Երեւանցիները ոչ թե պասիվ դիրքորոշում հայտնեցին, այլ` պասիվ ագրեսիա ցուցաբերեցին

Երեւանցիները ոչ թե պասիվ դիրքորոշում հայտնեցին, այլ` պասիվ ագրեսիա ցուցաբերեցին

«Հրապարակի» զրուցակիցը ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության եւ մեթոդիկաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, հոգեբան Արմինե Մանուկյանն է:

- Տիկին Մանուկյան, հայ ժողովուրդն արդեն երեք տարի է՝ պատերազմների, մահերի, կորուստների ու ձախողումների շղթայի մեջ է հայտնվել: Մենք կորցրինք Արցախի Հանրապետությունը, մարդիկ սպանվեցին, այսօր էլ գաղթի ճանապարհն են բռնել: Սրան գումարած՝ արցախցիների դեմ հայտնի շրջանակների կողմից ուղղորդված արշավ է կազմակերպվում: Որոշ իշխանական լրատվամիջոցներ անգամ արցախցի ցուցարարներին ղարաբաղցի ջարդարարներ են անվանում, ֆեյքերն ուղղորդված հայհոյանքներ են գրում արցախցիների հասցեին եւ այլն.... Այս քաոսն ի՞նչ ազդեցություն կունենա մարդկանց հոգեկան վիճակի վրա:

- Բոլոր նման ճգնաժամային իրավիճակներում միշտ առաջին հերթին սրվում են հույզերը: Հույզերի սրման արդյունքում շատ հաճախ մարդիկ իրենց դրսեւորումներում դառնում են ոչ ադեկվատ: Ինչու՝ որովհետեւ, անկախ օբյեկտիվ պատճառներից, յուրաքանչյուր անհատ ունենում է իր սուբյեկտիվ վերաբերմունքը՝ տվյալ իրավիճակի հետ կապված: Ես չէի ընդհանրացնի եւ չէի ասի, թե միայն ուղղորդված կերպով են ատելության խոսք տարածում, ես սա ասում եմ հոգեբանական տեսանկյունից, այլ հարց է, եթե խնդիրը դիտարկենք քաղաքական ասպարեզից, ինչի մասնագետը չեմ: Այստեղ պետք է վստահաբար ընդգծեմ, որ մարդկանց հոգեկան վիճակի վրա ավելի շատ ազդում է մեդիան, որն ունի նպատակ՝ ֆեյքերի բանակով ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպիսին որ այսօր ունենք: Մենք այսօր տեղեկատվական վակուումի մեջ ենք: Պետք է լրահոսը լինի հակասական, որպեսզի մարդկանց մոտ առաջանա թերահավատություն, արդյունքում մարդիկ իրենց վստահությունը կորցնեն ամեն ինչի եւ բոլորի նկատմամբ, հիասթափություն պետք է առաջացնել, որպեսզի արդյունքում մարդիկ դառնան պասիվ դիտորդներ:

- Ինչո՞ւ: Ի դեպ, Երեւան քաղաքի ավագանու վերջին ընտրություններին քաղաքի բնակչության 75 տոկոսը չէր մասնակցել: Սա արդյո՞ք չի նշանակում, որ մեր հասարակությունն անտարբեր է, ինչը, շատերի կարծիքով, երբեմն կործանարար է:

- Իրավացի եք, բայց երեւանցիները ոչ թե պասիվ դիրքորոշում հայտնեցին, այլ` պասիվ ագրեսիա ցուցաբերեցին: Դրանք շատ տարբեր բաներ են: Պասիվ վարքագիծ ունեցող մարդը նման է խամաճիկի, որին կարող են խաղացնել տարբեր իրավիճակներում, բայց պասիվ ագրեսիա ունեցող մարդն ինքնին ագրեսիվ է ներքուստ եւ այդ ագրեսիան դրսեւորում է անտարբերությամբ: Երեւանցիների 75-ի տոկոսի գոնե 60 տոկոսը պասիվ ագրեսիվ մարդիկ են` ըստ իս: Այսօր մեր ազգաբնակչության գերակշիռ մասը չի հավատում ոչ մի քաղաքական ուժի, չի վստահում ոչ մի անհատի, չի հարգում ոչ մի պետական սիմվոլ ու ինստիտուտ, ինչը պետության համար ամենավտանգավոր գործոններից է` պետականությունը պահպանելու հարցում: Մենք միշտ միտված ենք ամեն բան անձնավորել, երբեք չենք մտածում, որ պետական այրը կարող է գործառույթներ ունենալ, հետեւաբար՝ գոնե պետք է կարողանանք դրսեւորել զսպվածություն ու հարգանք: Ի՞նչ ենք անում մենք․ բոլորին անխտիր ծաղրում ենք, անուն ենք դնում: Մեր ազգը, որն ունեցել է բարձր մշակույթ, գիտության մեջ էլ առաջատարներից է եղել, այսօր ունի ցածրագույն IQ-ի մակարդակ եւ դարձել է շատ հեշտ կառավարելի բոլորի կողմից: Սա է պատճառը, որ հայ ժողովուրդը դարձել է կառավարելի հատուկ ծառայությունների, դրսի ուժերի, պետությունների կողմից: Մենք դարձել ենք սրա կամ նրա շահերը սպասարկողը:

- Երկրում ճգնաժամային իրավիճակ է, սակայն վարչապետը, նրա կինը, ՔՊ-ական թիմը, կարծես, լրիվ այլ իրականության մեջ են ապրում: Վարչապետն ուղերձով է հանդես գալիս, խոսում այն մասին, որ Հայաստանը փորձում են վերածել ծայրագավառի, նրա կինն էլ այն օրը, երբ Արցախում մարդիկ են զոհվում, երջանիկ ժպտադեմ լուսանկար է հրապարակում՝ հարուցելով հանրության զայրույթը: Սա ի՞նչ հոգեբանական վիճակի մասին է խոսում:

- Ես, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ՝ որպես հայ մարդ եւ մասնագետ, սակայն կարող եմ միայն մեկ բան ասել. տվյալ անձինք հրաշալի կատարում են իրենց հանձնարարությունները: Հրաշալի կերպով ըմբռնել են եւ կարողանում են բոլոր այն մանիպուլյացիաները, որոնցով կարող են հաջողություն արձանագրել, կյանքի կոչել: Մանիպուլյատիվ տեխնոլոգիաները 2018 թվականից ի վեր կիրառվում են Հայաստանում: Այդ մարդիկ հրաշալի պարապած են ու վարժեցված, գերազանց կատարում են իրենց տրված բոլոր հանձնարարականները:

- Ադրբեջանցիներն առեւանգում են հայ մարդու, հայաստանյան ինչ-որ շրջանակներ, թեկուզ՝ ֆեյք, երջանկանում են այդ փաստից: Ովքե՞ր են այդ մարդիկ, ի՞նչ հոգեկան վիճակում են: Ինչո՞ւ է հայ ժողովրդի գերակշիռ մասը դարձել այսքան չար:

- Սա շատ բազմաշերտ հարց է: Ժողովրդի այդ ստվար զանգվածը, որի մասին խոսում եք, իր մեջ ունի թերարժեքության բարդույթ: Թերարժեքության բարդույթով տառապող մարդը մշտապես չարությամբ է լցվում բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր բարձր են, ունեն հաջողություններ, ճանաչված են, հարգված են, եւ այդպես շարունակ: Նման մարդիկ իրենց ներսում ունեն վիրավորանք, որովհետեւ իրենց ողջ գիտակցական կյանքի ընթացքում ճնշված են եղել, չեն ունեցել բարեկեցություն եւ այդ ամենի մեջ ոչ թե իրենք իրենց են մեղադրում, իրենց ծույլ լինելը, անկիրթ լինելը, այլ մեղադրում են այն մարդկանց, ովքեր նախաձեռնող են եղել, հաջողակ են դարձել: Այս տեսակի մարդիկ ոչ թե մտածում են, թե ինչու այսինչ կամ այնինչ բանը չունեն, այլ նրանց խնդիրն է, որ մեկ ուրիշը դրանք չունենա: Եթե մենք անկեղծ լինենք, ապա կասենք, որ մեր նորանկախ պատմության ընթացքում բարձր սոցիալական դիրք ունեցող մեր ղեկավարներից եւ ոչ մեկը ժողովրդի մասին չի մտածել: Նաեւ սրանից է բխում մեր հասարակության այսօրվա չարությունը:

- Ինչպիսի՞ն պետք է լինի հոգեբանորեն առողջ քաղաքացին:

- Նախ՝ պետք է անձը լինի առողջ, որպեսզի դառնա առողջ քաղաքացի: Եթե մարդն ունի տարբեր բարդույթներ, հոգեկան տրավմաներ, այդ բոլորը դրսեւորվում է նաեւ իբրեւ քաղաքացի նրա դիմագծի մեջ:

- Ինչո՞ւ է հայ ժողովուրդն այսքան տրավմատիկ: Եթե համեմատենք մեր ժողովրդին, օրինակ, ռուս ժողովրդի հետ, ապա ռուսները բավականին կենսուրախ, թեթեւ ապրող ժողովուրդ են, չնայած նրանց կյանքն էլ հեշտ չէ, իսկ հայ ժողովուրդն անվերջ դեպրեսիվ վիճակում է:

- Կա մի պնդում, որը ձեւավորվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, շատ հեղինակավոր հոգեբաններ են այդ հետազոտության հետեւում կանգնած: Որպես ճշմարտություն, ըստ այդ հետազոտության` ցանկացած ժողովրդի ուղեղ նման է իր տեղանքի կառուցվածքին: Պատկերացրեք, մեր ժողովրդի ուղեղը նման է մեր տեղանքին: Մեր մտածելակերպը, ընկալումները, հուզականությունը, սրանք բոլորը խորն ու կնճռոտ են: Քանի որ ռուսներին օրինակ բերեցիք, ասեմ, որ նրանց ուղեղը հարթ է, որովհետեւ ապրում են հարթավայրում, ուստի ընկալումներն ավելի ուղիղ են ու մակերեսային։