Նոր կառավարություն՝ հին դեմքերով

Նոր կառավարություն՝ հին դեմքերով

Թեպետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի ապագա կառավարությունը ձեւավորել նոր դեմքերով, բայց գործընթացները հուշում են, որ ստացվելու է նախկինը՝ չնչին տեղափոխություններով։ Երեկ առաջին ծիծեռնակը նշանակվեց։ Մի հրամանով ազատելով կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին, ում հետ վերջերս խոշոր կոնֆլիկտ է ունեցել Փաշինյանը, մեկ այլ հրամանով այդ պաշտոնում նշանակեց իր խորհրդական Արայիկ Հարությունյանին, ով ժամանակին խայտառակ ձախողել է կրթության եւ գիտության նախարարության քաղաքականությունը եւ հեռացվել այդ աշխատանքից, որ մարդկանց զայրույթը մեղմվի։

Մինչեւ ընտրությունները Փաշինյանը մտադրություն է ունեցել Թորոսյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում, քանի որ աշխատակազմի գեստապոյական ղեկավարն արդարացրել է «շեֆի» սպասելիքները։ Սակայն իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս հետընտրական «բազառներ» են ծավալվել․ Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ Թորոսյանն ընտրությունների համար հատկացված գումարների հարցում մաքուր չի եղել, եւ որոշել է «պատժել» նրան՝ ուղարկելով «դիզբատ»՝ խորհրդարան։ Հիմա Արսեն Թորոսյանը փորձում է համոզել, որ գոնե իշխող խմբակցության ղեկավարի պաշտոնն իրեն վերապահեն, հատկապես որ Լիլիթ Մակունցը գնում է ԱՄՆ՝ դեսպան, եւ «Քաղպայմանագրում» այլ հարմար թեկնածու չկա։ Բայց Թորոսյանը բոլորի հետ լարված հարաբերություններ ունի, թերեւս՝ բացառությամբ Սուրեն Պապիկյանի, որին նա «բրթում» է ԱԺ նախագահի պաշտոնին։

Տեղեկացանք նաեւ, որ նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Փաշինյանին տեղեկացրել է, որ եթե իրեն փոխարինող կա, ցանկություն ունի ազատման դիմում գրել, բայց Փաշինյանը համոզել է մնալ։ Գրվեց, որ Գրիգորյանին դիտարկում են որպես արտգործնախարար, ռուսական շրջանակներն են շահագրգիռ նրա նշանակմամբ, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգորյանն այնքան էլ հակված չէ այդ պաշտոնին։ ԱԳ նախարարի պաշտոնի հարմար քննարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, բայց ռուսական կողմը եւ ԱԳՆ աշխատակազմը մերժում են նրան․ նա, հավանաբար, ԱԺ փոխխոսնակ կնշանակվի։

Մեզ ասացին, որ անգամ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի թեկնածությունն է քննարկվել, որը ռուսական կողմի համար իդեալական թեկնածու է, սակայն հասարակությանը դժվար կլինի բացատրել, թե պատերազմում պարտված Պնախարարին ինչու են հիմա էլ ԱԳՆ գործուղում, չէ՞ որ Փաշինյանը բանակի վրա է կոտրել պարտության ողջ մեղքը։ Հենց այս պատճառով էլ այժմ ԱԳ նախարարի միակ հավանական թեկնածուն մնում է Մհեր Գրիգորյանը։

Արդեն հստակ է, որ Սուրեն Պապիկյանը կնշանակվի փոխվարչապետ, իսկ եթե Գրիգորյանը տեղափոխվի ԱԳՆ, ապա նրա տեղը կտան Խաչատուր Սուքիասյանին, ում սիրտը գործադիր է ուզում՝ նա իրեն Երեւանի քաղաքապետ է տեսնում, իսկ մինչ այդ՝ գործադիրում բարձր պաշտոնի։ Ներկայիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ կա՛մ մասնավորում աշխատանքի կանցնի, կա՛մ դեսպան կնշանակվի։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ամենայն հավանականությամբ, կվերանշանակվի։ Բաց է առողջապահության նախարարի պաշտոնը՝ գործող նախարար Անահիտ Ավանեսյանին գործուղում են ԱԺ, սոցապնախարարի պաշտոնում կնշանակվի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը։

Ըստ որոշ տեղեկությունների, Վաղարշակ Հարությունյանն էլ հրաժեշտ կտա պաշտպանության նախարարի պաշտոնին: Այս պահի դրությամբ քննարկվում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի թեկնածությունը, ով այդ պաշտոնին նշանակվել է այս տարվա ապրիլի 7-ին՝ ազատվելով վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է, մինչեւ 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում, Սերժ Սարգսյանի հրամանագրով, ազատվեց պաշտոնից՝ հետախուզության աշխատանքները ձախողելու համար։ Իսկ 2018-ի դեկտեմբերի 18-ին նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, քանի որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք էր տվել:
Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ապա չի բացառվում, որ նրան Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակեն:

Ի դեպ, վերջին շրջանում ակտիվ լուրեր են տարածվում, որ Պնախարարի պաշտոնում հնարավոր է նշանակվի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, բայց Նիկոլ Փաշինյանը չի ցանկանա կրկին փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ռազմավարական գործընկերների համար առանցքային նշանակություն ունեցող այդ պաշտոնում նշանակել մեկին, ով Ռուսաստանի համար «պերսոնա նոն գրատա» է հայտարարված:

Ամենաթեժը խորհրդարանի խոսնակի տեղի համար մղվող մարտերն են։ Եթե Ալեն Սիմոնյանը նշանակվի խորհրդարանի խոսնակ, ապա Արարատ Միրզոյանին Ռուսաստանում Հայաստանի դեսպան կնշանակեն, իսկ եթե Միրզոյանը նշանակվի ԱԺ նախագահ, ապա Ալեն Սիմոնյանը կրկին կզբաղեցնի փոխխոսնակի պաշտոնը։ Մեր տեղեկություններով, նա ամիսներ առաջ հրաժարվել է Ռուսաստանում դեսպանի պաշտոնը զբաղեցնելու առաջարկից։

Ինչ վերաբերում է ուժայիններին, ապա, ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ իրենց տեղերում կմնան ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, իսկ հաջորդ տարի, երբ, ըստ ոստիկանության բարեփոխումների հայեցակարգի, ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը միավորվեն, մեգակառույցը՝ ՆԳՆ-ն, կղեկավարի գործող ոստիկանապետ Վահե Ղազարյանը։