Երբ է մարդու մոտ առաջանում անուշեղեն ուտելու ցանկություն

Երբ է մարդու մոտ առաջանում անուշեղեն ուտելու ցանկություն

Դիետոլոգները պարզել են, որ մարդու մոտ հիմնական ճաշից հետո անուշեղեն, քաղցրավենիք ուտելու ցանկությունն առաջանում է այն դեպքում, եթե առկա է սննդարար նյութերի պակաս, ինչպիսիք են ածխաջրերը։ Բանն այն է, որ այդ վիճակում մարդու արյան մեջ նվազում է շաքարի պարունակությունը, որն էլ առաջացնում է հակում քաղցրեղենի հանդեպ։ Բացի այդ, մարդը անուշեղեն ցանկանում է ուտել այն դեպքում, երբ նրա մոտ առկա է ցինկի, երկաթի, կալցիումի եւ մագնեզիումի պակաս։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։

Մասնագետները նշում են, որ այն անձինք, ովքեր հետեւում են ցածր ածխաջրային սննդակարգի, կարող են հաճախ ունենալ անուշեղեն ուտելու ցանկություն։ Անդրադառնալով մի շարք նյութերի պակասի դեպքում քաղցրեղեն ուտելու ցանկության առաջացմանը, բրիտանացի դիետոլոգ Ռեյչել Ռիչարդսոնը նշում է, որ մագնեզիումն, օրինակ, կարգավորում է ինսուլինի մշակումը օրգանիզմում, որն էլ իր հերթին շաքարի պարունակությունն է հաստատուն պահում արյան մեջ։

Կա նաեւ մեկ այլ հանգամանք։ Սովորաբար, երբ մարդն ուտում է սովորական սնունդ, կշտանալը զգում է ստամոսքով, սակայն էմոցիոնալ առումով հագեցում չի զգում, մինչդեռ կոնֆետը, տորթը եւ այլ անուշեղենները հենց նման էմոցիոնալ հագեցման զգացումն են առաջացնում եւ դա էլ կարող է պատճառ դառնալ անուշեղենի հանդեպ հակման։