Ռուս խաղաղապահները ոչնչով չխոչընդոտեցին ագրեսիայի դիմած Բաքվին եւ չպաշտպանեցին իրենց պահպանությանը հանձնված տարածքն ու մարդկանց
ԼՂՀ իշխանությունները երեկ նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրի տեսքով հայտնեցին մինչեւ տարեվերջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնալուծարելու մասին։
Կատարելապես անհասկանալի է, թե ինչ կարիք կար նման փաստաթուղթ տարածելու (իրավական առումով էլ՝ ոչ օրինական), երբ Արցախից հայությունը դուրս է գալիս, իսկ միջազգային դերակատարները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, Ադրբեջանին ստիպել է համաձայնել ՄԱԿ դիտորդական առաքելության տեղակայմանն Արցախում եւ Լաչինի միջանցքի անարգել գործարկմանը, ինչը Հայաստան տեղափոխվող արցախցիների՝ վաղն Արցախ վերադառնալու գրավականն է, ընդսմին՝ առանց Ադրբեջանի հետ որեւէ ինտեգրման, քանի որ ամենքին այլեւս տեսանելի է, որ Ադրբեջանի հետ ինտեգրումն ուրիշ ոչինչ չի կարող լինել՝ էթնիկ զտումից բացի։ Եթե Ադրբեջանը հոժարակամ չհամաձայնի Արցախում հայության վերադարձին, ինքնավարությանը եւ Հայաստանի հետ ինտեգրված գոյությանը, պետք է Կոսովոյի օրինակով նախկին ԼՂԻՄ տարածքը վերցնել միջազգային պաշտպանության եւ խաղաղապահների հսկողության ներքո՝ տեղահանված արցախցիների ետվերադարձն ապահովելու համար։
Տեսնենք, թե առաջիկա օրերին իրադարձություններն ինչպես կզարգանան։ Որոշ հստակություն կլինի միայն այն բանից հետո, երբ հայտարարվի, թե ինչ իրավասություններով եւ ինչ մանդատով է դիտորդական առաքելություն տեղակայվելու Արցախում։ USAID-ի տնօրեն Սամանտա Փաուերի եւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Յուրի Քիմի՝ Վաշինգտոն վերադառնալուց հետո հուսանք, որ այդ հստակությունը կմտցվի։ Իսկ քանի դեռ գնում են քննարկումներ, Հայաստանը թե՛ իր պետական, թե՛ լոբբիստական բոլոր հնարավորությունները պետք է ներդնի, որ ՄԱԿ միջազգային դիտորդական առաքելությունը տեղակայվի նախկին ԼՂԻՄ ամբողջ տարածքում՝ երաշխավորելու արցախցիների վերադարձը նախկին ԼՂԻՄ տարածք, ներառյալ՝ Հադրութ եւ Շուշի։ Հիմա, երբ արցախցիները տեղահանվում են, եւ նրանց կյանքին սպառնացող վտանգն Ադրբեջանի կողմից այլեւս ետ պահող գործոն չէ, ամենաիսկական խաչակրաց պատերազմ է պետք սկսել Ադրբեջանի եւ Ռուսաստանի դեմ՝ միջազգային բոլոր հարթակներում։ Ադրբեջանի հետ երբեւէ խաղաղություն հաստատելու անխախտ պայման պետք է դարձվեն արցախցիների վերադարձն ու վերահաստատումը ԼՂԻՄ ամբողջ տարածքում՝ հրաժարվելով որեւէ այլ խոսակցությունից, մինչեւ արցախցիների վերադարձը չապահովվի՝ քանի տարի էլ դա ձգվի։ Այժմ ավելի հանգամանալից անդրադառնանք ԼՂՀ ինքնալուծարման մասին հրամանագրին, որը, ըստ իս, գրվել է Մոսկվայում։
Երեւանի ավագանու ընտրությանն ընդառաջ
Ամենքը կհիշեն, որ Երեւանի ավագանու ընտրությանը նախորդած երկու շաբաթվա ընթացքում երեւի օր չկար, որ պաշտոնական Մոսկվայից Հայաստանի վերաբերյալ հայտարարություն կամ մեկնաբանություն չհնչեր։ Տեսախցիկների առջեւ Հայաստանի մասին խոսում էին ՌԴ նախագահը, Կրեմլի մամլո խոսնակը, ՌԴ ԱԳ նախարարը, ԱԳ նախարարության մամլո խոսնակը, մի քանի ԱԳ փոխնախարարներ, եւս մի քանի ավելի երկրորդական ֆիգուրներ։ Ի վերջո, բոլորին հետեւելու ժամանակ, մեծ հաշվով՝ իմաստ էլ չկա։ Ինչպեսեւ սպասելի էր, ռուսական պաշտոնյաների հայտարարություններն ու մեկնաբանությունները հնչում էին «աջ ձեռքը չգիտի՝ ձախ ձեռքն ինչ է անում» սկզբունքով։ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ մի քանի օր տեւած «մենք հավատում ենք՝ հայ ժողովուրդը․․․» նախաբանով ճառերից, ՀՀ գործող իշխանության ուղղությամբ օրը մի бочка գլորելուց եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հեռակա լեզվակռվից հետո Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին հրավիրեցին ՌԴ ԱԳՆ։
Այս narrative-ին զուգահեռ, Մոսկվայում հիստերիայի երկրորդ ալիքը բարձրացրին՝ Հայաստանում տասնօրյա հայ-ամերիկյան զինավարժությունների լուրից։ Ընդ որում՝ մի այնպիսի դերասանությամբ, որ կարելի էր կարծել, թե Կրեմլում էլ ծրագրվող հայ-ամերիկյան զորավարժությունների մասին նախապես տեղյակ չեն եղել, Հայաստանի քաղաքացիների նման՝ ՀՀ ՊՆ հաղորդագրությունից են տեղեկացել։ Այլ հարց, որ ՌԴ-ում գուցե լավ էլ տեղյակ են եղել, ուղղակի շատ չեն հավատացել, թե դրանք կկայանան, հատկապես՝ երբ Հայաստանը տարուց ավելի (ըստ Lավրովի՝ գրեթե երկու տարի) ՀԱՊԿ երկրների հետ զորավարժությունների ու զինախաղերի չի մասնակցում։ Ընթացող անկանոն ու բազմաձայն գզվռտոցի, բառային փոխհրաձգությունների ու բղավոցների մեջ մի պահ Նիկոլ Փաշինյանը հասցրեց բարձրաձայնել, թե ինքը ՌԴ-ի հետ խնդիրներ չունի, մի պահի էլ՝ Վլադիմիր Պուտինն արձագանքեց, թե ինքն էլ Հայաստանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունի։ Դրանից հետո լռությունը նորից խախտվեց, եւ հեռակա գզվռտոցը պաշտոնական Երեւանի եւ Մոսկվայի միջեւ շարունակվեց մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները, որտեղ երեւանցիները, ինչպես միշտ, (բացառությամբ 2018-ի անվայել օխլոկրատիկ ընդվզման) հիացրին ընդհանուր առմամբ եւ Մոսկվային հիասթափեցրին վերջնականապես։
Երեւանցիների երեք քառորդը բոյկոտեց Երեւանի ավագանու ընտրությունը՝ դրանով նախեւառաջ բարոյապես ոչնչացնելով Փաշինյանին եւ ՔՊ-ին։ Բայց Փաշինյանից ու ՔՊ-ից հետո գրողի ծոցն ուղարկվեցին նաեւ պրոռուսական շրջանակները։ Պրոռուսական մեդուզան մի քանի գլուխներով՝ «Մայր Հայաստան» (ըստ էության՝ Մայր Ռուսահայաստան), «Ապրելու երկիր», «Ուժը հայրենյաց» եւ այլն, մասնակցեց ընտրությանը, սակայն, բացառությամբ «Մայր Հայաստանի», ոչ մի այլ ուժ 4%-ի անցողիկ շեմն անգամ չհաղթահարեց։ «Մայր Հայաստանն» էլ ստացավ 35 հազար ձայն՝ 1 մլն 200 հազար բնակիչ եւ շուրջ 840 հազար ընտրող ունեցող քաղաքում։
Հայաստանում պրոռուսական շրջանակների՝ շագրենի կաշվի պես փոքրանալը Ռուսաստանի համար վատագույն արձանագրում էր։ Որքանո՞վ դա նպաստեց, որ Կրեմլը հակահայկական ամենագործուն քարտը խաղարկի՝ Իլհամ Ալիեւին քսի տա Արցախի վրա, դժվար է ասել, սակայն պարզ է, որ ռազմական ուժի դիմած Բաքվին ռուս խաղաղապահները ոչնչով չխոչընդոտեցին եւ չպաշտպանեցին իրենց պահպանության ներքո գտնվող տարածքն ու մարդկանց։ Գուցե Մոսկվայի հաշվարկը նույնն էր, ինչ 2022-ի դեկտեմբերին Լաչինի միջանցքը փակելիս՝ կա՛մ Հայաստանին արտաքին ռազմական բախման մեջ ներքաշել, կա՛մ ներքին ընդվզման ալիք բարձրացնել եւ Հայաստանում ներքաղաքական անկայունություն հաստատել՝ սեփական զինված միջամտության պատրվակ դարձնելու համար։ Սակայն 2023-ի սեպտեմբերին, ինչպես 2022-ի դեկտեմբերին, Մոսկվայի սցենարը չաշխատեց։
Ծառի ճյուղը, որի վրա նստած է Ռուսաստանը
Այլ հարց, որ Արցախի եւ Հարավային Կովկասում Մոսկվայի ներկայության համար սեպտեմբերի 19-ի Բաքվի հարձակումը հեռագնա հետեւանքներ ունեցավ։ Արդեն քանի օր արցախցիները զանգվածաբար դուրս են գալիս Արցախից՝ իմաստազրկելով ռուս խաղաղապահների ներկայությունը։ Եթե առաջիկա օրերին այդ հոսքը չդադարի, եւ միջազգային դիտորդական առաքելությունը չկարողանա արցախցիների վերադարձի պայմաններ ստեղծել, այդ դեպքում Մոսկվան կտրած կլինի ծառի այն ճյուղը, որի վրա նստած է Հարավային Կովկասում։ 2022-ի դեկտեմբերից Ռուսաստանի հանցակցությամբ Ադրբեջանի իրականացրած՝ Լաչինի միջանցքի շրջափակումը եւ սեպտեմբերյան հարձակումն Արցախի դեմ հանգեցրին արցախցիների զանգվածային տեղահանման, որին ի պատասխան՝ Հայաստանը ոչ միայն Հռոմի ստատուտ կվավերացնի եւ ՀԱՊԿ-ից դուրս կգա, այլեւ հնարավոր սեղմ ժամկետում կդիմի՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը CSDP Strategic Compass-ով նախատեսված սպառազեն խաղաղապահ կոնտինգենտով լրացնելու համար, որի տեղակայումից հետո արդեն ռուսական ռազմաբազան կարող է դուրս գալ Հայաստանից՝ վերջակետ դնելով Հայաստանի կյանքում Ռուսաստանի մեկեւկեսդարյա ներկայությանը։ Ովքեր չգիտեն կամ վատ գիտեն Ռուսաստանի բացասական դերակատարումը Հայաստանի ու հայության կյանքում, նշենք, որ դրանք ծայր առան 1853-56 թթ․ Ղրիմի պատերազմից, երբ ֆրանս-բրիտանական նավատորմի կողմից ջախջախված ու Կոստանդնուպոլիս հասնելու ծրագրերին հրաժեշտ տված ռուսական արքունիքը որոշեց, որ Արեւմտյան Հայաստանի տարածքով կարող է հասնել Միջերկրական ծով, ու սկսեց միջամտել հայկական հարցերին՝ Эриванский եւ Елизаветополский губерня-ներից դուրս։ Իսկ իրենց բարձրակետին ռուսական չարագործությունները հասան 1920-ին, երբ Մոսկվան մի կողմից Աթաթուրքի բաշիբոզուկներին ֆինանսավորելով ու զինելով, մյուս կողմից Կարմիր բանակով Հայաստան ներխուժելով՝ դե ֆակտո վիժեցրեց Սեւրի դաշնագրի գործադրումը։ Դա այնպիսի ոճրագործություն էր Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ, որի հետ Հայաստանի 4500-ամյա պատմության մեջ՝ Շումերի ու Ասորեստանի հետ բախումների ու հաշտությունների ժամանակներից մինչ այսօր, քիչ իրադարձություն կհամեմատվի։
Սեւրի դաշնագրի դեմ Մոսկվայի դավադրությունից հետո էլ տասնամյակներ շարունակ անձինք են եղել եւ կան Հայաստանում, որ ռուսներին բարեկամ են կոչում։ Նույնիսկ դարավոր բարեկամության մասին են խոսում, առանց իրենց հաշիվ տալու, որ հայ ժողովրդի ու Հայաստանի պատմությունը հաշվվում է 4.5 հազարամյակ, մինչդեռ ռուսների եւ Ռուսաստանի հետ հայերի առնչությունը՝ հազիվ 200 տարի: Ռուսաստանի բացահայտ հանցակցությամբ իրականացվող Արցախի հայաթափումը թող դաս լինի այդպիսիներին։ Դեռ հարյուր տարի առաջ էր Սիմոն Վրացյանն ասում՝ «ռուսն ու թուրքը, ինչպես առուն ու ջուրը»։ Ովքեր այդ մասին մոռացել են, հիմա թող հիշեն։ Դրականն այն է միայն, որ Ռուսաստանի մահաբեր դերակատարմանը Հայաստանի պատմության մեջ երկար ժամանակ չի մնացել շարունակվելու։ Ուկրաինայի պատերազմի առաջացրած աշխարհաքաղաքական տեղաշարժերի շնորհիվ վերջաբանը երեւում է։ Իր անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանը պետք է կատարի հստակ ու արագ քայլեր՝ ԵՄ եւ արեւմտյան պաշտպանական կառույցները Հայաստանում հաստատելու համար՝ հետզհետե կտրելով ՌԴ-ից կախվածությունները։
Կարծիքներ