Սահմանադրական դատարանում «շունը տիրոջը չի ճանաչում» վիճակ է

Սահմանադրական դատարանում «շունը տիրոջը չի ճանաչում» վիճակ է

Այն է ակնհայտ, որ առաջիկա օրերին Հայաստանում քննարկումների օրակարգում առաջին տեղում Սահմանադրական դատարանն է լինելու: Պարտությամբ հպարտ իշխանությունը հաղթեց ԱԺ ընտրություններում, ընտրությանը մասնակցած որոշ ուժեր դիմել են ՍԴ:

Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ դեռ չի եղել դեպք, երբ Սահմանադրական դատարանը հաղթած ուժին դեմ գնա ու նրա ցանկությանը հակառակ որոշում կայացնի: Այս ՍԴ-ն կարող է նախադեպ ձեւավորել: Բայց, դատելով ՍԴ պաշտոնական կայքից, Սահմանադրության գերակայության ապահովման նպատակով ստեղծված պետական այս կառույցում «շունը տիրոջը չի ճանաչում» վիճակ է՝ անկազմակերպվածություն, չհամակարգված գործողություններ, վերահսկողության բացակայություն: ՍԴ-ն ունի մեկ նախագահ եւ ութ դատավոր:

Կայքում ներկայացված են բոլորը, բայց. 
• ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի կենսագրությունը տեղադրված չէ:
• Նշված չէ, թե երբ են ՍԴ դատավոր դարձել Արայիկ Թունյանը, Հրայր Թովմասյանը, Էդգար Շաթիրյանը:
• Որոշ կենսագրականներ սկսվում են վերջից՝ ներկայիս պաշտոնից, այլ կենսագրականներ՝ առաջին պաշտոնից:
• ՍԴ նախագահի եւ անդամների (ընդամենը՝ 9 մարդ) լուսանկարներից հինգում պաշտոնյան ՍԴ դատավորի հատուկ համազգեստով է, մնացած չորսում՝ քաղաքացիական հագուստով:
Արձանագրում. ՍԴ-ում, մեղմ ասած, վատ են աշխատում կայքի պատասխանատուները, աշխատակազմի ղեկավարը, ոչ ոք չի փորձում համակարգել աշխատանքները, ՍԴ դատավորներին չի հետաքրքրում աշխատակազմի վերաբերմունքը:

Հիշեցում. 44-օրյա պատերազմի օրերին «շունը տիրոջը չի ճանաչում» վիճակ էր ողջ պետական համակարգում, ու պարտվեցինք: Փաստորեն՝ վիճակը շարունակվում է։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ