Ո՞վ հաղթեց

Ո՞վ հաղթեց

Ո՛չ Ադրբեջանը հաղթեց, եւ ո՛չ էլ Հայաստանը պարտվեց: Պասիվ ու ակտիվ գործողությունները համաձայնեցնելով` հաղթեցին մեր բարեկամն ու դարավոր թշնամին: Դրա արդյունքում շահեց Ադրբեջանը, տուժեցին Հայաստանն ու հայ ժողովուրդը...
Հիմա նրանք զբաղված են նախ իրենց այդ համաձայնության ավարը բաժանելով եւ աշխարհի ուրիշ մի անկյունում շարունակելու նույնանման համաձայնությունների մշակումը: Դա իրենց գործն է:
Գուցե դա այդպես էլ պիտի լիներ` անկախ մեր կամքից: 

Բայց իրո՞ք՝ անկախ մեր կամքից... 

Մենք կարող էինք խոհեմ ու շրջահայաց դիվանագիտությամբ փոխել այդ երկու գործողությունների տեղերը: Բայց մեր փողոցային ոգեւորությունն ու նոր ղեկավարության աճպարարությունը, այդ ոգեւորության ալիքի վրա կառուցելու իրենց ապաշնորհ իշխանությունը, ահա, այսպիսի վախճան ունեցավ: 

Ընդունենք, որ աշխարհի մեծերը միայն իրենցով չէ, որ մեծ են: Նրանց մեծության մեջ առանձին եւ կարեւոր դեր է վերապահված փոքրերին: Մեծերն էլ, փոքրերն էլ` իրենց կարգավիճակի պահպանման եւ բարելավման սիրույն, պարտավոր են իրադարձությունները գնահատել ճիշտ եւ ժամանակին: Միշտ էլ մեծերն ավելի շատ բան ունեն մտածելու, քան փոքրերը: Փոթորիկից մեծ ծառերն ավելի են տուժում... 

Կռիվը չի վերջացել: Ապագան հղի է անակնկալներով: Մենք գիտենք, որ մեր անմիջական թշնամու «հերոսները», քնած մարդուն կացնահարելուց բացի, այլ հերոսությունների ունակ չեն: Իսկ մենք այլեւս քնով մնալու իրավունք չունենք: Կգան ժամանակներ, երբ մենք, ազատվելով այս ապաշնորհ ղեկավարությունից, ոտքի կկանգնենք եւ ի վիճակի կլինենք փոխելու մեր բարեկամների պասիվությունը: 

Պատերազմից վերադարձած մեր հերոս տղաները՝ ատամները սեղմած, դեռ ասելիք ունեն: Նրանք իրենց վրա են վերցնելու մեր նոր պատմության հերոսապատումը:

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ