Ցերեմոնիաներ պետք չեն, ուղղակի խփեք

Ցերեմոնիաներ պետք չեն, ուղղակի խփեք

Ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ որեւէ երկիր հայտնվում է անիշխանության պայմաններում: Այդ երկիրը՝ պետությունը, անմիջապես վերածվում է անտեր տարածքի, որը կարելի է ընդհուպ սեփականաշնորհել՝ զորք մտցնել, սարսափեցնել տվյալ տարածքի քաղաքացիական բնակչությանը, մանր-մունր խուլիգանությամբ զբաղվել: Իսկ հետո, երբ այդ երկրի գեներալները տարածք մտած օտար զորքից պահանջեն լքել տարածքը, սրանք ձեռ առնեն այդ գեներալներին ու արհամարհեն: Երեկ հայկական կայքերից մեկը, անունը հատուկ չեմ նշում, որ չգովազդեմ, գրել էր. «Սյունիքում կատարված իրադարձությունները բացահայտել են այն իրավիճակի փխրությունը, որում հայտնվել են ոչ միայն եւ ոչ այնքան հայերը, որքան Մոսկվան ու Բաքուն»:

Չեմ ուզում գնահատական տալ այս տողերի հեղինակին, բայց ասեմ՝ եթե հաշվի առնենք, որ Հայաստանն այս պահին զուտ անտեր տարածք է, ապա տողերի հեղինակը ճիշտ է՝ ի՞նչ կապ ունեն հայերն այստեղ, եթե Բաքուն մտել է մի տարածք, որ պահպանվում է այնքանով, որքանով դա պետք է Մոսկվային: Նույն բանը, ի դեպ, տեղի ունեցավ նաեւ Արցախում, երբ Հայաստանում իշխանության եկած «կտրիճ Դավոն» Արցախից վերցրեց իշխանությունը, իսկ ավելի ճիշտ՝ ԱՀ իշխանություններին դարձրեց իր շնիկը: Հիշեք՝ ինչով ավարտվեց վերջին Արցախյան պատերազմը, եւ ովքեր են այսօր տնօրինում տարածքի վերածված Արցախի Հանրապետության ճակատագիրը: Մի՞թե իրավացի չի լինի վերոբերյալ տողերի հեղինակը, եթե ասի, որ Արցախի խնդիրն այսօր ոչ միայն եւ ոչ այնքան հայերի, որքան Բաքվի եւ Մոսկվայի որոշման տիրույթում է:

Լավ է, իհարկե, որ գնում ենք ընտրությունների, եւ Փաշինյանի իշխանությունից ազատվելու կամ այս անիշխանություն իրավիճակից դուրս գալու շանս կա, կարծես: Հրաժարական տված վարչապետ, լուծարված խորհրդարան, ճամպրուկային տրամադրությամբ կառավարություն, մազապուրծ զինված ուժեր, շնիկով զբոսնող արտգործնախարար, արձակուրդում գտնվող նախագահ, սեփական ժողովրդի վրա մատ թափ տվող Ոստիկանություն եւ Ազգային անվտանգության, այսպես կոչված, ծառայություն։ Սա չի՞ մեր ունեցածը եւ այն ամենը, որ կարող ենք դեմ տալ մեր երկիր ներխուժած թուրքին: Եվ այսքանից հետո դեռ մտածում ենք, որ մի երկու գեներալ կբանակցեն ու հա՞րց կլուծեն: Ի՞նչ ՀԱՊԿ-ի մասին եք խոսում, ի՞նչ միջամտության… ՀԱՊԿ՝ նշանակում է Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպություն: Ընդգծեմ՝ պետությունների: Իսկ ո՞ւր է այստեղ պետություն, որ ՀԱՊԿ-ն մի հատ էլ կռիվների մեջ մտնի այդ պետության համար: Ո՛չ վարչապետ ունենք, ո՛չ խորհրդարան, ո՛չ կառավարություն, ոչ՛ նախագահ եւ ո՛չ էլ նույնիսկ արտգործնախարար: Մի իրավիճակ է, որ ստիպված ես ասել՝ ում մախաթն ում հետույքը…

Միայն թե նորից պատերազմ չսկսվի: Մենք անգամ գերագույն գլխավոր հրամանատար չենք ունենա: Հրաժարված վարչապետին ո՞վ թույլ կտա մտնել բունկեր կամ բարձունքներ գրավելու անկապ հրամաններ տալ: Թուրքին կանգնեցնելու այլ ձեւ չկա արդեն. Գլխավոր շտաբը պետք է հայտարարի Հայաստանում իշխանությունը վերցնելու մասին: Հենց այդ պահից խոտհարքի վերածված Հայաստանի Հանրապետությունը կրկին կդառնա պետություն եւ կկարողանա պահանջներ ներկայացնել պետական պարտավորություններով ու համաձայնագրերով իր հետ կապված գործընկեր երկրներին:

Իսկ վերջում ամենակարեւորի մասին՝ ինչպե՞ս թուրքին հանել Սյունիքից: Չեմ կարծում, որ այս ուղղությամբ քայլերի բազմազանություն գոյություն ունի: Եթե ճիշտ եմ տեղեկացված՝ թուրքերին արդեն նախազգուշացրել են, որ իրենք ուրիշ երկրի տարածք են ներխուժել: Նրանց հստակ ժամկետ պետք է տալ տարածքը լքելու համար, իսկ եթե չգնան՝ բոլոր միջազգային չափանիշներով ուղղակի խփել դիվերսանտների այդ խմբերին: