Իսկ ՀՖՖ նախագահ Վանեցյանից գո՞հ եք

Իսկ ՀՖՖ նախագահ Վանեցյանից գո՞հ եք

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը չգիտես ինչու եւ ինչպես հայտնվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմում, երեկ հարցրինք՝ ի՞նչ է կարծում, Արթուր Վանեցյանը կարո՞ղ է առաջ տանել հայկական ֆուտբոլը եւ, ինչպես վարչապետն էր ասում, մեր հավաքականը հասցնել մինչեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

«Եկեք հիմա Ձեր հարցը չմեկնաբանեմ, որովհետեւ վերջին փոփոխություններից հետո գործկոմի նիստի չեմ մասնակցել վաղուց եւ ապագա պլանների մասին շատ տեղեկացված չեմ։ Միգուցե որոշ ժամանակ հետո կարողանամ խոսել դրա մասին»,- ասաց Արսեն Թորոսյանը։

- Ի դեպ, այս ընթացքում խոսվեց այն մասին, որ Վանեցյանին կարող են հեռացնել նաեւ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Գործկոմը կարո՞ղ է այդ հարցում դերակատարում ունենալ, եւ անձամբ Դուք կողմ կլինե՞ք դրան։

- Տեսեք, ընդհանրապես, մարդկանց փոփոխությանը ես դեմ չեմ, այդ թվում՝ իմ։ Նույնկերպ ես կարող է վաղը չլինեմ ՀՖՖ գործկոմի անդամ եւ չլինեմ առողջապահության նախարար։ Եվ էդտեղ որեւէ տրագեդիա չկա, ապոկալիպսիս չի լինի, երկիրը չի քանդվի։ Դա՝ մեկ։ Երկրորդ մասով՝ լիազորությունների շրջանակն է պետք հստակեցնել, թե ով է կարողանում ընտրել գործկոմի անդամներին եւ ֆեդերացիայի նախագահին եւ ամեն մեկն իր լիազորությունների շրջանակներում։ Չեմ կարծում, որ դա պետք է լինի անձնավորված որոշում։

- Դուք գո՞հ եք Վանեցյանից՝ որպես ֆեդերացիայի նախագահի, քանզի, որպես ԱԱԾ տնօրեն, ինչպես հասկացանք, իշխանությունը դժգոհ էր նրանից։

- Ես կարծում եմ, որ հայկական ֆուտբոլը վերջին ժամանակներս բավականին ճիշտ ուղղության վրա է զարգանում, եւ կուզեմ, որ այդպես էլ շարունակվի։

- Եվ վերջին՝ ոչ առողջապահական հարցը․ Դուք ի՞նչ եք անում ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմում, ի՞նչ եք բժշկում այնտեղ։

- Պարտադիր չի, որ բժշկեմ։ Նույնկերպ կարելի է հարցնել մյուս անդամներին, թե ինչ են անում այնտեղ։ Մասնակցում ենք կոլեգիալ որոշումների քննարկմանը եւ ընդունմանը։

- Ի դեպ, Դուք փոքր ժամանակ ֆուտբոլ խաղացե՞լ եք։

- Իհարկե, հիմա էլ եմ խաղում։