Երեւի լավ չեն պատկերացնում, որ ցանկացած կադրային ջարդ հակասում է օրենքին

Երեւի լավ չեն պատկերացնում, որ ցանկացած կադրային ջարդ հակասում է օրենքին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս «ստուգաբանել» էր, թե ինչ է նշանակում «պողպատյա մանդատ»․ «Կադրային ջարդի մանդատ ստացել ենք, կադրային ջարդ կատարելու ենք»։ Իսկ հունիսի 15-ին՝ Սիսիանում, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք շատ-շատ տեղերից, ներառյալ այստեղից (մատնացույց էր արել համայնքապետարանը), այ, սրանով (մուրճով) հանելու ենք էդ ժանգոտած մեխերին, տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին»: Իսկ այժմ խոսքից անցել են գործի՝ տասնյակ մարդկանցից պահանջում են դիմում գրել։ 

Նախ,  մարդիկ պետք է հասկանան, որ դիմում ոչ մի դեպքում չի կարելի գրել, որովհետեւ այդ տրամաբանությամբ կարող են հասնել ՔՊ-ին ձայն չտված 300 հազարից յուրաքանչյուրին։ Չի կարելի գրել, որովհետեւ այդ կադրային ջարդն անօրինական է եւ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Զրուցել ենք հայտնի փաստաբան Արա Ղազարյանի հետ։

- «Պողպատյա մանդատ» եւ «կադրային ջարդ» հասկացություններն արդյոք հակասության մեջ չե՞ն մտնում միջազգային իրավունքի եւ նաեւ՝ «քաղծառայության համակարգ» հասկացության հետ։ 

- Ես զարմացա, որ պաշտոնատար անձը, այն էլ՝ բարձրաստիճան, նման հայտարարությամբ կարող է  հանդես գալ։ Իրենք, ըստ ամենայնի, լավ չեն պատկերացնում, որ ցանկացած ջարդ, այդ թվում՝ կադրային ջարդ, հակասում է օրենքի գերակայությանը։ Ես կարծում եմ, որ նման բան հայտարարող պաշտոնյան վարքագծի լուրջ խախտում է թույլ տվել։

- Իսկ այդ հայտարարությունը որպես հիմք ընդունելով՝ մարդիկ կարո՞ղ են դիմել ՄԻԵԴ։

- Գիտեք, եւս 1-2 նման հայտարարություն, արդեն  դատավարական իմաստով կարող է ձեւավորվել կոնտեքստ, իսկ կոնտեքստը դատավարության ժամանակ ունի ապացուցողական նշանակություն խտրականության գործերում։ ՄԻԵԴ-ը, օրինակ, բազամաթիվ վճռներ է կայացրել՝ ՊԵԿ-ի կողմից նախկին իշխանությունների ժամանակ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու հարցերով։ Եվ նրանք շահել են գործը, բայց նրանց գործերում խտրականության տարր չկա։ Հիմա՝ այս դեպքում եւս մի քանի նման հայտարարություն, եւ նման գործերը Եվրոպական դատարանում արդեն խտրականության, անհանդուրժողականության հիմքով կճանաչվեն որպես պետության կողմից խախտում։ Այնպես որ, պետք է նման հարցերին շատ լուրջ վերաբերվել, եւ այդ արտահայտությունը՝ պողպատե կամ ալմաստե, լավ կլինի, որ մնա անցյալում, քանի որ դրանք ընդհանրապես գեներացնում են, անպայման չէ՝ բռնություն, բայց անհանդուրժողականություն։ 

- Իսկ եթե կոնկրետ հայցվորներ չլինեն, Դուք կարո՞ղ եք, որպես փաստաբան, որը որակավորված է ՄԻԵԴ դիմելու համար, ինքներդ դիմել։ 

- Ոչ, պետք է  լինի կոնկրետ իրավունքի խախտում, կոնկրետ տուժող եւ այլն, բայց պատկերացրեք, որ ինչ-որ մեկին իսկապես ստիպել են, որ դիմում գրի, եւ նրա խնդիրն է՝ ապացուցել, որ իրականում դիմումը գրել է, որովհետեւ իր նկատմամբ ճնշումները եղել են իր քաղաքական հայացքների ու գաղափարների հիմքով։ Նա պետք է  դա կարողանա ապացուցել, չէ՞։  Ի վերջո, նրան ոչ ոք տեղեկանք չի տա, որ, այո, քեզ աշխատանքից հեռացրել ենք, որովհետեւ դու քաղաքական մեծամասնության գաղափարները չես ընդունում։ Եվ նման դեպքերում է, որ սա ապացուցվում է համատեքստով։ Հիմա՝ մեկ հայտարարությունը դեռ համատեքստ չէ, բայց եթե կրկնվի, ապա համատեքստ է։

- Մեկ հայտարարություն չէ, Նիկոլ Փաշինյանն էլ է հայտարարել նման բաներ եւ ոչ մեկ անգամ։

- Ուրեմն, փաստորեն, այս ամբողջն իրենք իրենց դեմ են անում։ Ուղղակի անընդունելի է, ժողովրդավարական հասարակարգում նման հռետորաբանություն չպետք է լինի՝ «կադրային ջարդ» եւ այլն։ Ի վերջո, օրենքի գերակայությունից բացի, գոյություն ունի քաղծառայության մի ամբողջ բլոկ։ Կամ թեկուզ քաղաքական պաշտոնները, դրանք բոլորը ենթարկվում են օրենքի գերակայությանը, որը խախտվում է նման արտահայտություններով։

- Իսկ երբ ՔՊ-ից մեկնաբանում են, թե քաղծառայող են, թող չզբաղվեն քաղաքականությամբ…

- Եթե խախտում են թույլ տվել, թող կարգապահական վարույթի շրջանակներում մարդկանց ենթարկեն կարգապահական պատասխանատվության։ Այնտեղ կա սանդղակ՝ նկատողությունից մինչեւ աշխատանքից հեռացում։ Այսինքն՝ թող անեն օրենքով եւ ոչ թե մարդկանց ստիպեն դիմում գրել։ Կան ընթացակարգեր։

- Իսկ միջազգային ո՞ր կոնվենցիաների հետ են նման հայտարարությունները հակասության մեջ։

- Առաջին հերթին դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է։ Բազմաթիվ գործեր կան, որոնցում ապացուցված է համարվում, որ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ աշխատանքային հարաբերությունները խզել են, եւ դա համարվել է խտրականություն։

ՀԳ․ Մենք զրուցեցինք ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Հայկ Ղալումյանի հետ։ Հարցրինք՝ երբ Նիկոլ Փաշինյանը, իրենց թիմը խոսում են կադրային ջարդի մասին, այս բզիկ-բզիկ արված, պառակտված, իրար ատող հասարակության մեջ հերթական բաժանարար գիծը չե՞ն տանում։ Ղալումյանն ասաց․  «Ես տենց դեպք չեմ տեսել՝ կադրային ջարդի։ Իսկ Արմեն Գրիգորյանին ես չեմ կարա մեկնաբանել, ես՝ ինքս, գործադիր չեմ։ Իմ կողմից միանշանակ է, որ մարդիկ կան, որոնք չպիտի աշխատեն»։