը մնաց մենակ արևմտյան միջնորդների մի խմբի հետ։

-Այս վիճակի ստեղծման պատճառը Փաշինյանի վարած քաղաքականությունը չէ՞ր։

-Ստեղծված իրավիճակը միջազգային դերակատարների փոխհարաբերությունների բերումով ստեղծված իրավիճակ է, որից փորձում է օգտվել Ադրբեջանը, Ալիևը։ Բնական է, որ այստեղ այն, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ և այն, ինչ առնչվում է Հայաստանին, գտնվում է նաև առաջին հերթին Հայաստանի քաղաքական ղեկավարության գործողությունների պատասխանատվության դաշտում։ 

 -Ալիևի բացակայությամբ, այնուամենայնիվ, հանդիպման մասնակիցները Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս քայլը։
 

-Հայաստանի այդ գործողությունները պայմանավորված են նրանով, որ կա ադրբեջանական ագրեսիայի վտանգ և չկա այդ ագրեսիան զսպող որևէ միջազգային ուժ, այդ ագրեսիան զսպելու պատրաստակամություն ունեցող անգամ որևէ միջազգային ուժ․․․ Այս վիճակը շարունակվում է առ այսօր և նույնիսկ միջազգային դերակատարները շատ պարզ խոսւոմ են այդ մասին։ Տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարությունները դիտարկում եմ գերազանցապես այս համատեքստում։

-Ինչպե՞ս է Ալիևը այս հերթական հայտարարությունը խաղարկելու մեր դեմ։

-Գիտեք, եթե այդ հայտարարությանը հակառակ, մոտեցումը փոխող հայտարարություն չի արվում, ապա մեծ հաշվով նշանակություն չունի, թե քանի անգամ է այդպիսի հայտարարություն արվում։ Մ անգամ արված հայտարարությունը ստեղծում է իրավիճակ և հետո այդ հայտարարությունը կկրկնվի երկու անգամ, երեք անգամ, թե տասը անգամ՝ սա արդեն էական չէ, եթե հայտարարությունը էապես փոխող այլ հայտարարություններ չեն լինում։

-Պուտինի երեկվա հայտարարությունը՝ թե Արցախի մասով ու թե Փաշինյանի մասին արված, ինչպե՞ս եք գնահատում։ Փաշինյանն իսկապե՞ս հիմա Պուտինի համար ձեռնտու է։

-Ռուսաստանի համար ձեռնտու է այն քաղաքական իշխանությունը Հայաստանում, որը Մոսկվային այսպես թե այնպես թույլ կտա պատասխանատվությունը իր արածի կամ՝ Արդբեջանի և Թուրքիայի համար իր պայմանավորվածություններով արածի, դնել Հայաստանի վրա։ Այսօր այդպիսի իշխանություն է Հայաստանում և Ռուսաստանն օգտվում է դրանից։ 

-ՌԴ ՊՆ ներկայացուցիչներ այսօր կժամանեն Հայաստան՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմը դուրս բերելու ժամկետները քննարկելու։ Սցենարը ռուսների նախատեսածո՞վ է առաջ գնում։

- Վերջին մի քանի տարիներին զարգացումներն ընդհանրապես ընթանում են, այսպես ասած, ոչ ամբողջապես ռուսների նախատեսածով։ Պարզապես ռուսները, ելնելով իրենց խնդիրներից և որոշակի հնարավորություններից, գնում են այդ զարգացումներում իրենց համար նվազագույն շահեկան պայմանավորվածություններ ձեռք բերելուն և դրա միջոցով իրավիճակը կառավարելու գործողությունների։ Այսինքն, որոշ բաներ ռուսներին համահունչ են զարգանում, բայց շատ-շատ զարգացումներ համահունչ չեն իրենց ծրագրերին, պարզապես իրենք որպես ռեգիոնալ տերություն գնում են արդեն համաձայնությունների ճանապարհով՝ զիջումների գնով նաև այդ իրավիճակը կառավարելուն և սեփական դիրքերը պահելուն։

-Կկարողանա՞ն իրենց դիրքերը պահել Հայաստանում։

-Ես չեմ կարող ասել, որովհետև դա, անկեղծ ասեմ, սուրճի բաժակի շուրջ գուշակության նման կլինի, որովհետև այդ հարցի պատասխանը տալու համար մենք պետք է իմանանք, թե ինչ ռեսուրսներ է տնօրինում Ռուսաստանը, ինչպիսի ռեսուրսներ են տնօրինում նրա աշխարհաքաղաքական մրցակիցները կամ հակառակորդները և նաև շատ հարաբերական է, թե ընդհանրապես ինչպիսին է այդ բոլորի ռազմավարական մտադրությունների և ծրագրերի ամբողջությունը։