«Հրապարակ». Սամանտա Փաուերը Վարդանյանի առեւանգման օրն Ադրբեջանում էր՝ զրո արձագանք

«Հրապարակ». Սամանտա Փաուերը Վարդանյանի առեւանգման օրն Ադրբեջանում էր՝ զրո արձագանք

Հարցազրույց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ:

- Դուք գերիների հարցերով եք զբաղվում, այս օրերին ադրբեջանցիներն առեւանգում են սահմանն անցնող մարդկանց։ Ի՞նչ պետք է անեն իշխանությունները: 

- Այս պահին, որ առավելագույնս կարող է ՄԻԵԴ-ի կողմից արվել, դա Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքի ապահովումն է, ինչպես մնացյալ դեպքերում: Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ասուլիսի ժամանակ հանգամանալից խոսել է Բաքվի բանտերում պահվող գերիների, հայ ռազմագերիների խայտառակ խոշտանգումների մասին, իսկ Ռուբեն Վարդանյանը պատահական անձ չէ՝ ո՛չ նախկին պաշտոնով, ո՛չ էլ, առավել եւս՝ որպես անհատ: Կա տենդենց, որ Ադրբեջանն առհասարակ չի կատարում ՄԻԵԴ որոշումները: Դրա վառ վկայությունը Լաչինի միջանցքի փակ մնալն էր: Հաագայի դատարանի վճիռը եւս Ադրբեջանը չկատարեց։ Այնպես որ՝ Ադրբեջանն իր վարքագծով ցույց է տալիս, որ խորապես թքած ունի միջազգային դատական ատյանների բոլոր որոշումների վրա: Միջազգային ատյաններն էլ, ինչքանով հասկանում եմ, լուռ հանդուրժում են Ադրբեջանի արհամարհական քաղաքականությունը: ՄԻԵԴ-ի կայացրած միջանկյալ միջոցներով հնարավոր է ենթադրել, որ գոնե առնվազն առաջիկա 4 ամիսների ընթացքում Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնա: Ինչ վերաբերում է վերջինիս Հայաստան վերադարձնելուն, ապա դա բացառապես կախված է ՀՀ իշխանությունների քաղաքական կամքից: Ինչու չէ՝ նաեւ արքայազն Չարլզի կամքից, ով մտերիմ է Ադրբեջանի հետ: Սամանտա Փաուերը Ռուբեն Վարդանյանի առեւանգման օրն Ադրբեջանում է եղել: Զրո արձագանք նրա կողմից՝ այն պարագայում, երբ նույն Սամանտա Փաուերը Ռուբեն Վարդանյանի «Ավրորա» մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ է: Սա այն ամենն է, ինչը կարող ենք իմանալ այսօր միջազգային արձագանքի մասին:

- Նշում եք Ռուբեն Վարդանյանի զբաղեցրած պաշտոնը, այսինքն` Արցախի պետնախարար լինելու հանգամանքն ավելի՞ կսրի իրավիճակը:

- Հարցն այն է, որ եթե Ռուբեն Վարդանյանը չլիներ Արցախի Հանրապետության պետնախարար, այսօր չէր հայտնվի Ադրբեջանի սեւ ցուցակում, ուստի չէր հայտնվի նաեւ գերության մեջ: Պաշտոնը, իհարկե, մեծ ազդեցություն ունի, այնպես, ինչպես, օրինակ, Արցախի նախկին նախագահների զբաղեցրած պաշտոնները: Այնպես որ, եթե Ռուբեն Վարդանյանը չզբաղեցներ պետնախարարի պաշտոնը, գուցե չհայտնվեր գերության մեջ, թեպետ Ադրբեջանը նաեւ ներկայացնում է այլ մեղադրանքներ՝ Ադրբեջանի տարածքում ահաբեկչության ֆինանսավորման: Նույն տրամաբանության մեջ Վարդանյանը կարող է նաեւ մեղադրվել Արցախում ներդրումներ անելու մեջ:

- Իսկ Սամվել Բաբայանն ինչպե՞ս անցավ անցակետը:

- Կարծում եմ` Սամվել Բաբայանի՝ Հայաստանում հայտնվելու հանգամանքը բոլորի համար պարզ է: Նիկոլական եւ ալիեւյան իշխանությունները սինխրոն են գործում: Նիկոլի՝ վախճանի գնացող իշխանության համար Սամվել Բաբայանի՝ Հ1 գնալն անհրաժեշտ էր, որպեսզի հնչեցվեին անհիմն, բամբասանքի մակարդակի հայտարարություններ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների մասին: Աբսուրդ է Սամվել Բաբայանի ամեն մի խոսքը: Ասում է` դուրս է եկել Արցախից, բայց իրեն չեն ստուգել, ոտքով քայլել է, բարեւել է, իրեն չեն ճանաչել, ինչն ուղղակի աբսուրդի ժանրից է:

- Խոսեցիք քաղաքական կամքի մասին: Այս իշխանությունն արդեն 3 տարի չի կարողանում վերադարձնել 44-օրյա պատերազմի գերիներին: Նման իշխանություններից քաղաքական կամքի դրսեւորում սպասելը որքանո՞վ է իրատեսական:

- Քաղաքական կամք, այն էլ՝ Ռուբեն Վարդանյանի մասով, այս իշխանություններից սպասելն իրատեսական չէ: Գերիների վերադարձն էլ հետին պլան է մղվել եւ չկա որեւէ մեկի օրակարգում: Չնայած կանխատեսում եմ, որ նոր խաղաղության պայմանագրում այդ մասին էլ կլինի մի կետ, սակայն խնդիրն այն է, որ հայ ռազմագերիների վրա արդեն իսկ քրեական գործեր են Ադրբեջանում հարուցվել: