ՀՀ անվտանգության տնտեսական սպառնալիքները

ՀՀ անվտանգության տնտեսական սպառնալիքները

Համաձայն ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի՝ մշակվող արդյունաբերության զարգացման համար սահմանած նպատակներին հասնելու նախանշված թիրախներ են հանդիսացել.

• «մշակող արդյունաբերության դերը (հավանաբար՝ մասնաբաժինը-հեղ.) ՀՆԱ-ի մեջ հասցնել առնվազն 15%-ի, 
• միջնաժամկետ հատվածում տնտեսական բարդության ցուցանիշը -0.39-ից հասցնել 0.1 միավորի և ստեղծել հիմքեր՝ 10 տարվա ընթացքում 30 դասվելու բարձր տնտեսական բարդություն ունեցող երկրների շարքին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապրանքների արտադրության արժեշղթաների խորացմանը նպաստելու ուղղությամբ, որը ենթադրում է տեխնոլոգիապես առավել բարդ ու բարձր հավելյալ արժեք ստեղծող արտադրանքի և արտադրական գործընթացների առկայություն» (ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, էջ 29-30)։
Մշակող արդյունաբերության արտադրանքի մասնաբաժնի դինամիկան ներկայացված է գծապատկեր 1-ում:

Երկրի անվտանգային սպառնալիքների մեղմման կամ չեզոքացման տեսանկյունից կարևորվող տնտեսական զարգացումը պահանջում է արտադրողական գիտելիքի կուտակում և դրա օգտագործում ավելի ու ավելի բարդ ոլորտներում: Հարվարդի աճի լաբորատորիայի՝ երկրների աստիճանակարգումը գնահատում է արտադրողական գիտելիքի ընթացիկ վիճակը երկրում՝ Տնտեսական բարդության համաթվի միջոցով (Economic Complexity Index-ECI): Երկրները բարելավում են իրենց ECI-ին՝ ի հաշիվ այն արտադրանքի քանակի և բարդության աստիճանի, որը հաջողությամբ արտահանում են: ՀՀ տնտեսական բարդության համաթիվը ներկայացված է գծապատկեր 2-ում: 

Բերված տվյալները, առանց վերլուծության, վկայում են, որ ՀՀ կառավարության սահմանած թիրախային նպատակները ձեռք չեն բերվել: Ընդհակառակը՝ տեղի է ունեցել դրության նշանակալի վատթարացում: Էլ ավելի մտահոգիչ է այն, որ ամրապնդվել են բացասական միտումները: Մտահոգիչ է ոչ միայն տնտեսական առումով, այլև՝ անվտանգային. մշակող արդյունաբերությունը, հատկապես մեքենաշինությունը, երկրի անվտանգության գրավականն է: 
Հավանաբար՝ համապատասխան պետական մարմինները կունենան իրենց մեկնաբանություններն առ այն, թե ինչու չեն ապահովել ՀՀ Կառավարության ծրագրային առաջադրանքների կատարումը:

Գագիկ Վարդանյան
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար