«Հրապարակ». Եթե իշխանությունները մի քիչ խելք ունեն, այդ հարցը կբարձրացնեն

«Հրապարակ». Եթե իշխանությունները մի քիչ խելք ունեն, այդ հարցը կբարձրացնեն

Չնայած Արցախի 120 հազար հայերից մեծ մասն արդեն Հայաստանում է, սակայն Ադրբեջանի նախագահը շարունակում է խոսել ինտեգրացիայի մասին։

Նույնիսկ ինչ-որ հանձնաժողովներ է ստեղծել, որոնք պետք է զբաղվեն Արցախի հայերի քաղաքացիության հարցով։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանին հարցրինք՝ Ադրբեջանը կկարողանա՞ «ինտեգրացիան» իրականացնել, օրինակ՝ մարդկանց սեփականության եւ այլ իրավունքներն ապահովել, եթե հետ գնան։

«Ադրբեջանն Արցախը դիտարկում է որպես իր տարածք, ինչպես ՀՀ կառավարությունը, եւ իրենք միշտ ասել են, որ իրենց սահմանադրության շրջանակներում երաշխավորելու են արցախահայության բոլոր այն իրավունքները, որոնք կան ադրբեջանական սահմանադրությունում, բայց դա չէ խնդիրը, իրենք շատ բան են ասում։ Իրականում, եթե այնտեղ ինչ-որ հայ ստանա ադրբեջանական քաղաքացիություն, ապա առնվազն մոտակա ժամանակահատվածում այդ սեփականությանը չեն կպնելու, բայց այլ խնդիրներ են առաջանում՝ արդյո՞ք այդ հայերը մնալու են հայ, թե՞ վաղը-մյուս օրը դառնալու են թուրք, ադրբեջանցի։ Ինչպե՞ս են պատկերացնում՝ իրենց երեխաներին, օրինակ, ուղարկելու են ադրբեջանական բանա՞կ։ Այսինքն՝ մենք հիմա մի կործանարար իրավիճակի մեջ ենք ու բարձրացնում ենք հարց, թե իրենց սեփականության իրավունքը լուծվելո՞ւ է, թե՞ չէ։ Նախ՝ արցախահայության բացարձակ մեծամասնությունն արդեն դուրս է եկել Արցախից, արդեն 100 հազարին է մոտենում նրանց թիվը, որոնք լքել են Արցախը, եւ այդ հոսքը շարունակվում է։ Հիմա այդ ինտեգրացիայի մասին խոսակցությունն ընդամենը իշխանության ու Ալիեւի համաձայնության խնդիրն է, որ, ցավոք սրտի, ընդունվում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի կողմից․ Արեւմուտքը դրան դրդել է, Ռուսաստանն էլ ընդունել է։ Հիմա այս պարագայում ես կարծում եմ, որ ինտեգրացիայի մասին խոսակցություններն ընդամենը գեղեցիկ խոսքեր են, որպեսզի արցախահայությանն ամբողջովին վտարեն Արցախից եւ թուրքավարի լուծեն Արցախի հարցը։ Այդ խնդրի գերագույն մասն իրականացրել են, մնում է վերջին մասը, եւ այդ մասի համար իրենք ունեն գեղեցիկ ծխածածկույթ՝ «վերաինտեգրացում» անունով»,- պատասխանեց Պողոսյանը։

Ինտեգրացիայից խոսող Ալիեւը, սակայն, շարունակում է Լաչինի միջանցքում հայերի ապօրինի ձերբակալությունները։ Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալել են Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին ու ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբորը։
Պողոսյանին հարցրինք՝ չկա՞ն միջազգային երաշխիքներ, որ հնարավոր լինի ապահովել մեր հայրենակիցների ելքն Արցախից։ «Իրավական երաշխիքներ միշտ կան, բայց դրանք գործող երաշխիքներ չեն եւ կարող են տարիներ տեւել, որ լավագույն դեպքում իրավական մեխանիզմների միջոցով Ադրբեջանը ստիպված լինի հետ հանձնել այդ մարդկանց։

Միակ փաստացի երաշխիքը Ռուսաստանի երաշխիքն է, այդ առումով ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ մեր հանրությունը որեւէ քայլ չի ձեռնարկում, որովհետեւ այնտեղ գտնվում են ռուսական խաղաղապահ ուժերը, եւ նրանց հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել այն պայմանավորվածությունը, որ ԼՂ բոլոր բնակիչները՝ ներառյալ զենքը վայր դրած զինծառայողները, իրավունք ունեն Լաչինի միջանցքով անվտանգ անցնելու Հայաստանի Հանրապետություն։ Հիմա այդ պայմանավորվածությունը չի կատարվում, եւ ես կարծում եմ, որ հայ հասարակությունն անպայման պետք է այդ հարցը բարձրացնի, ներառյալ՝ նաեւ ընդդիմադիր ուժերը։ ՀՀ կառավարությունից հույսեր չունեմ, չնայած չեմ բացառում, որ իրենք, եթե մի քիչ խելք ունեն, այդ հարցը բարձրացնեն, որովհետեւ իրենք հակառուսական գծի մեջ են։ Ամեն դեպքում, մենք պետք է հասկանանք, որ եթե զինադադարը տեղի է ունեցել, որի ադյունքում լուծարվել է Արցախի պաշտպանության բանակը, եւ այս վերջին հրամանագրով՝ նաեւ պետական կառույցները, եւ դա արվել է ռուսական միջնորդությամբ, ապա ռուսական կողմն առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում, որպեսզի այդ մարդիկ կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան, դա միակ ռեալ երաշխիքն է, որպեսզի այդ մարդիկ չգերեվարվեն։ Իսկ Ձեր մատնանշած իրավական մեխանիզմները երկարատեւ մեխանիզմներ են ու կարող են իսկապես երկար տարիներ տեւել, եւ որեւէ երաշխիք էլ չկա, որ, ի վերջո, Ադրբեջանն իրենց արդարացնելու է կամ բաց է թողնելու»,- պատասխանեց Պողոսյանը։

Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ ռուս խաղաղապահները 2025-ին պետք է լքեին Արցախը, Արցախի հայաթափման ֆոնին կկարողանա՞ն նրանք մնալ այնտեղ։ Պողոսյանն ասաց․ «Եռակողմ հայտարարությամբ, եթե կողմերից մեկն ասում էր, որ դեմ է, որ խաղաղապահները մնան, Ռուսաստանը 2025 թ․ պետք է իր խաղաղապահ զորքերը հաներ այդ տարածքից, այսինքն՝ միայն մեկը բավարար էր, դրա համար Հայաստանի դիրքորոշումն ընդհանրապես կարեւոր էլ չէ։ Բայց եթե այնտեղ հայեր չեն լինում, ապա ընդհանրապես որեւէ հիմք էլ չի լինում, որ ռուս խաղաղապահները մնան։ Ռուսաստանի նախագահի խոսնակն այսօր ասել է, որ դա բացառապես Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորվելիք հարց է, եւ պարզ է, թե ինչու է ասել։ Եթե Հայաստանի կառավարությունը չգնար այդ դավաճանական քայլին ու չասեր, որ Արցախն Ադրբեջան է, հնարավորություն էր լինելու, որ խաղաղապահների մնալ-չմնալու հարցի հետ կապված նաեւ Հայաստանի կարծիքը հաշվի առնվեր։ Հիմա, երբ Հայաստանը դա ճանաչել է, եւ ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախի 120 հազարից մոտ 100-ն արդեն հայաթափվել է, արդեն ռուսների խնդիրների խնդիրն է՝ որոշելու, թե իրենք ինչ են անելու ընդհանրապես Արցախի տարածքում, իրենց ռազմական ներկայությունն ինչով են լեգիտիմացնելու։ Պարզ է, որ նրանք ցանկանում են իրենց զորքը պահել, բայց որեւէ հիմք չեն ունենում դրա համար։ Ես չեմ բացառում, որ իրենք գնան գործարքի ադրբեջանցիների հետ, փորձեն համոզել, որ մի քանի հազար հայ այնտեղ մնա, բայց սա բավականին տեսական եւ ոչ ռեալիստական տարբերակ է։ Իմ կարծիքով՝ ռուսական խաղաղապահ ուժերը մոտ ժամանակներս այնտեղից դուրս կգան»։