Աշխատողները տրանսպորտի բացակայության պատճառով կանգնած են գործազրկության եզրին

Աշխատողները տրանսպորտի բացակայության պատճառով կանգնած են գործազրկության եզրին

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն ս.թ. ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով: Լավ է, որ բժիշկներին տեղ են հասցնելու, բա մնացա՞ծը: 
Ապրիլի 1-ից, երբ արգելվեց հանրային տրանսպորտի և մետրոյի աշխատանքը, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք դեռ պարապուրդի մեջ չեն, զրկվեցին աշխատավայր հասնելու հնարավորությունից: Կարող են աշխատանքի գնալ միայն նրանք, ովքեր ունեն ավտոմեքենա, կամ տաքսիներով տեղաշարժվելու հնարավորություն: Տաքսիները ուղևորների վիճակի մեջ մտնելով, սկսել են տեղափոխել երկուական մարդ, կիսելով ճանապարհածախսը: Օրինակ, եթե Նոր Նորքի առաջին կամ երկրորդ զանգվածից Կենտրոն հասնելու համար պահանջվում է 1000 դրամ, ապա երկու մարդ յուրաքանչյուրը 500 դրամ վճարելով, տեղ են հասնում, այն էլ, եթե բախտները բերի ու տաքսու անվախ վարորդ գտնեն: Սակայն շատերի համար ամեն գնալ-գալուց 500-ական դրամ վճարելն էլ հասանելի չի: Խոսքը մթերային խանութների, անվտանգության աշխատակիցների, ոստիկանության պարեկա-պահակային ծառայության, փոստատների աշխատակիցների, հացի փռերի, այլ ձեռնարկությունների աշխատակիցների մասին է: Այս խմբերը առաջին հերթին են տուժում տրանսպորտի բացակայությունից, քանի որ չեն կարողանում հասնել աշխատանքի: 

«Ես չգիտեմ, թե ոնց եմ գործի գնալու: Աշխատանքս հերթափոխով է, օբյեկտի հսկողություն, երկու օր տանն եմ, մեկ օր աշխատում եմ, ինչպես եմ գործի հասնելու, չգիտեմ», - ասաց պահնորդական ծառայության մի աշխատակից: Նրա աշխատավարձը 80 հազար դրամ է, աշխտավարձը սրանում է ապրիլի 12-ից 15-ը, և երբ կանգնեց քաղաքային տրանսպորտը, նա աշխատավարձ դեռ չէր ստացել, ու տաքսիով աշխատավայր հասնելու համար այսօր չունի միջոցներ: 

Որոշ պահնորդական ծառայություններ լուծում են իրենց աշխատողների գործի հասնելու հարցը: «Մենք մեր տրանսպորտով ենք մարդկանց տեղափոխում, բենզինի ահռելի ծախս ենք կատարում, հերթափոխերի պետերն իրենց աշխատողներին հասցնում են գործի: Էլ չեմ ասում, որ 50-60 հազար դրամ փող եմ տրամադրում դիմակների, գելերի, ձեռնոցների և այլ պարագաների վրա», - «Հրապարակին» հայտնեց «Պանտերա» ՍՊԸ ընկերության ղեկավար Վահե Դարբինյանը: Ակնհայտ է, որ ինչ որ գործատուներ կգնան նման ծախսերի հանուն իրենց աշխատակիցների, մյուսները՝ ոչ: Մինչդեռ անվտանգության ծառայությունները արտակարգ իրավիճակում կարևոր օղակ են, որոնց վրա պետությունը կարող է հենվել, և դրանք աջակցության կարիք ունեն: 
Էջմիածնից Անուշ Ս-ն, որը աշխատում է երևանյան խանութներից մեկում, մեզ հայտնեց, որ չի կարողանում հասնել աշխատանքի և ստիպված է Երևանում վարձով բնակարան գտնել, ինչը բավականին թանկ է: «Տրանսպորտ չկա, որ հասնեմ աշխատանքի, ստիպված գործից դուրս եմ գալու», - ասաց վշտահակ քաղաքացին: Փաստորեն, այն փոքրաթիվ մարդիկ, որոնք դեռ աշխատանք ունեն, տրանսպորտի բացակայության պատճառով շուտով այն կորցնելու են: 
Այս մարդիկ, որոնց նմանների հետ երկու օր առաջ Փաշինյանը խոսում էր հեռախոսով, հավատացնելով, որ փորձելու է մտնել նրանց վիճակի մեջ, այսօր կատարյալ անտերության են մատնված: 
Հ.Գ. Մենք փորձեցինք քաղաքապետարանից մի պրիմիտիվ տեղեկություն ստանալ՝ երբ է աշխատելու տրանսպորտը, հնարավո՞ր է, որ մասամբ վերականգնվի քաղաքային տրանսպորտի աշխատանքը, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել, պատճառաբանելով, թե դա վիրուսի հետ կապված հարց է, քանի որ տրանսպորտի սահմանափակումները վիրուսի պատճառով են մտցվել, իսկ վիրուսի վերաբերող ողջ տեղեկատվությունը պարետատունն է տալիս: Պարետատան խոսնակն էլ՝ Հունանյանը, ինչպես միշտ չի պատասխանում զանգերին: