Չարիք, ով ընկալվում է որպես Աստված

Չարիք, ով ընկալվում է որպես Աստված

Այսօր սոցցանցերում համարյա թե չկա ընդդիմադիր (եւ ոչ միայն ընդդիմադիր) մեկը, որ Հայաստանի վարչապետի անձը չբնութագրի որպես խելագարի: Բայց եթե նա խելագար չլիներ, ապա հեղափոխությունը չէր հաղթանակի, որքան էլ դա դժվար լինի ընկալելը: Ի դեպ, այն, որ նա հոգեբանական խնդիրներ ունի, ես նկատել էի 1,5 տարի առաջ: Նիկոլի հոգեբանական խնդիրների մասին առաջին անգամ խոսել եմ իմ վերջին աշխատավայրում, սակայն իմ ասածը չի ընդունվել: Դրանից մոտ կես տարի անց ես վերադարձա նույն թեմային, բայց այդ անգամ ոչ թե փորձեցի կրկին համոզել իմ զրուցակցին, այլ օգտագործեցի անտիկ հույն փիլիսոփա Սոկրատեսի մեթոդը. ես ընդամենը հարցեր էի տալիս, զրուցակիցս (նույն անձը, ով նախկինում չէր ընդունել իմ տեսակետը) պատասխանում էր դրանց: Այդ հարցուպատասխանը տեւեց կես ժամ, ու վերջում նա՝ ինքը, հանգեց այն եզրակացությանը, որին դեմ էր արտահայտվել կես տարի առաջ: Հարցերն առնչվում էին Փաշինյանի նախահեղափոխական վարքին, բանավոր ու գրավոր խոսքին, հեղափոխության օրերին նրա գործողություններին: Այն ամենին, ինչի շնորհիվ Փաշինյանին հաջողվեց բազմություններ մոբիլիզացնել իր շուրջը եւ հասնել հաղթանակի: Այնպես որ, թե՛ հեղափոխությանը, թե՛ որպես վարչապետ նրա գործունեությանը եւ այդ թվում՝ մեր խայտառակ պարտությանը մենք «պարտական» ենք Փաշինյանի անձի հոգեբանական շեղումներին:    

Այժմ մի փոքր շեղվենք թեմայից, եւ, չլինելով հոգեբան, ներկայացնեմ կյանքից մի երեւույթ հնարավորինս պարզ՝ առանց մասնագիտական անվանումների: Եվ այսպես. եթե որեւէ անձ ընկնում է երկարատեւ վատ վիճակի մեջ, ապա նա փորձում է անել ինչ հնարավոր է, միայն թե ազատվի այդ վիճակից: Եվ նշանակություն չունի, թե ինչ զոհողությունների կգնա նա․ նա կանի ամեն ինչ, ինչ իրենից կպահանջվի: Ընդ որում, շատ հաճախ նրանից չի պահանջվում ոչինչ անել․ նա ընդամենը համաձայնում է այն ամենին, ինչ նրան առաջարկվում է, իսկ գործն անում են ուրիշները:

Նման իրավիճակներ կյանքում պատահում են հազվադեպ, սակայն պատահելիս կարող են հեղաշրջել մարդու ողջ կյանքը՝ ուրիշների համար բացահայտելով նրա իրական բնույթը: Եվ եթե վերջինիս գիտակցությունը պահպանվում է, ապա նման իրավիճակը կարող է բացահայտել նաեւ ինքն իրենից թաքցվածը՝ այն վիհը, որից կարող է զարհուրել հենց ինքը: Բայց սովորաբար դա չի հասնում անձի ինքնագիտակցությանը, եւ վերջինս դառնում է ամեն ինչի եւ բոլորի թշնամին՝ մեղադրելով ողջ տիեզերքը: Եվ որքանով բարձր է լինում տվյալ անձի կարգավիճակը, այնքան ծանր ավերածություններ է սփռում իր շուրջը նման դեպքերում: Իսկ եթե այդ անձը երկրի ղեկավարն է, ապա սարսափելի է նույնիսկ պատկերացնելը (մենք արդեն ականատես եղանք), թե ինչպիսի ավերածություններ կարող է անել նա, եթե որեւէ կողմնակի ուժ չկանգնեցնի նրան: Մինչ այս պահը խոսքը գնում էր հոգեպես շեղում չունեցող նորմալ անձնավորության մասին, որը դեպքերի բերումով ընկնում է նման տհաճ (իր բնորոշմամբ) իրավիճակի մեջ: 

Իսկ հիմա պատկերացնենք, թե ինչ տեղի կունենա որեւէ հանրության կամ ողջ երկրի հետ, եթե այդ անձն ունեցել է (ունի) հոգեկան շեղումներ: Այսքանը, կարծում եմ, բավարար է, որպեսզի պարզ լինի, որ թե էլ ինչի կբախվենք մենք, եթե ժամանակին չկանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին՝ մեր ժողովրդի երբեմնի սրտի վարչապետին, այն մահկանացուին, ում ոմանք սոցցանցերում սրբապղծորեն դեռեւս անվանում են «աստված»: Իրական Աստված, ազատիր մեզ նման չարիքից:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ