Գնացին հանրային ձեւով, ցուցադրաբար հարաբերությունների խզման

Գնացին հանրային ձեւով, ցուցադրաբար հարաբերությունների խզման

ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը, եւ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ այդ քայլը ծայրահեղ թշնամական վերաբերմունք է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։

«Եթե Ադրբեջանն այդ կառույցի անդամ չէ՝ առաջին հերթին, երկրորդը՝ Ադրբեջանը չի կատարել միջազգային դատարանի որոշումը Բերձորի միջանցքի վերաբերյալ, այդ դեպքում ինչի՞ վրա ենք մենք հիմնվում եւ հայտարարում, որ եթե Հայաստանը վավերացնի ու միանա Հռոմի ստատուտին, ապա մենք պատժամիջոց կունենանք, որն էֆեկտիվ կլինի կիրառման համար Ադրբեջանի դեմ»,- մեզ հետ զրույցում ասաց վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը։

Արցախում տեղի ունեցող ցեղասպանության, բռնագաղթի փաստաթղթավորման հարցում ՀՀ կառավարությունն աշխատանքներ տանո՞ւմ է արդյոք։ Վերլուծաբանը կարծում է, որ երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախում հայերի համար որեւէ վտանգ չկա, եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ այդ արգումենտն օգտագործում է եւ հայտարարում, որ տեսեք՝ նույնիսկ ՀՀ ղեկավարն է ասում, որ խնդիր չկա, «սակայն դրանից անմիջապես հետո տեղի է ունենում էթնիկ զտում եւ ցեղասպանություն, իսկ ՀՀ վարչապետն արդեն մեկ օր առաջ հայտարարել էր, որ նման բան չկա, հետեւաբար՝ ընդհանրապես դիվանագիտական եւ այլ միջոցները չեն աշխատելու նման հայտարարություններից հետո»,- ասաց վերլուծաբանը։

Հռոմի ստատուտի վավերացումն իրավական անհրաժեշտ գործընթա՞ց է, թե՞ հակառուսական քաղաքականության մի նոր դրսեւորում։ Հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ գործընթացը շատ վաղուց է սկսվել ու հակառուսականության հետ կապ չունի։ Հիմա դա ավելի շատ համընկավ Պուտինի վերաբերյալ որոշման ու վավերացման գործընթացի հետ։

Սերգեյ Մելքոնյանն ասում է՝ մեզ զգուշացնում են, որ այդ վավերացումը բոլոր մակարդակներում մեզ համար շատ խնդրահարույց գործընթաց է։ Մյուս կողմից՝ մենք հիմա պիտի ընտրենք, թե որ ճանապարհով գնանք։ Մի ճանապարհով, որը մեզ արդյունք չի ապահովելու, բայց այդ ճանապարհով խզելո՞ւ ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, թե՞ չգնանք այդ ճանապարհով։

Ստատուտի վավերացման վերաբերյալ Պեսկովի հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը վարում է հակառուսական քաղաքականություն, որն ուղղված է Ռուսաստանի շահերի դեմ՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր։
«Ռուսաստանում շրջանառվում է մի վարկած, որ Ուկրաինան սուվերեն երկիր չէ, այսինքն՝ ինքնիշխան չէ ներքին եւ արտաքին պրոցեսներում որոշում կայացնելու դեպքում, եւ նույն վերաբերմունքը կա Հայաստանի հանդեպ։ Ասվում է, որ դուք շատ լավ հասկանում եք, որ Հռոմի ստատուտի վավերացումը ձեզ որեւէ բան չի տա, բայց այն ուղղված է Ռուսաստանի դեմ․ դա բխում է ոչ թե քո երկրի շահերից, այլ՝ երրորդ երկրի կամ երկրների շահերից, ուրեմն դուք ինքնիշխան չեք»,- ասաց Մելքոնյանը։

Ռուսաստանը կարող է կիրառել պատժամիջոցներ, առաջին հերթին՝ տնտեսական, նաեւ ՀՀ հասարակությունը դա կզգա, եւ եթե ՀՀ-ում որոշում կայացնողները գիտեն, որ նման զարգացումներ կլինեն, ապա դժվար է ասել, որ այդ որոշումը բխում է Հայաստանի շահերից։

«Կամ՝ Հայաստանի դե ֆակտո կառավարությունը դե ֆակտո նման որոշում կայացնելիս նախապես պիտի կոմունիկացներ այդ հարցը իր դաշնակցի հետ՝ բացատրելով, որ, օրինակ, մենք վավերացնում ենք այս կետը, որը չի վերաբերում կոնկրետ երկրների առաջին դեմքերի ու առանցքային պաշտոնյաների ձերբակալման որոշումներին, եւ այլն, եւ այլն։ Չեմ կարող ասել, որ համապատասխան աշխատանք տարվել էր»,- շեշտեց վերլուծաբանը եւ հավելեց, որ Հայաստանը կարող էր վավերացնել ստատուտը բացառություններով, սակայն գնաց հանրային ձեւով, ցուցադրաբար հարաբերությունների խզման։