Արեւմտյան խաղեր
ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները որոշել են Ուկրաինայում Ռուսաստանին տանուլ տված խաղը ետ բերել (ռուսերեն՝ отыграться) մեր տարածաշրջանում: Բայց, բնականաբար, ոչ համարժեք մասշտաբով և դեռևս զուտ բարոյական առումով: Այդպիսի եզրակացության կարելի է գալ՝ տեղեկանալով միջազգային դիտորդներին Ղարաբաղ մուտք գործելը թույլատրելու՝ Բաքվին ուղղված պահանջին: Վերջիններս պետք է դիտարկեն Արցախում կատարվող հայաթափման գործընթացը: Ադրբեջանն էլ որևէ խնդիր չտեսնելով դրանում՝ որոշել է ընդունել այն: Թե դա ինչ կտա արցախցիներին՝ դժվարանում եմ ասել: Կամ ավելի ճիշտ՝ ոչինչ էլ չի տա: Արևմտյան փորձագետներն ադրբեջանցիների հետ միասին կշրջեն Ստեփանակերտի փողոցներով: Կմտնեն դեռևս գործող պետական հիմնարկներն ու մարդկանց տները ու մի որոշ ժամանակ անց իրենց «առաքելությունն» ավարտված համարելով՝ կհեռանան: Այնուհետև իրենց ուղարկողներին հաշվետվությւն կներկայացնեն, որ արցախցիներն ինքնակամ լքում են իրենց բնակավայրերն ու տները: Իսկ ադրբեջանցիներն էլ որևէ խոչընդոտ չեն ստեղծում մարդկանց կամքի իրացման առումով: Ընդամենը հիշենք, որ 44-օրյա պատերազմի հաղթանակից հետո թշնամի երկրի քարտեզով նամականիշ էր տպագրվել, որտեղ ադրբեջանցին քիմիական նյութով մաքրում էր Արցախի պատկերը: Այսօր վարչապետի պաշտոնին կառչած անձի անտարբեր (կամ էլ, ավելի ճիշտ, ծանր բեռից ազատվածի) հայացքի ներքո իրենք հասել են իրենց նպատակին՝ էլ ինչ խոչընդոտի ստեղծում:
Բայց քանի որ դրանք թուրք են՝ իրենք չեն զրկի իրենց Հակարիի կամրջի մոտ Արցախի ղեկավարությանը և հայրենասերներին գերեվարելու հաճույքից: Ինչն արդեն արել են Ռուբեն Վարդանյանի, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի և այլ՝ ինքնությունը դեռևս չպարզված անձանց առումով: Ի դեպ, սահմանային այդ անցակետն այն հիմնական վայրն էր, ուր պետք է այցելելին արևմտյան փորձագետները և մնային այնտեղ մինչև Արցախը լքող վերջին հայը չհատեր այն: Վերջիններս, ենթադրաբար, կայցելեն նաև այդ վայրը, բայց վերը նշված տարբերակով հաստատ չեն մնա այնտեղ: Կամ էլ կայցելեն այն ժամանակ, երբ արդեն դրա իմաստը չի լինի՝ հայերը լքած կլինեն Արցախը: Բայց շատ ավելի ճիշտ կլիներ, եթե մինչ այդ արևմտյան երկրները Ադրբեջանից պահանջեին լուծարել անցակետը, որպեսզի Արցախը լքել ցանկացողներն անարգել մուտք գործեին Հայաստան: Եվ ոչ թե հերթում ժամեր ու նույնիսկ օրեր անցկացնեին, ինչպես պարզել է, օրինակ, ֆրանցիացի լուսանկարիչ Ժիլ Բադեն, որին խնձոր էր նվիրել բեռնատարում իր ընտանիքի անդամների հետ 48 ժամ անցկացրած փոքրիկը:
Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, արևմտյան երկրների փոխանցումով ՄԱԿ-ը պահանջել այցելություն կազմակերպելու թույլտվությունը: Կարծում եմ, որ ինչ-որ բան արած լինելուց (Արցախը լքողների և մնացողների՝ եթե այդպիսիք լինեն, հումանիտար կարիքների գնահատում) բացի առկա է նաև մեկ այլ հանգամանք: Որպեսզի խեղճացված ռուսական զորախմբի զինվորների ու սպաների աչքի առաջ ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերահսկողի դերում շրջեն Արցախում: Ու դրա լուսանկարներն ու տեսանյութերը տարածվեն աշխարհով մեկ: Հենց դա կլինի Ուկրաինայում Ռուսաստանին տանուլ տված խաղը մեր տարածաշրջանում «բարոյապես» ետ բերելու երևույթի էությունը: Իսկ որ ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինան չունի ոչ մի շանս Ռուսաստանին հաղթելու՝ արդեն խոստովանում են ոչ միայն արևմտյան ԶԼՄ-ները, այլև ամերիկյան կոնգրեսականները: Ինչպես, օրինակ, ԱՄՆ Միսուրի նահանգից հանրապետական սենատոր Ջոշուա Հոուլին:
Բայց ինչպես ավելի ուշ «պարզվեց», արևմտյան երկրները չեն, որ Բաքվից պահանջել են թույլատրել միջազգային դիտորդների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Ընդհակառակը, Բաքուն ինքն է նախաձեռնել ՄԱԿ կառույցների ներկայացուցիչներին Ղարաբաղի տարածաշրջան այցելելու հրավերը: Այս երևույթը հենց այն է, ինչ անվանում են թուրքական դիվանագիտություն: Հրավերի նպատակը, պաշտոնապես, «տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող ընթացիկ մարդասիրական գործունեությանը» ծանոթացնելն է: Պատկերացնում եք, թե ինչպես են շաղկապվում վայրագ ագրեսորի քաղաքականությունն ու մարդասիրությունը: Հյուրերին ծանոթացնելու են նաև Նիկոլի վարչապետության «շնորհիվ» մեր պարտության դրսևորումներին ու, բնականաբար, ականներից բխող սպառնալիքներին: Ինչը դարձրին սեպտեմբերի 19-ին երեք ուղղություններով Արցախի մնացած մասի վրա հարձակվելու պատրվակ: Որը տեղի ունեցավ Նիկոլի իշխանության բացարձակ անգործության ֆոնին:
Կարծիքներ