Վարկանիշային խոշոր ստուգատեսներ
Եկող տարի Փարիզում կայանալու է մարզական ամենապատկառելի ստուգատեսը` 26-րդ օլիմպիական խաղերը, եւ ցանկացած սպորտսմենի համար մեծ պատիվ է՝ լինել նման մրցումների մասնակից, էլ չասենք՝ բարձր արդյունքների հասնել, մրցանակակիր դառնալ: Հաճելի է նշել, որ հենց այս առումով Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադ քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում հաջողության հասնելու, օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրերի արժանանալու համար իրենց հիանալի դրսեւորեցին Հայաստանի դյուցազունները:
Այդ առումով, սակայն, նախ հիշենք այս տարվա ապրիլ ամիսը, երբ Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը՝ մի մեծ, հեղինակավոր մրցասպարեզ, ապշեցրեց հայ մարզիկների հրաշալի, աներեւակայելի հաղթարշավով: Ինքներդ դատեք` մենք ունեցանք չորս չեմպիոն, նույնքան՝ փոխչեմպիոն եւ թիմային փառահեղ հաղթանակ: Եվ ահա՝ նոր ուրախալի լուր, այս անգամ՝ Էր-Ռիադից․ այստեղ 120 երկրների ծանրորդների մասնակցությամբ կայացած աշխարհի առաջնությունում էլ թիմային փայլուն հաղթանակ տարան հայ ուժեղները: Ընդհանուր հաշվարկով նրանք շահեցին բոլորից շատ` 522 միավոր: Երկրորդ տեղում հայտնված Չինաստանի հավաքականի ցուցանիշն է` 492 միավոր: Երրորդ տեղում է Իրանի թիմը` 408 միավոր:
Ճիշտ է, անհատական հաշվարկով մենք, ցավոք, չեմպիոններ չունեցանք: Պատվանդանի վրա տեղ զբաղեցրին գերծանր քաշային կարգում արծաթե մեդալի արժանացած Վարազդատ Լալայանը, ով երկամարտում գրանցեց 460 կգ արդյունք (212+248), եւ 67 կգ քաշային, բրոնզե մեդալ շահած Գոռ Սահակյանը` 312 կգ (142+170): Իսկ նրանց թիմակիցները բավարարվեցին շատ աննշան համեստ ցուցանիշներով՝ զբաղեցնելով 4-5-րդ տեղերը, սակայն դա բնավ էլ գահավիժում չէր` չէ՞ որ նրանց վաստակած միավորները հնարավորություն տվեցին տանել թիմային վստահ հաղթանակ:
Էր-Ռիադից հետո համայն աշխարհի մարզասերների ուշադրության կենտրոնում հայտնվեց Բելգրադը, որտեղ մրցում էին ըմբիշները: Առաջինն ասպարեզ մտած ազատ ոճի գոտեմարտերում մեր տղաները, ընդհանուր առմամբ, վատ տպավորություն չթողեցին: Սա անդրանիկ դեպքն էր, երբ մեր հավաքականի երեք ըմբիշներին հաջողվեց տեղ զբաղեցնել պատվո պատվանդանին: Ճիշտ է` երրորդ աստիճանին: Բրոնզե մեդալների արժանացան Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ):
Իսկ բոլորիս գլխավոր հույսը, ինչ խոսք, հունահռոմեական ոճի ըմբիշներն էին եւ, առաջին հերթին, անտարակույս, օլիմպիական դափնեկիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Հատկանշական է, որ մեկնարկային գոտեմարտում` 1/16 եզրափակչում, 10:4 հաշվով վստահ հաղթանակ տանելով ռումինացի Նիկու Օժոգի նկատմամբ՝ գյումրեցին այնուհետեւ ժամանակից շուտ ավարտեց մրցավեճը ամերիկացի Ջոզեֆ Ռաուի, չեխ Արթուր Օմարովի եւ լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի հետ, քանի որ երեք դեպքում էլ հասել էր բացահայտ առավելության` 9:0, եւ դուրս եկել եզրափակիչ: Ցավոք, վճռական գոտեմարտն ունեցավ անսպասելի ավարտ: Ալեքսանյանը, մրցելով կուբացի Գաբրիել Ռոսիլիոյի հետ, առավելության էր հասել 3:1 հաշվով: Սակայն, ափսոս, հաղթական հաշիվը վճռական պահին, տառացիորեն վերջին վայրկյաններին, ձեռքից բաց թողեց, մրցակիցը կարողացավ հավասարեցնել հաշիվը եւ ճանաչվել ե՛ւ գոտեմարտի հաղթող, ե՛ւ աշխարհի չեմպիոն: Կանոնակարգով սահմանված է, որ այն մրցակիցը, ով գոտեմարտի ընթացքում, զիջելով հակառակորդին, այնուամենայնիվ, կարողանում է ետ բերել կորցրածը եւ հավասար հաշիվը պահպանել մինչեւ վերջ, ճանաչվում է տվյալ գոտեմարտի հաղթող:
Այսպիսով, Արթուր Ալեքսանյանը դարձավ արծաթե մեդալակիր: Նրա թիմակից, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ 77 կգ քաշային կարգում բավարարվեց ավելի համեստ արդյունքով` նվաճեց բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ օլիմպիական ուղեգրեր է ստանում յուրաքանչյուր քաշային կարգում լավագույն արդյունքի հասած հնգական ըմբիշ:
Սեպտեմբերի 30-ին էլ Անտվերպենում մեկնարկում է մի մեծ ստուգատես` մարմնամարզության աշխարհի առաջնություն: Սպասելիքները մեծ են մեր տղաներից: Այստեղ հանդես է գալու Հայաստանի հավաքականը՝ հանրահայտ Արթուր Դավթյանի գլխավորությամբ: Հասկանալի է, այս ստուգատեսն էլ վարկանիշային է առաջիկա օլիմպիական խաղերի համար:
Շատերին, անկասկած, հետաքրքրում է, թե ով է ճանաչվելու աշխարհի այս տարվա թիվ մեկ ֆուտբոլիստը, ում է ՖԻՖԱ-ն հոկտեմբերի 30-ին հանձնելու ոսկե գավաթը: Հավակնորդները 12-ն են, եւ հատկանշական է, որ նրանցից 5-ը ներկայացնում է մեկ թիմ` «Մանչեսթեր Սիթին»: Ահա նրանք` Էրլինգ Հոլանդ, Քեւին Դե Բրույնե, Բեռնարդու Սիլվա, Յուլիան Ալվարես եւ Ռոդրի: Ներկայացնենք նաեւ մյուս յոթ խաղացողներին` Դեկլան Ռայս («Արսենալ»), Խվիչա Կվարացխելիա եւ Վիկտոր Օսիմհեն (երկուսն էլ՝ «Նապոլի»), Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Իլկայ Գյունդոգան («Բարսելոնա») եւ Մարսելո Բրոզովիչ («Ալ-Նասրա», «Ինտեր»): Հայտնենք նաեւ, որ հոկտեմբերի 12- ին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կանցկացնեն Եվրոպայի առաջնության հերթական խաղը, այս անգամ՝ Ռիգայում, Լատվիայի հավաքականի հետ:
Այս օրերին բոլորիս ուրախացրեց նաեւ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը Չինաստանի Չժուհայ քաղաքում անցկացված ATR-50 միջազգային մրցաշարում հաղթանակ տարավ եւ շահեց գլխավոր մրցանակը: Եզրափակիչ խաղում նա հաղթեց ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկային` 7:6, 6:1:
«Ծաղկաձոր օպեն»` այս նշանաբանն էր կրում 12 երկրների 235 շախմատիստների, այդ թվում՝ 22 գրոսմայստերների մասնակցությամբ անցկացված միջազգային մրցաշարը, որն ավարտվեց հինգշաբթի օրը: A խմբում լավագույնը ճանաչվեց հնդիկ Պուրանիկ Աբհիմոնյուն: Երեւանցի Տիգրան Պետրոսյանը երկրորդն էր:
Միսակ Նազարյան
Կարծիքներ