Հրազդանցիները կարծրատիպ են կոտրում

Հրազդանցիները կարծրատիպ են կոտրում

Ֆեյսբուքում  «Հրազդան ԱՆՎՃԱՐ տրանսպորտ» խումբը գրավեց մեր ուշադրությունը նրանով, որ խմբի անդամները, ովքեր նաև վարորդ են, բոլորովին անվճար առաջարկում են Երևանից Հրազդան եւ հակառակ ուղղությամբ տեղափոխել  ցանկացողներին:

«Եթե ունեք մեքենա, հաճախ եք Երևան-Հրազդան ուղղությամբ երթևեկում, իսկ մեքենայում ունենում եք ազատ տեղեր, կարող եք այս խմբում գրառում կատարել և ԱՆՎՃԱՐ տեղափոխել այն մարդկանց, ովքեր մեքենա չունեն: Խմբի նպատակներն են. 1. Համաքաղաքացիների մեջ մտցնել նոր մշակույթ, ավելի շատ իրար օգնելու պատրաստակամություն 2. Հրազդան եկող զբոսաշրջիկների համար ստեղծել հարթակ, որի միջոցով կկարողանան լուծել տրանսպորտի խնդիրը և շփվել հրազդանցիների հետ»,-գրված է խմբում:

Եվ որքան էլ զարմանալի է, խմբում այնպիսի ակտիվություն է, որ առաջարկի ու պահանջարկի պակաս չի զգացվում:  «Հրազդան ԱՆՎՃԱՐ տրանսպորտ» խմբի հիմնադիր  Լևոն Ստեփանյանը hraparak.am-ի հետ  զրուցում ասաց, որ  մի քանի ամիս է, ինչ  խումբն ակտիվորեն գործում է, խմբի անդամների թիվը հասնում է շուրջ 2000-ի: «Սա աշխարհում ընդունված ավտոստոպի օնլայն տարբերակն է: Մարդիկ նախապես կարող են գրանցվել, ժամ ու տեղ պայմանավորվել վարորդի հետ: Բայց իրականում մենք ավելի կարևոր հարցեր ենք լուծում: Գաղտնիք չէ,որ Հրազդանից Երևան աշխատողների եւ սովորողների քանակը մեծ է: Մեկ ուսանողի միայն  տրանսպորտիային ծախսերը ամսական կազմում են 30-40 հազար դրամ: Տարեկան շուրջ 240հզր դրամ հրազդանցի ուսանողը կորցնում է, ինչը զգալիորեն կարող է թեթևացնել նրա վարձավճարը: Երկրորդ ամենակարևոր պահը այն է, որ կոտրում ենք կարծրատիպ: Ես գտել եմ հրազդանցիների աքիլեսյան գարշապարը,դա թասիբն է, ու գիտեք հիմա ինչքան վարորդներ կան, որոնք միացել են այս անշահախնդիր նախաձեռնությանը, ու բոլորը պետք է իմանան,թե հրազդանցին ինչ թասիբ ունի : Եվ ի վերջո,  այս ամենը մարդկային ջերմ փոխհարաբերությունների  սկիզբ է: Ինձ ուրախացնում է, որ աղջիկները նույնպես չունեն նախկին կաշկանդվածությունը: Երբ վարորդներից մեկը գրում է, որ այսինչ ժամին, այսինչ տեղից շարժվելու է, ցանկացողները կարող են միանալ, մեր աղջիկներն իսկույն արձագանքում են:  Իհարկե, իմ կողմից այդ ամենը  վերահսկվում է, եւ նույնիսկ խմբում կոշտ հայտարարություն եմ արել, որ տղա-վարորդները խմբից կհեռացվեն, եթե այս ամենն անձնական տիրույթ տեղափոխելու եւ երիտասարդ աղջիկներին անձնական նամակներ գրելու փորձեր անեն: Խմբի կանոններին դեմ է նաև մեկը մյուսին վիրավորելը, անհարկի, քաղաքական, կուսակցական, կրոնական թեմաներով  մեկնաբանություններ թողնելը, իսկ ահա հումոր՝ որքան կուզեն »: 
Լևոն Ստեփանյանին ուրախացնում է այն, որ խմբում ակտիվ են նաև տարեցները: Նրանք նույնպես իրենց տեղափոխելու առաջարկ են անում: 

Հարցին՝ արդյո՞ք խմբի գործունեությունը չի վնասում քաղաքային երթուղուն, Լևոնը պատասխանեց: «Մեր նպատակը Հրազդան-Երևան երթուղին խափանելը չէ: Ինչպես ասացի, այլ օգնել մարդկանց,ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ, կամ մարդիկ, ովքեր ամենօրյա միապաղաղ ճանապարհից հոգնել են, կամ էլ տրանսպորտն անհարմար է իրենց համար»: Ի դեպ, խմբում բազմաթիվ մեկնաբանություններ կան: Օրինակ ՝ ուղևորները կիսվել են իրենց տպավորություններով, թե ինչպիսի դրական էմոցիաներով է վարորդն իրենց  տեղ հասցրել:
Նշենք, որ  Հրազդան-Երևան քաղաքային երթուղին արժե 400դրամ, իսկ անհատ տաքսիստները մեկ ուղեւորի համար սահմանել են 500 դրամ արժեքը: