Ռուլետկա

Ռուլետկա

Այնպիսի տպավորություն է, թե այս իշխանությունը որոշել է ռիսկի գնալ եւ բախտը փորձել։ Դա, իհարկե, երիտասարդներին բնորոշ բան է՝ ռիսկի գնալը։ Ասենք, ռուլետկայի վրա դնել տուն-տեղ, կարողություն, բանկից պարտք վերցրած գումար եւ հույս ունենալ, որ միանգամից միլիոն կշահես ու երջանիկ կհեռանաս կազինոյից։ Բայց նման խաղերի դեպքում հաջողության կամ անհաջողության հարաբերակցությունը 50։50 է՝ կա՛մ ամեն ինչ կշահես, կա՛մ ամեն ինչ կկորցնես։ Եվ դա է պատճառը, որ խելամիտ մարդիկ, որպես կանոն, կազինո չեն գնում, առավել եւս՝ ողջ ունեցվածքը չեն դնում ռուլետկայի վրա։

Մեր իշխանությունը որոշել է կազինո գնալ եւ «կռուպնի» խաղ վարել։ Եթե նրանք մի քիչ ավելի խելացի լինեին, մի քիչ ավելի փորձառու, մի քանի քայլ առաջ հաշվել իմանային, աշխարհաքաղաքական իրողություններից գլուխ հանեին, դիվանագետ լինեին եւ վերլուծական միտք ունենային, կարող էինք հույս ունենալ, որ շահելու հավանականություն կա։ Սակայն հնգամյա կառավարման դասերից ելնելով, մենք ոչ մի վստահություն չունենք, որ նրանք այս խաղից շահած են դուրս գալու։ Եվ ո՜ւր էր, թե տանուլ տվածն իրենց սեփական ստեղծածն ու ձեռքբերածը միայն լիներ, այլ ոչ թե մեր ազգի տասնամյակների եւ անգամ հարյուրամյակների վաստակն ու պատմությունը։

Հիմա կարող է ստացվել, որ մեկ կամ մի քանի բախտախնդիրներ, որոնց կորուստն ինքնին մի մեծ բան չի կարող նշանակել մարդկության եւ հայ ազգի համար, տանուլ են տալու մի ամբողջ ազգի ճակատագիր, փակելու են պատմության էջեր, որոնք մեր սերունդներն էլ չեն կարողանալու բացել։ Հազարավոր մարդկանց գլուխն ուտելուց հետո, նաեւ հոգեբանորեն ու ֆիզիկապես ոչնչացնելու են մի ազգի, որը հազարամյակների միջով անցել է, հասել 21-րդ դար եւ հայտնվել քարտեզից վերանալու վտանգի առաջ։