Նարկոլոգիականում մրցույթը չի կայացել՝ նախարարի թեկնածուն տապալվել է

Նարկոլոգիականում մրցույթը չի կայացել՝ նախարարի թեկնածուն տապալվել է

Հանրապետական նարկոլոգիական կենտրոնի երկարամյա ղեկավար Պետրոս Սեմերջյանը, անհայտ պատճառներով, հայտնվել է առողջապահության նախարարի սեւ ցուցակում․ վերջինս որոշել է այլեւս չերկարացնել նրա հետ աշխատանքային պայմանագիրը եւ այս հիմնարկում եւս նշանակել իր մարդուն, ավելի կոնկրետ՝ նախարարության թմրաբանության գծով խորհրդատու Սուրեն Նազինյանին, որն անցյալում աշխատել է կենտրոնում, իսկ հիմա նաեւ Առողջապահության ազգային ինստիտուտում է աշխատում։ Սակայն մրցույթում Նազինյանը ձախողվել է՝ չկարողանալով հաղթահարել մրցույթի պահանջները։

Մեզ հետ զրույցում Պետրոս Սեմերջյանն ասաց․ «Նախարարության հետ իմ աշխատանքային պայմանագիրը լրացել է հունիսին, հինգ տարով էր։ Ես համարվում եմ ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ մրցույթ է հայտարարվում, եւ դրա արդյունքում նոր հաղթող է ճանաչվում։ Բայց մրցույթները չեն կայացել, չեմ կարող ասել, թե երբ կկայանան։ Հավանական է՝ դեկտեմբերին, ու երբ մրցույթով ավելի արժանի հավակնորդ լինի, արդեն կնշանակվի այդ մարդը։ Չգիտեմ՝ ես պաշտոնակատար եմ եւ հինգ րոպե առաջ ես ազատված չեմ եղել աշխատանքից»։ Ինքը՝ Սեմերջյանը, մրցույթին չի մասնակցել, մասնակցելո՞ւ է նորին՝ չգիտի, չի որոշել։
«Ո՞նց ես կարող եմ ասել՝ ամիսներ հետո կմասնակցե՞մ, թե՞ ոչ»,-ասաց նա։

Հարցրինք․ եթե չի բացառում, որ նորին կմասնակցի, ուրեմն ինչո՞ւ չէր մասնակցել նախորդ մրցույթին։ «Ես արդեն շատ երկար եմ աշխատում, իմ թոշակի տարիքը մոտենում է․․․»,- ասաց Պետրոս Սեմերջյանը։
Մինչդեռ մեր աղբյուրը տեղեկացրեց, թե մրցույթին գործող տնօրենի չմասնակցելը նախարարի ցանկությամբ է եղել, եւ նա չի պատկերացրել, որ ինչ-որ բան կխանգարի իր թեկնածուի հաղթանակին։ Մրցույթի արդյունքները, այսպես ասած, անակնկալ են եղել ե՛ւ դիսպանսերի աշխատակազմի, ե՛ւ նախարարության համար։ Ի դեպ, համակարգում եւ կենտրոնում շատ բարձր կարծիքի են Սեմերջյանի մասին եւ ափսոսում են, որ նա ստիպված է հեռանալ։

Մենք զրուցեցինք նաեւ տնօրենի պաշտոնի հավակնորդ Սուրեն Նազինյանի հետ։ Նա ասաց, որ մինչեւ հեղափոխությունը Արսեն Թորոսյանին վերջին անգամ տեսել է 2004 թվականին եւ մի անգամ անցած տարի է հանդիպել, երբ նշանակվել են նախարարության խորհրդատուները՝ նախկինում գլխավոր մասնագետները։ Ինչ վերաբերում է նարկոդիսպանսերի տնօրենի պաշտոնի համար մրցույթին, ապա մասնակցելու հայտ է ներկայացրել 2 անձ՝ ինքը եւ մի հոգեբույժ։ Չնայած նրան, որ երկրորդ փուլում (մրցույթը երեք փուլից է) ո՛չ ինքը, ո՛չ մյուս թեկնածուն հաղթող չեն ճանաչվել, Սուրեն Նազինյանը կարծում է, որ մրցույթն արդար եւ օբյեկտիվ է անցել։
 «Որովհետեւ նախկինում տնօրենների  մրցույթներն այդպես չէին անցնում։ Դրանք բոլորը կրում էին ձեւական բնույթ։ Դուք էլ գիտեք, չէ՞»,- ասաց Նազինյանը։

Նրան հարցրինք, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ ինքը եւ մյուս թեկնածուն հաղթող չճանաչվեցին, եւ մրցույթն էլ չկայացավ։ Նա նշեց, որ երկրորդ փուլում պատասխանել է 5 հարցերից երեքին, իսկ հաղթող ճանաչվելու համար պետք է առնվազն  4-ին պատասխանել։ Կենտրոնի տնօրենի այլեւս նախկին թեկնածուն դա բացատրեց նրանով, որ պրակտիկ բժշկի համար պարտադիր մասնագիտական հարցերից բացի, մրցութային հարցերի մեջ եղել են հարցեր ՀՀ Սահմանադրությունից, 300 էջանոց Քաղաքացիական օրենսգրքից, եւ իր կարծիքով՝ բոլոր հարցերին պատասխանելը մի փոքր բարդ է եղել։

Պարոն Նազինյանին հարցրինք նաեւ՝ հաջորդ անգամ կենտրոնի տնօրենի մրցույթին կմասնակցի՞, թե՞ ոչ։ Նա նույնպես ասաց, որ դեռ չի որոշել։ Հավելեց, որ եթե որոշի, ապա այդ ժամանակ մրցույթի հարցերին շատ ավելի լավ պատասխանելու հավանականությունը գուցե ավելի մեծ կլինի։