ՔՊ. Քամու պահեստում քամու պաշարի քամու պարահանդես․ Աշոտ Հովսեփյան

 ՔՊ. Քամու պահեստում քամու պաշարի քամու պարահանդես․ Աշոտ Հովսեփյան

Փուչիկը փչելով մեծացնելիս ու ծավալը շարունակ ավելացնելիս                                                                        միայն դրա մեջի դատարկությունն է ավելանում։
Ա. Հ.

Գունագեղ նախշազարդ պղպջակներ թողնելու դատարկ գործերում անասելի հմտացած, ամենուր մարդկանց երեսին թքելու «նուրբ արվեստում» ինքնակատարելագործված ու «սևեր» հռչակված անձանց տարբեր մարմնամասերը կտրելու խոլ մոլուցքով ինքնաարտահայտված «սպիտակների» ոհմակի՝ հավատավոր անհավատների ջոկատների փոքրիկ նապոլեոնիկները, հրապարակները փոթորկելով և իշխանական պալատներ ներխուժելով, իրենք իրենց սխալվելու և ստելու անվերապահ իրավունքներով օժտելով ու միմյանց ամուր շաղկապվելով անսահմանափակ անպատասխանատվության թելերով, գյուղեգյուղ ընկած, ժապավենակապ մուրճ թափահարելով, մոլորյալների խև ամբոխի գլխին բամփելով ու նրանց անարժեք ձայները գողանալով՝ հիմա մի գլուխ դեռ ասֆալտ են փռում դաշտերում արձակ ու հետն էլ մարդկանց ասֆալտին փռում ու պատերին ծեփում, ինչի մասին ձեռքի հետ ու ոտքի վրա, գաղտնի՝ ի լուր աշխարհի, օրնիբուն թմբկահարում են՝ տարփողելով ժեխափողականների իրենց խառնակիչ խեղափոխության բացառիկ աննախադեպ «հեղափոխական» ճողվածքային լայն քայլերի ու մտաբժժանքի աստիճան շշմեցուցիչ ոտարանքային լրջագույն ձեռքբերումների հարյուրյակներ։

Ու դրանցով ցուցանելով իրենց հույժ ակնառու «նվաճումների» և իրենց համար ականջահաճո՝ բացառապես փուչիկային բացառիկ արդյունքների պղպջակային շքահանդեսներ ու խորը թաքցնելով իրերի իրական վիճակը, կամ լիովին խեղաթյուրելով գործերի ամբողջական ու ճշգրիտ պատկերը՝ դրանց անաչառ վերհանումն ու աներկյուղ հիշատակումը թողնում են այլոց, հենց որոնց էլ հետո պիտի անվարան փռեին (ու դեռ փռում են) ասֆալտին և անխնա ծեփեին (ու դեռ ծեփում են) պատերին, և ապօրինի կալանավորեն ու տմարդի մեկուսացնեն (արվում է, դեռ արվում է), իսկ երբեմն էլ սպանեն... հենց դատարանի դահլիճում (ավա՜ղ, էլի կանեն)։ Եվ ուրեմն՝ դուք էլ տաք-տաք ծեծածը պաղուսառը դատեք։ Ինքներդ դատեք։ (Ասենք՝ մեծ հաշվով դատելու շատ բան էլ չկա, զի ամեն ինչ տեսանելի է անզեն աչքով... Տեսանողի համար, իհարկե։ Մինչդեռ կան գոյանքներ էլ, որ չեն ուզում տեսնել, որովհետև իրենց շոռաչքերն իրենք «պռազդնիկ» են ուղարկել)։ 

Եվ այսպես, իբր սիրո և համերաշխության, իբր հանդուրժողականության, թավշյա, խաղաղ, անարյուն, ժողովրդական հորջորջյալ խեղափողությունից շատ չանցած՝ հենց ամենասկզբում, աստվածամերժ հավատուրացների և ազգապիղծ հայրենադավների, անուղղելի ստահակների ու բացառիկ սինլքորների ոհմակի թոզմիշլար թրքահաճ պարագլխի ցուցադրական հանդարտ հեծանվավազքերը քաղաքում շուտով փոխարինվեցին հույժ արագընթաց ավտոշարասյունային գլխակեր արշավների՝ մի օր էլ անվատակ անելով անուրջները մայրացումի և անգամ չխնայելով դեռ չծնված կյանքը մանկիկի։ Ու մի ժամանակ փառապանծ (ոմանց համար՝ թալանված) մեր բանակում հագուկապը համալրվեց տռուսիկ-մայկով (իբր թե մինչ այդ զինվորների հետույքները բաց էին), անհրաժեշտ զենքը փոխարինվեց կլուբնիկով, ու... թանկարժեք և անպետք՝ չթռչող ու չկրակող և անհրթիռ ու չկործանող կործանիչներով։ Երբեմնի հստակ առաջնագծի երբեմնի կահավորված և գրեթե անմատչելի դիրքերն ու խրամատները վերածվեցին այլևս հետնյալ դարձած գծերում խոլ քամուց և անձրևից հողմածեծ ու ջրածեծ եղած և իսպառ քրքրված ու ծակ պահպանակի վիճակի հասցված վրաններով։ Եվ զորանոց դարձան խարխուլ խրճիթներն ու լրիվ քայքայված քոլիկները։ Համայն երկրի պաշտպանությունը հանկարծ փոխարինվեց լոկ մեկ անձի խորը շրջանակային պաշտպանությամբ, ընդ սմին՝ էդ գոյանքի երբեմնի ազատ քայլերթերը փողոցներում այդուհետ արդեն շրջափակվեցին անթափանց փշալարերով ու պահարանատիպ եզնակերպ մարդաձև անլեզու արարածների անանցանելի պատով։ Ի հետևանք դրա՝ նախկին փառահեղ մարտերի և հաղթանակների փոխարեն ներկայիս ջախջախումն ու հույժ անփառունակ պարտությունը դարձան մեզ ուղեկից, և անարժան մեկի «Արցախը Հայաստան է...» կարգախոսից իզութոզն էլ չմնաց, քան եթե ոչ՝ որպես թոզմիշլար թրքաճորտի սգո ծաղկեպսակի ժապավեն, իսկ դրա փոխարեն մեր խուլ ունկերում այլևս աղմկախեղդ հնչում են էդ թոզմիշլար թրքաճորտ անարժան մեկից առավել ևս անարժան մյուսի՝ էդ թրքաճորտի «թոզմիշլար» անվան անվանադրի՝ ոչ միայն «Արցախն ադրբեջան է...», այլև՝ «Հայաստանն արևմտյան ադրբեջան է» ստահոդ կարգախոսները։ Եվ ըստ այդմ էլ ժամանակին ժողովրդավարություն ճչացողները և ինչ-որ ժողովրդավարական բաստիոն «կառուցողները», զավթելով իշխանությունը, պարզագույն թրքահարճերի հանգույն (թուք ու մուր ձեր նամուսին), անհագուրդ ու մեծ հաճույքով էդ նույն ժողովրդավարությունն են բռնաբարում արդեն ու անվարան քանդում չկառուցված բաստիոնը, իսկ մշտիվ արդարությունն աննահանջ և անխոնջ բռնաբարողներն անդուլ ճամարտակում են արդարության հաղթարշավի հրամայական անհրաժեշտությունից, ապաշնորհ անարդարադատի անուրանալի հակումներով գոյանքները հաղթականորեն «իրականացնում են» աննախադեպ «արդարադատություն», անհուսորեն ու լիովին անազնիվ ստահակները ջանադիր գովերգում են ազնվությունը և ուղղամտությունը, և փորձառու երդվյալ թալանչիների բոլուկի շնագայլերը միշտ բարբաջում են թալանի բացարձակ անթույլատրելիության մասին, սովետական դինոզավրների ժամանակներից երեսի զոռով դեռևս մնացած ժամանակավրեպ ու քարթու կոմսոմոլյան կաշառասուն բրածոները նախանձախնդիր ու «լրջորեն» զբաղվում են կոռուպցիայի լիակատար կանխարգելմամբ, դրա հետ մեկտեղ այլևս լիովին ու ամբողջովին բացահայտված օտարերկրյա լրտեսներն էլ ամեն օր փրփուր ի բերան ամենայն լրջությամբ մտահոգվում են գործակալական ցանցերի բացահայտման առնչությամբ, անվիճելի դասալիքները շուջօրյա զբաղված են բյուրավոր «դասալիքների» եռանդուն որոնման, «հայտնաբերման» և իսպառ «մերկացման» գործողություններով՝ զանց առնելով եղանակային պայմանները։ Միևնույն ժամանակ հույժ արհեստավարժ պոռնիկները (ա՞յր, թե՞ կին) փորձում են բարոյականության խորիմաստ դասեր տալ ամենքին և ամենուր, ինչպես որ հեշտությամբ տալիս են ուրիշ բաներ։ Եվ այդպես՝ շարունակ։ Ու հաջողում են հույլ ու հեղգ անտարբերության գաղջ մթնոլորտում։ Ու ստացվում է ճիշտ նույնը, երբ ընդունված սովորույթի ուժով գողն առաջինն ինքն է բարձր աղաղակում. «Բռնե՛ք գողին»։ Ու էսօր մեր երկիրն, ավա՜ղ, համանման վիճակում է հայտնվել (ամոթ մեզ՝ ամենքիս)։ Եվ հընթացս, ի հետևանք էդ ամենի, արդեն իսկ լիակատար, համապարփակ, խորը, անվերապահորեն և անվիճելիորեն լրջագույն պաշտպանության կարիք զգացող Պաշտպանության անպաշտպան նախարարությունը սին ու անհեթեթ հերքումների և կզած վիճակում անարժանապատիվ արդարացումների յուրօրինակ գրասենյակի է վերածվել, և այլ օտարների պլպլան կոշիկներ լիզելուն զուգընթաց, արդեն իսկ ամենեքյան սկսվել են կոնկրետ «ատելի» ռուսի ցեղակոլոլ սապոգների ու բաղձալի գառդաշ-յոլդաշ թուրք-ազերիի պսպղուն ատլասե մաշիկների հույժ ինքնամոռաց ու խիստ ուշակորույս և ամբողջովին ու լիովին գիտակցված զանգվածային լպստման թավշյա նորօրյա դիվանագիտության ժամանակները, երբ ոչ ու փուչ գոյանքների արյունարբու խունտան ու դրա փուչ պարագլուխն ազգանպաստ ու պետականմետ իրական ու արդյունավոր գործեր կատարելու փոխարեն, իրար հերթ չտալով, չարված գործերի և անթիվ ձախողումների համար ամեն կերպ տարաբնույթ արդարացումներ են փնտրում ու մեղադրում այլոց։ Իսկ էդ ընթացքում տվողներն, ում տալու նուրբ ու անսուրբ տեղերը տալուց ամենևին չեն ցավում, ու դրանց տերերն էլ նվաղում են տալու հաճույքից, հետևաբար փողի դիմաց անարյուն ու քրտնաթոր տալիս են անկաշկանդ՝ ով ինչ ուզում է, ում ինչ պետք է. մեկին՝ «թավշե» պատիվն ու խոնարհումը, մյուսին՝ ոգի և արժանապատվություն, մեկելին՝ մեր անցյալը, ներկան և ապագան, իսկ դարավոր ոսոխին՝ կյանքեր ծաղկած՝ որպես մատաղ, և ի վերջո՝ հայրենի հողն ու ջուրը. Արցախ, Հայրենիք ու Սփյուռք։ Ու միանգամայն անթաքույց օտարահաճ օտարահարճերը և օտարամոլ օտարաճորտերը, երդվյալ օտարաջատագովների ՙպռադվինուտի՚ կոհորտաները, կզած-հպարտված նփ-ի ահել ու ջահել վեշմեշոկների «պատկառելի» քրջոտ-փրչոտ ոհմակը՝ իր պյէռաժկիասեր-կուկուռուզակեր ու մշտապես անթրաշ-անլվա վոժդի թիկունքում կամ նրա հետ մեկտեղ, միջամուխ Պոլոնիուսի մարմինն ընթրող հույժ քաղաքակիրթ որդերի բազմության նման, ճոխ ու շվայտ պալատների աղտոտ-աղտեղի գավիթներում աշկարա զբաղվում են ուտելով... թյո՛ւ, ի՞նչ ուտել, լափելով, հրապարակավ լափելով, ըստ այդմ՝ լկտի, անպատկառ և անթաքույց հարստացմամբ. թալանի ընթացքն՝ անփոփոխ, կատարման ոգին՝ անկոտրում, կործանման ուղին՝ անշեղ։ Ու տխրահռչակ ու դժպիհ էդ իրավիճակը դեռևս, ավա՜ղ, շարունակական է լինելու։

Այդպիսով երբեմնի մեր շեն երկիրն, ա՛րդ, այլևս վերածվել է անսանձ քամու պահեստի, որ անսանձ քամու պաշարով է լեցուն, ուր անսանձ քամու պարահրապարակում անսանձ քամու պարահանդեսն է վարգում անբարո՝ հանց սին ուսապարկերի մի վայրապար, նորովի խնջույք՝ ժանտախտի պահին...

Ա՜րդ, ճշմարի՜տ, ճշմարի՛տ ասում եմ ձեզ, քանզի գաղտնիքը պարզվեց, ու էս գրողի տարած պարզ իշխանազավթումը սիրո և համերաշխության, այլև՝ հանդուրժողականության, թավշյա, խաղաղ, անարյուն, ժողովրդական «հեղափոխություն» հռչակած ու տարփողող պատուհաս քպ վեշմեշոկները ձեռքսեղմումի թուրքական իրենց առևտրանշանով հուշում են և իրենց ամենօրյա դավադիր գործողություններով աներկբա հաստատում, որ իրենց կեղծ կարգախոսները պիտի ճշտիվ թարգմանել և ստուգաբանել. այն է՝ թուրք-ազերիական ոսոխի հանդեպ իրոք անսահման նվաստ սիրո ու խոնարհ համերաշխության խեղափոխություն, ուր հանդուրժողականությունն ու թավիշը թշնամու հանդեպ է, իսկ ծով արյունն ու խաղաղության պատրանքը՝ հայության։ Իսկ վերջնարդյունքում էլ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության փոխարեն հեծյալ ավազակի վարգով ասպարեզ նետված՝ կեղծուպատիր «ստահոդ ժողովրդավարություն-բարձր տնտեսական աճ-կզած խաղաղություն» եռամիասնությունն է գերակա դիտվում, որ փրփուր ի բերան մեզ է հրամցվում օրնիբուն, ու որի բոլոր երեք տարրերն էլ իրականում հենց կեղծուպատիր են իրենց իսկ առանձնացվածության մեջ, էլ ո՞ւր մնաց՝ կեղծ միասնության մեջ։ Ինչպես ջանադիր եռանդով դրանք ասպարեզ նետող և ամենեքյան հնչեղ տարփողող «պաշտպանության անպաշտպան նախարար-անվտանգության վտանգավոր քարտուղար-պետության անղեկակալ ղեկավար» եռամիասնության տարրերն ու դրանց բոլոր կցոնները, որ անփառունակ պարտությունից պարտություն իրենց գետնաքարշ ու անարգ ընթացքով ի վերջո հայ մարդկանց հանձնեցին հողին, իսկ հայու հողը՝ թշնամուն...